Վերջին օրերին մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին անցկացվող քաղաքացիական ակցիաների շրջանակում, ցավոք, սկսել են հաճախանալ օրինականության խախտման, համակեցության կանոնները չպահպանելու, համաքաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելու դեպքերը: Ավելին, ակցիաների որոշ մասնակիցներ քաշքշուկներ են հրահրում հասարակական կարգն ու հենց իրենց անվտանգությունը ապահովող ոստիկանների հետ, շշեր են նետում նրանց վրա, վնասում ոստիկանական մեքենաները, պոկում ոստիկանության ծառայողի կրծքանշանները և այլն: Արձանագրվում են դեպքեր, երբ երթի մասնակից սակավաթիվ քաղաքացիները միտումնավոր փակում են ողջ փողոցը և հրաժարվում կատարել բանուկ ճանապարհահատվածը բացելու հորդորները, ավելին՝ դիմադրություն են ցույց տալիս մյուս քաղաքացիների տեղաշարժի իրավունքը վերականգնող ոստիկաններին:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ գործողություններն ու նմանատիպ արարքները իրավախախտումներ են և ենթակա համապատասխան իրավական գնահատականի ու հետևանքների: Հասարակական ակցիաների մասնակիցներին հորդորում ենք գործել բացառապես օրենքի շրջանակներում, հարգել համաքաղաքացիների նույնպիսի սահմանադրական իրավունքները, անվերապահորեն կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները: Կրկնում ենք՝ հասարակության բոլոր անդամներն ունեն նույն սահմանադրական իրավունքները, որոնցից հիմա օգտվում եք դուք, և ոստիկանությունը կոչված է ապահովելու ինչպես ձեր, այնպես էլ նրանց իրավունքները, պահպանելու հասարակական կարգը բոլորի համար և պաշտպանելու յուրաքանչյուրին՝ ցանկացած ոտնձգությունից: Կոչ ենք անում օրինապահության, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և ակնկալում քաղաքացիների աջակցությունը ոստիկանությանը՝ հատկապես այս օրերին հասարակական կարգն ապահովելու գործում: