Ընդդիմադիրների պայքարի ակտիվանալու հետ մեկտեղ ՔՊ-ական պատգամավորներն իրենց ելույթներում սկսեցին հրահանգներ տալ ուժային կառույցների ղեկավարներին: Խոսենք փաստերով.
Մայիսի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ոստիկանությանը կոչ արեց անհանդուրժող լինել բռնության, բռնության կոչերի, սադրանքների և հայհոյախոսության նկատմամբ: Այսինքն, նա հրահանգ տվեց ուղիղ Ոստիկանապետ Վահե Ղազարյանին:
Իր գործընկերներից որոշեց հետ չմնալ նաեւ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ընդ որում, նա դա արեց երկու տարբեր օրերի ժամանակ: Առաջին անգամ Վահագն Ալեքսանյանն ուղիղ ցուցումներ էր տալիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, թե լավ չեն իրականացնում ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը, ինչի հետևանքով էլ նախկիններն այսօր այդ «գույքով» փողոցներ են փակում։ Ալեքսանյանի «կռիվը» բեռնատարների դեմ էր։ «Սիրելի քաղաքացիներ, այն գույքով, որը դուք մեզնից պահանջում եք սեփականացնել, այդ գույքով ձեր ճանապարհն են փակում: Դանդաղում ենք, պարոն գլխավոր դատախազ, ապօրինի գույքի բռնագանձման հարցում: Այդ 500 հազար դրամ ստացած փոխնախարարն անցնո՞ւմ է ապօրինի գույքի բռնագանձման օրենքով», – ասաց նա՝ ըստ էության, դատախազին ուղղորդելով նախկին պաշտոնյայի կողմը։
Արդեն այսօր նա որոշեց ցուցում տալ ոստիկանությանը: «Ուզում եմ դիմել ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության պայքարի դեմ վարչությանը: Կոչ եմ անում վարչության աշխատակիցներին հնարավորինս շուտ մտնել ու ստուգել նման նյութեր գրած մարդկանց ապաստարանները, որպեսզի հնարավորինս շուտ կանխվի թմրամիջոցներից հերթական գերդոզավորման դեպքերը, որոնք գուցե ունենան մահվան ելքեր: Անկախ ամեն ինչից մենք պետք է մտածենք մեր քաղաքացիների կյանքի ու առողջության մասին»,- իր խոսքը եզրափակեց պատագամավորը:
Իր գործընկերներից որոշեց հետ չմնալ նաեւ Անդրանիկ Քոչարյանը եւ դիմեց ՊՆ եւ ԱԱԾ ղեկավարությանը: Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր` ՀՀ ոստիկանությունը պարբերաբար փողոցից բերման է ենթարկում հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, որոնց մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է։
«Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որն էլ իր հերթին կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով։ Հավելեմ, որ շուտով ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա այս թեմայով աշխատանքային քննարկում», -գրել էր նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան