Չենք լռելու երիտասարդական նախաձեռնության անդամները, իրենք նախօրեին այցելել են Լոռվա մարզի Ախթալայի վանք, որի վանահայր Տ. Վիգեն քահանա Ղազարյանը տեղեկացրել է վերջերս սրբատեղի այցելած մի խումբ անհայտ մնալ ցանկացող բարերարների կողմից վանքն ու այն շրջապատող պարիսպը վերանորոգելու մտադրության մասին: Ախթալան քաղկեդոնական շրջանի այն 10 հայկական սրբավայրերից մեկն է, որոնք յուրացնելու և սեփական պատմությանը վերագրելու փորձեր են անում վրացիները:Չենք լռելու-ն բազմիցս անդրադարձել է այդ խնդրին` նշելով, որ վրաց պաշտոնյաները, եկեղեցապետերն ու մամուլը պարբերաբար անդրադառնում են այդ հարցին` վանքերի բարձիթողի վիճակը դարձնելով հիմնական խաղաքարտ: Հստակ գիտակցելով դա` ո՛չ Հայ առաքելական եկեղեցին, ո՛չ ՀՀ մշակույթի նախարարությունը սրբատեղիների փրկությանն ուղղված գործուն քայլեր չեն ձեռնարկում` ապացուցելու, որ հայ ժողովուրդը տեր է քաղկեդոնական շրջանի իր պատմությանը:”Եվ ահա հույս է հայտնվել, որ մեր ժողովրդի պատմության քաղկեդոնական շրջանի այդ հրաշքներից մեկը` Ախթալայի վանքը, կփրկվի բարերարների ուժերով”,- նշում են նախաձեռնության անդամները:Տ. Վիգեն քահանա Ղազարյանը Չենք լռելու-ի երիտասարդների հետ զրույցում ասել է, որ բարերարները պատրաստակամություն են հայտնել նաև ֆինանսավորելու այլ սրբատեղիների վերանորոգման աշխատանքները:Վանահոր խոսքով` Ախթալայի վանքի վերականգնման ճարտարապետական հարցերի լուծման խնդրանքով երկու շաբաթ առաջ իրենք դիմել են մշակույթի նախարարությանը և այժմ սպասում են պատասխանին: Քահանան հայտնել է, որ անցյալ տարի Երևանից Ախթալա այցելած մասնագետները հավաստիացրել են, որ Սբ. Աստվածածնի գմբեթը հնարավոր է վերականգնել:Չենք լռելու-ն կոչ է անում մշակույթի նախարարությանը հնարավորինս զերծ մնալ իրեն բնորոշ բյուրոկրատական քաշքշուկներից և սրտացավ մոտենալ Ախթալայի փրկության հարցին`ընդգծելով, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել նման դեպքերում նախատեսված ճարտարապետական կանոնները: Չենք լռելու-ն հավաստիացնում է, որ կհետևի Ախթալայի վերականգնման ընթացքին և ակտիվորեն կլուսաբանի այն:
Անհայտ բարերարները պատրաստ են ֆինանսավորել Ախթալայի վանքի վերականգնումը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ