ՄԻՊ աշխատակազմը ներկայացրել է մայիսի 6-ի արագ արձագանքման այցերի և մշտադիտարկումների արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ամփոփ ներկայացրել է մայիսի 6-ին իրականացված արագ արձագանքման այցերի և մշտադիտարկումների արդյունքները։

Ամփոփման մեջ նշված է. «Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր այցելել են թվով 4 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 45 անձանց։

Այցերի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես.

Արձանագրվել են բերման ենթարկված անձանց նվազագույն իրավունքներից առնվազն մեկ զանգ կատարելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու դեպքեր։

Այսպես, ոստիկանության բաժիններում արձանագրվել են ինչպես առնվազն մեկ զանգի հնարավորություն ունենալու մասին չտեղեկացնելու, այնպես էլ փաստաբանի ներկայության պատճառաբանությամբ այդ իրավունքից օգտվելը սահմանափակելու դեպքեր։

Ավելին, համատարած բնույթ է կրել ոստիկանության բաժիններում վարչական ձերբակալման ենթարկված անձանց հեռախոսները նրանց կամքին հակառակ անջատելու կամ անջատել պարտադրելու պրակտիկան, որի պայմաններում անձի մոտ տպավորություն է ստեղծվում զանգ կատարելու իրավունքի բացակայության մասին։

Նման վարքագիծը հատկապես դատապարտելի է անչափահասների մասնակցությամբ վարույթի դեպքում։ Արձանագրված բոլոր դեպքերում Պաշտպանի արագ արձագանքման խմբերի միջնորդությամբ զանգ կատարելու իրավունքը քաղաքացիների ցանկության դեպքում իրացվել է։

Վերոշարադրյալի հաշվառմամբ Պաշտպանը արձանագրում է, որ ոստիկանության ծառայողները պարտավոր են ապահովել անձի՝ առնվազն մեկ զանգ կատարելու հնարավորությունը, այդ իրավունքի իրացման սահմանափակումը վարչական ձերբակալման ժամանակ ոչ մի դեպքում արդարացված չի կարող համարվել։

Արձանագրված հաջորդ խնդիրը վերաբերում է վարչական ձերբակալման ենթարկված օտարերկացիներին՝ նվազագույն իրավունքների մասին վերջիններիս հասկանալի լեզվով չտեղեկացնելու խնդրին։
Մասնավորապես՝ Ոստիկանության Էրեբունու բաժնում 2 անձ պնդել են, որ իրենք հայերեն կարդալ չգիտեն, մինչդեռ՝ իրենց իրավունքների վերաբերյալ ձևաթուղթը տրամադրվել է հայերեն, այն պայմաններում, երբ նրանք չեն տիրապետում լեզվին։ Պաշտպանն արձանագրում է, որ անձի իրավունքների մասին վերջինիս տեղեկացնելը չպետք է կրի ձևական բնույթ, այն պետք է իրականում երաշխավորի այդ իրավունքների իրացման իրական հնարավորությունը և բերման ենթարկված անձը պետք է հնարավորություն ունենա իրեն հասկանալի լեզվով այդ իրավունքների մասին տեղեկացվելու։

Պաշտպանի արագ արձագանքման խմբերը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում արձանագրել են դեպք, երբ բաժին բերված քաղաքացին եղել է առանց կոշիկների, ընդ որում, վերջինիս ևս հնարավորություն չեն տվել զանգ կատարելու և Պաշտպանի ներկայացուցիչների միջնորդությամբ անձը զանգ է կատարել։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնում արձանագրվել է Հաղթանակի կամրջի մոտից բերման ենթարկված 16 տարեկան անձի մոտ մարմնական վնասվածքների դեպքեր, որոնք ըստ վերջինիս պնդման, առաջացել են Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման արդյունքում։

Ըստ այդ անձի, բերման ենթարկելիս ոստիկանների գործողությունների արդյունքում ջարդվել է նաև իր ակնոցը։

Նույն վայրից բերման ենթարկված այլ անձանց մոտ ևս արձանագրվել են տարբեր տեսակ մարմնական վնասվածքների, հագուստի վնասվելու դեպքեր։

Նշվածի վերաբերյալ Պաշտպանը տեղեկացնում է, որ համապատասխան գրություններով կդիմի իրավասու մարմիններին՝ դեպքի կապակցությամբ մանրամասն քննություն իրականացնելու պահանջով։

Պաշտպանի աշխատակազմի կողմից ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է նաև ոստիկանության ծառայողի կողմից տարեց կնոջը հարվածելու և հրելու դեպք, ինչը հատկապես անընդունելի է անձի՝ տարիքով պայմանավորված դիմադրելու սահմանափակ հնարավորության պայմաններում։ Պաշտպանը կրկին հատուկ զգուշացնում է, որ ոստիկանության ծառայողների կողմից նման գործելաոճն անընդունելի և դատապարտելի է, և յուրաքանչյուր նման դեպք պետք է դառնա մանրամասն քննության առարկա։

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է նաև իրականացվող երթերին և այլ հավաքների մասնակիցների և մասնակից չհանդիսացող քաղաքացիների կողմից միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ անելու և արժանապատվության նվաստացմանն ուղղված գործողությունների տարբեր դրսևորումներ։

Արձանագրվել են դեպքեր, երբ երթերին չմասնակցող անձանց ու երթի մասնակիցների միջև վիճաբանությունների պատճառը եղել է հավաքի մասնակիցների կողմից փակված ճանապարհը չբացելը նաև այն անձանց համար, ովքեր շտապում են հիվանդանոց։

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին հորդորում է բոլոր անձանց զերծ մնալ քաղաքական կողմնորոշմամբ, կարծիքով, հավաքներին մասնակցելու կամ չմասնակցելու փաստով պայմանավորված անհանդուրժողական վարքագիծ դրսևորելուց, միմյանց նկատմամբ վիրավորական արտահայտություններ թույլ տալուց և ընդհանրապես ցանկացած եղանակով ատելության ու անհանդուրժողական վարքագծից»։




Լրահոս