
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական վարչության մի խումբ ներկայացուցիչների:
Իր խոսքում երկրի ղեկավարն անդրադարձել է կրթության ոլորտի խնդիրներին, մասնավորապես՝ հանրակրթության և բուհական ոլորտներում կրթական արդի չափորոշիչների ներդրման անհրաժեշտությանը: Նա հավելել է, որ դեռևս մինչև 2020թ.-ի պատերազմը պլանավորվող ծրագրերը առաջիկայում նորից ընթացք են ստանալու: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պետության զարգացման հիմքում առաջին հերթին զարգացած ու կրթված մարդն է, և, չնայած ավերիչ պատերազմի հարուցած դժվարություններին ու դրանից բխող հիասթափություններին, պետք է չհանձնվել ու ձգտել բարձր որակի կրթություն տալ եկող սերունդներին, որոնք էլ ապահովելու են ապագայի հաջողություններն ու հաղթանակները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հանրապետության առջև ծառացած այլ մարտահրավերներ և դրանց հաղթահարմանն ուղղված իշխանությունների անելիքները: Նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, բարձրացված խնդիրների շուրջ լսել նրանց առաջարկները: