Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը պարզաբանում է ներկայացրել Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է դեսպանության էջը: Գրառման մեջ ասված է.
«Քյոլնի Հոհենցոլերնբրյուկե կամրջի ձախակողմյան հատվածում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ս.թ. մայիսի 6-ից սկսած ստացված բազմաթիվ քաղաքացիների հարցումներին ի պատասխան՝ հարկ է համարում հայտնել հետևյալը.
հուշարձանը տեղադրվել է 2018թ.-ի ապրիլի 15-ին «Հիշել ցեղասպանությունը» նախաձեռնության (Initiative Völkermord erinnern) և մի շարք անհատ քաղաքացիների կողմից։ Տեղադրման թույլտվության բացակայության հիմնավորմամբ հուշարձանը հեռացվել է տեղադրումից չորս օր անց (2018թ.-ի ապրիլի 19-ին), ինչը իրավական վեճի առիթ է դարձել։
Յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ի շուրջ ընկած ժամանակահատվածում հուշարձանը տեղադրվում է, ապա ապամոնտաժվում թույլտվության բացակայության հիմնավորմամբ, ինչը հասկանալիորեն դառնում է մեր բազմաթիվ հայրենակիցների վրդովմունքի և տեղական իշխանությունների հետ իրավական վեճի առարկա։
ՀՀ դեսպանությունն ուղիղ կապի մեջ է նախաձեռնության հեղինակների և այլ շահագրգիռ կողմերի հետ և առաջիկայում կգործադրի ջանքեր իրավիճակի երկուստեք ընդունելի տարբերակով հանգուցալուծմանը նպաստելու նպատակով»։