Մայիսի 9-ի նախօրեին Մոսկվայից Երևան է բերվել «Հիշողության անմար կրակը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 7-ին, Մեծ հայրենականում տարած հաղթանակի տոնի նախօրեին Ռոսսատրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Հայաստանում իրականացրել է «Հիշողության կրակ» ակցիան։ Այս մասին հայտնում է Ռոսսատրուդնիչեստվոյի հայաստանյան ներկայացուցչությունը։

«Հիշողության կրակ»-ի լամպերից մեկը հանձնվել է ծովակալ Իսակովի անվան թիվ 132 դպրոցի թանգարանին։ Ռոսսատրուդնիչեստվոյի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշել է․

«Հերոս քաղաք Մոսկվայից «Հիշողության էստաֆետն» այսօր փոխանցվում է մեկ այլ հերոս քաղաքի՝ Երևանին, որտեղ ձևավորվել է հերոսական 89-րդ Թամանյան դիվիզիան, որն անցել է ողջ Հայրենական Մեծ պատերազմով»։

«Հիշողության կրակ»-ի երկրորդ լամպը հանձնվել է ՀՀ վետերանների միությանը։ ՀՀ վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը հիշեցրել է, որ փոքրիկ Հայաստանից Մեծ հայրենականին մասնակցել է 300 հազար մարդ և ևս 100 հազար հայ աշխարհի տարբեր երկրներից։

Հանդիսավոր արարողությամբ երրորդ լամպը հանձնվել է «Մայր Հայաստան» զինվորական պատմության թանգարանին։ Լամպը թանգարանին է հանձնել 98-ամյա վետերան Ներսես Սիմոնյանը։

ՀՀ-ում ՌԴ դեսապանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովը շեշտադրել է հաղթանակի և այդ հաղթանակը կերտողների հիշատակը վառ պահելու օրվա կարևորությունը՝ աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունների լույսի ներքո։ Նշենք, որ «Հիշողության կրակ» ակցիային մասնակցում է 12 երկիր։




Լրահոս