Թուրքիայի Դիարբեքիր նահանգում յոթ տարվա ընդմիջումից հետո վերաբացվել է Մերձավոր Արևելքի հայ համայնքի ամենամեծ եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը։ Այս մասին հաղորդում է Bianet պարբերականը։ Առաջին պատարագը մատուցվել է կիրակի՝ մայիսի 8-ին, Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի մասնակցությամբ։
2015 թվականին եկեղեցին ստացել էր Եվրոպական Միության Մշակութային ժառանգության մրցանակը՝ Europa Nostra մրցանակը։ Լրատվամիջոցը հաղորդում է, որ 2015-2016 թվականներին Դիարբեքիրի Սուր թաղամասում տեղի ունեցած բախումների ժամանակ Սուրբ Կիրակոս եկեղեցին վնասվել էր և փակվել։
Ավելի քան 800 տարվա պատմություն ունեցող եկեղեցին կառուցվել է 1376 թվականին։ Նախկինում այն բազմիցս ավերվել և վերականգնվել է, իսկ եկեղեցու որոշ հատվածներ նույնիսկ ամբողջությամբ վերակառուցվել են 1880-ականներին։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Սուրբ Կիրակոս եկեղեցին ծառայել է որպես գերմանական կենտրոնակայան, այնուհետև օգտագործվել է որպես Sümer Bank-ի պահեստային շենք: Եկեղեցին կրկին օգտագործվել է պաշտամունքի համար 1960-1980 թվականներին։
Սուրբ Կիրակոս եկեղեցին բազմաթիվ հրդեհների էր ենթարկվել և երկար տարիներ ավերակ էր։ Դիարբեքիրի քաղաքապետարանի և հայ համայնքի աջակցությամբ եկեղեցին 30 տարի անց վերականգնվել էր և 2012 թվականին վերաբացվել պաշտամունքի համար։