ՀԵՐՈՍ ԲԱՆԱԿԸ ԳԼԽԱՏԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք տեսանք, թե ինչպես Գորիս-Կապան ճանապարհը հանձնվեց թուրքերին։ Եթե դելիմիտացիա, դեմարկացիա չի եղել, այդ ինչո՞ւ ճանապարհը տվեցին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ հարցը բարձրաձայնեց ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը։

 

«Մենք պետք է ինքներս գիտակցենք, պատմությունից դասեր քաղենք եւ հասկանանք, որ մեր հարեւանները նպատակ ունեն կոտորել մեզ եւ առանց հայի Հայաստան ունենալ»,- նշեց նա։

Հավելենք, որ իշխանափոխության պահանջով բողոքի ակցիաները սկսվեցին առավոտյան 8-ն անց 30-ից միանգամից մի քանի փողոցներում։

Ցուցարարներին, սակայն, միայն մի քանի րոպե էր հաջողվում արգելափակել երթեւեկությունը. ոստիկանությունը, որ որոշ փողոցներում հավելյալ ուժեր էր տեղակայել վաղ առավոտից, արագորեն բերման էր ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Մինչեւ կեսօր, ըստ պաշտոնական հաղորդագրության, արդեն մոտ 200 բերման ենթարկված կար։

-Պարո՛ն Սահակյան, ընդդիմադիր գործիչները հայտարարում են, որ մեկնարկել են վճռական պայքար, որպեսզի Հայաստանում քաղաքական կուրս փոխվի: Որո՞նք է Ձեր հավաստիացումները Հայաստանի քաղաքացիներին, որ փոխվելու է քաղաքական կուրսը:

-Նախ այստեղ մենք ունենք ոչ ստանդարտ իրավիճակ, եւ որեւէ մեկին հավաստիացնելու կամ համոզելու որեւէ խնդիր դրված չէ: Մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի պետական սահմանները անվտանգ չեն, եւ անգամ ունենք Հայաստանի հյուսիսը հարավին կապելու խնդիր: Մենք տեսանք, թե ինչպես Գորիս-Կապան ավտոճանապարհը հանձնվեց թուրքերին: Եթե մինչեւ հիմա դեմարկացիա, դելիմիտացիա չի եղել, այդ ի՞նչ փաստաթղթերի հիման վրա են, օրինակ, այդ ճանապարհը տվել ադրբեջանցիներին, երբ կարելի էր ճանապարհի մի հատվածը տալ, իսկ մյուս մասը գործեր: Կամ խոսում ենք ապաշրջափակման մասին, կոմունիկացիաների վերաբացման մասին, բայց նույն ճանապարհը թուրքը փակում է: Խոսում ենք խաղաղության մասին, բայց իր երիտասարդների հետ հանդիպումների ժամանակ Ալիեւն ասում է՝ եթե մի հատ էլ ցնցում լինի, առանց կրակելու մենք կգնանք եւ Էրիվանը, Սեւանը, Զանգեզուրը կվերցնենք, եւ դրանք թուրքական են: Սա՞ է խաղաղության օրակարգը. մենք սա պետք է բացատրենք հայ մարդուն: Այլ հավաստիացումների եւ բացատրությունների որեւէ խնդիր չկա: Մենք ինքներս պետք է գիտակցենք ու պատմությունից դասեր քաղենք, սերտենք եւ հասկանանք, որ մեր հարեւանները մեր ճակատագիրն են, մեր բախտն են ամբողջ պատմության ընթացքում. կյանքում մի նպատակ ունեն՝ կոտորել մեզ եւ առանց թուրքի Հայաստան ունենալ եւ իրականացնել իրանց պանթուրքիստական ծրագիրը: Սյունիքն իրենց բկին է կանգնել, եւ ցանկանում են վերացնել:

-Իշխանություններն ասում են, թե սա իշխանության համար կռիվ է:

-Մենք դուրս ենք եկել Հայաստանի սահմանները պահելու համար, մենք դուրս չենք եկել խոսելու ժողովրդավարական արժեքներից, իրավունքներից, լավ ու վատ ապրելու մասին խոսելու համար: Ընդամենը երեք ամիս առաջ Մեղրիից, Կապանից Գորիս գալու համար պետք է անմարդկային ճանապարհներով գային. մենք սրա մասին ենք խոսում: Հասկանում եք՝ 21-րդ դարում տարածքներ, ճանապարհներ են զիջվում: Փառուխի դեպքերը  ձեզ օրինակ, երբ ասում են՝ պայմանավորվել ենք հայելային հետ գնալ, բայց մենք հետ ենք գնում, իսկ իրենք առաջ են գալիս: Եթե դուք այդքան ուժ չունեք, որ պայմանավորվեք, ուրեմն պետք է գնաք: Այստեղ թշնամիներ չկան, եւ իրենք պետք է հասկանան՝ բաներ կան, որ իրենց մոտ չի ստացվում: Չկարողացաք կառավարել երկիրը, չկարողացաք պատերազմական այս իրավիճակում պատերազմը հաղթել, մեր հերոս բանակը տարաք գլխատեցիք, գոնե հեռացեք, տեսնենք՝ ինչ ենք անում: Սրա մասին է ամբողջ պատմությունը:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱԽԱԶԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ոստիկանական գործողությունների մասով դիմել է  գլխավոր դատախազին եւ միջազգային կառույցներին. «Առավոտից ստանում եմ ահազանգեր մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրենց բողոքի ձայնը բարձրացնող մեր հայրենակիցների նկատմամբ ոստիկանական անհամաչափ ուժի գործադրման դեպքերի վերաբերյալ։ Հետեւելով նաեւ լրատվամիջոցների կողմից տարածվող տեսանյութերին՝ արձանագրել եմ, որ ոստիկաննները բառացիորեն ծեծում են ՀՀ քաղաքացիներին, որոնք իրացնում են խաղաղ հավաքների իրենց սահմանադրական իրավունքը։

 

Ոստիկանների գործողությունների հետեւանքով բազմաթիվ տուժած քաղաքացիներ ունենք։

Շտապօգնության ծառայության ղեկավարի հետ հանձնաժողովի փորձագետի զրույցի ժամանակ ծառայության պետը տեղեկացրել է, որ քաղաքացիներից մեկը ոտքի վնասվածք է ստացել, անհրաժեշտ հետազոտություններ է անցնում, մյուսի մոտ առկա է սալջարդ։ Ոստիկանական գործողությունների՝ հրմշտոցի ժամանակ լրագրող Լիա Սարգսյանն է վատացել, գիտակցությունը կորցրել..

Ոստիկանությունում հեռախոսազանգերին առավելապես չեն արձագանքում։ Արձագանքի դեպքում էլ բացարձակապես հրաժարվում են բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն տրամադրել։ Առավոտից սկսված ոստիկանական, ինչպես նաեւ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի գործողություններում ակնհայտորեն կա նախատրամադրվածություն լրագրողների եւ օպերատորների նկատմամբ: Կան տուժած լրագրողներ, ինչն անթուլատրելի է: Ուշադրությամբ հետեւում եմ իրադարձությունների զարգացմանը եւ եւս մեկ անգամ հիշեցնում, որ ոստիկանության հիմնարար նպատակը պիտի լինի մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու արժանապատվության, անհատի հիմնարար իրավունքների եւ ազատությունների նկատմամբ հարգանքը։

Հ.Գ.  ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է իր քայլն անի՝ համապատասխան գործերի հարուցմամբ արձագանքելով ոստիկանական ակնհայտորեն ապօրինի գործողություններին, ինչպես նաեւ ՊՊԾ պետի եւ աշխատակցի գործողություններին տալով քրեաիրավական գնահատական։

Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների՝ ոստիկանական բռնի գործողությունների, մարդու իրավունքների կոպիտ խախտումների կապակցությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, համապատասխան գրություններ եմ ուղարկել միջազգային կառույցներին»։

 

 

 

 

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԴԱԺԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

«Ես կարծում եմ, որ հրահանգավորված ոստիկանները գործում են վճռականորեն, դիմում դաժան գործողությունների այն քաղաքացիների նկատմամբ, որոնք չեն ենթարկվում անմիջապես իրենց հրահանգներին»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով այսօր լրագրողի եւ օպերատորի նկատմամբ ՊՊԾ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանի կողմից բռնություն կիրառելու դեպքին: «Ոստիկանների այդ տրամադրվածությունն ակնհայտորեն երեւում է լրագրողների եւ ցուցարարների  նկատմամբ: Կարծում եմ՝ ընդհանուր այս իրավիճակի վերաբերյալ գնահատականներ պետք է հնչեն թե՛ ոստիկանության եւ թե՛ իշխանության կողմից: Ինչպես նաեւ  պետք է  միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրենք եւ տեղեկացնենք այս մասին»,- նշեց Բորիս Նավասարդյանը:  Նշենք, որ Բաղրամյան պողոտայի եւ Պռոշյան փողոցի խաչմերուկում Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածել է օպերատորին, որը նկարում էր իրեն:

 

 

 

 

Ի՞ՆՉ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է դադարեցնել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի եւ Պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմիններում նախաքննություն իրականացնող ստորաբաժանումների գործունեությունը՝ վերջիններիս վերապահված գործառույթները փոխանցելով Քննչական կոմիտեին: Այսինքն՝ Քննչական կոմիտեն քննելու է բոլոր այն գործերը, որոնք չեն վերապահվի Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական ենթակայությանը: Բացի այս, հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը շարունակելու է իր գործունեությունը մինչեւ 2023 թվականի հունիսի 1-ը, այսինքն՝ կշարունակի որոշ ծավալով իրականացնել իրեն վերապահված քրեական գործերի քննությունը: Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումները կդադարեցնեն իրենց գործունեությունն այս տարվա սեպտեմբերի 1-ից: Ըստ արդարադատության նախարարության՝ մեկ միասնական մարմնի դեպքում պետական ռեսուրսները կխնայվեն, չեն լինի պաշտոնային կրկնություններ, փոխարենը կլինեն մասնագիտացված վարչություններ, որոնք տարբեր ուղղություններով կկարողանան ապահովել նախաքննության արդյունավետությունը:

Նկատենք նաեւ, որ տարբեր գերատեսչություններում գործում են քննիչների տարբեր աշխատավարձի չափեր, սոցիալական ապահովության տարբերվող երաշխիքներ:

 

 




Լրահոս