Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրվել էր լիազորություն` պայմանավորված, մասնավորապես, կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման ոլորտում առկա գործառույթներին առնչվող իրավակարգավորումների հստակեցման եւ գործնականում առաջացած խնդիրների հաղթահարման անհրաժեշտությամբ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի տեղեկացմամբ` այս հանգամանքով է պայմանավորված ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը կից օրենսդրական փաթեթով ընդունելը:
Օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով, առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է մայիսի 2-ի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Փոխնախարարը նշել է, որ նախագծերի ընդունմամբ նախատեսվում է պարզեցնել աուդիտի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները հանձնաժողովին տրամադրելու ընթացակարգն աուդիտի կազմակերպման, ինչպես նաեւ կուսակցության տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը եւ դրանց ներկայացման ձեւաթղթի սահմանման լիազորությունը վերապահելով հանձնաժողովին: Առաջարկվում է օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Կուսակցության տարեկան հաշվետվության ձեւը, դրա լրացման եւ հրապարակման կարգը, հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը, ինչպես նաեւ տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնելու կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»: Իսկ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասը առաջարկվում է շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Կուսակցությունները հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին են ներկայացնում տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաեւ աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ, որոնց ցանկը, ներկայացման ձեւաթուղթը եւ ժամկետները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»: Փոփոխվում են նաեւ փաթեթով նախատեսված ժամկետները: Փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով եւ հարակից մի շարք օրենքներով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված` կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության եւ կուսակցությունների հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործառույթների պատշաճ եւ արդյունավետ իրականացումը:
Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում հատուկ ընթացակարգով` հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ հեղինակի առաջարկությունը:
ArmLur.am-ի տեսախցիկը նաեւ ֆիքսել է, թե ինչպես են Ազգային ժողովի դարպասները զոդում: Ըստ ամենայնի, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտավախութուն ունի, որ ցուցարարները կարող են հասնել Ազգային ժողով եւ պատրաստվում են վաղվա ԱԺ հերթական նստաշրջանի մեկնարկին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ, բացի այդ, այսօր երեկոյան Ազգային ժողովի ներսում՝ 334 սենյակում, պետք է տեղի ունենա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը: Իշխանական պատգամավորները քննարկելու են վաղվա նստաշրջանին առնչվող հարցերը եւ ընդդիմության դեմ գործողություններ կպլանավորեն:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՉՎԵՐԹՆԵՐ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ
FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 1-ից մեկնարկել է Երեւան-Թբիլիսի-Երեւան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները: Չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայան։
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՀՐԱՀԱՆԳԵԼ
Երեկ Երեւանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաները մեծ խնդիր են առաջացրել ուսանողների համար: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Երեւանի մի շարք բարձրագույն կրթական հաստատություններում դասապրոցեսը գրեթե եղել է պարալիզացված, քանի որ ուսանողները, հատկապես՝ մարզերից, չեն կարողացել պարզապես հասնել դասի, արդյունքում ուսանողների մոտ 40 տոկոսն է հաճախել համալսարաններ: Եվ չնայած այս ամենին՝ մեզ հասած տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարարությունն առավոտյան զանգահարել է համալսարաններ ռեկտորներին՝ պարզելու համար, թե ուսանողների քանի տոկոսն է հաճախել, եւ ով է «հրահանգել» ռեկտորներին հայտարարություններով հանդես գալ, որ դասապրոցեսներն ընթանում են իրենց բնականոն հունով: ArmLur.am-ը տեղեկությունը ճշտելու համար զրուցեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի հետ, որը մեր հարցադրումներին ի պատասխան ասաց. «Նման բան չկա, դասապրոցեսները համալսարաններում բնականոն ձեւով ընթանում են, եւ բնականաբար բախվել էին առավոտյան որոշակի խցանումների, բայց 40 տոկոս, թե քանի տոկոս, չգիտեմ, թե Ձեր ինֆորմացիան որտեղից է, համենայնդեպս, դասապրոցեսը ընթանում է բնականոն հունով»:
ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպմանը: Sabah թերթին տված հարցազրույցում Չավուշօղլուն նշել է, որ այդ հանդիպմանը քննարկվելու են տարբեր քայլեր, որոնք կարող են իրագործվել առաջիկա ժամանակահատվածում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին Վիեննայում։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում: Երկրորդ հանդիպումը կայացել է փետրվարի 24-ին Վիեննայում:
ԶՈԴՈՒՄ ԵՆ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ
ArmLur.am-ի տեսախցիկը երեկ ֆիքսել է, թե ինչպես են Ազգային ժողովի դարպասները զոդում: Ըստ ամենայնի, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտավախութուն ունի, որ ցուցարարները կարող են հասնել Ազգային ժողով, եւ պատրաստվում են ԱԺ հերթական նստաշրջանի մեկնարկին:
ԿԲԱՐԵՓՈԽՎԻ ՀԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր է բարեփոխել ռոյալթիի հարկման համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձեւը վերանայել այնպես, որ մինչեւ 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի բարձրացում չլինի: Բացի այս, ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման գործող բանաձեւում կլրացվի 10 տոկոսից բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչ, որի արդյունքում կհաշվարկվի հավելյալ ռոյալթի՝ 15 տոկոս դրույքաչափով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ 2023 թվականի հունվարի 1-ից կդադարեցվի պղնձի եւ մոլիբդենի խտահանքի, ինչպես նաեւ մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը: Ըստ ՖՆ-ի՝ մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը կդառնա մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող եւ ավելի պրոգրեսիվ՝ դրանով իսկ մետաղների բարձր գների պայմաններում պետական բյուջեի համար ապահովելով լրացուցիչ հարկային եկամուտներ։
ԳՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ
Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները մայիսի 27-ից կբարձրանան: Հիշեցնենք՝ ընկերությունը հունվարի 13-ին հանձնաժողով էր ներկայացրել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման հայտ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակի ներկայիս սակագինը կազմում է 230 դրամ, բայց ընկերությունն առաջարկում է բարձրացնել՝ դարձնելով 520 դրամ, 101-250 գրամ նամակի գործող գինը 410 դրամ է, այն առաջարկվում է բարձրացնել՝ հասցնելով 560 դրամ, բայց ՀԾԿՀ-ն իր հերթին առաջակում է սահմանել 500 դրամ: Իսկ, ահա, 501-1000 գրամ քաշով նամակի արժեքը 1260 դրամ է, ընկերությունն առաջարկում է այն նվազեցնել՝ դարձնելով 1100 դրամ, իսկ ՀԾԿՀ-ն, հակառակը, առաջարկում է սահմանել 1350 դրամ: Ուշագրավն այն է, որ «Հայփոստ»-ն առաջարկել է բարձրացնել պաշտոնական պարբերականների առաքման ծառայության սակագինը գյուղական վայրեր. տեղեկացնենք, որ ներկայումս այս ծառայության գործող սակագինը կազմում է 38 դրամ, բայց ընկերությունն առաջարկում է վերանայել եւ սահմանել 175 դրամ, իսկ, ահա, ՀԾԿՀ-ն առաջարկել է այն նվազեցնել՝ դարձնելով 139 դրամ:
Ի դեպ, արձանագրենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն նախորդ տարվա փետրվարի 1-ից մի շարք ծառայությունների գներ արդեն բարձրացրել էր: