ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում Mediahub լրատվական կայքի մեր գործընկերները փորձել են մոտենալ ու հարցեր ուղղել տարածքում գտնվող պետական պահպանության անվտանգության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին: Ծառայության աշխատակիցները քիչ չէ, որ խոչընդոտել են մասնագիտական պարտականությունները կատարող մեր գործընկերներին, դեռ մի բան էլ ՊՊԾ պետը, որ նախկինում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետն է եղել, հարվածել է կայքի օպերատորին:

 

ArmLur.am-ն ուսումնասիրեց Պետական պահպանության ծառայության կանոնադրության՝ 2018-ի հոկտեմբերի 18-ին փոփոխված դրույթները` ըստ N 1392-L որոշման: Փոփոխությունն, այսինքն, Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի աթոռը ստանձնելուց հետո է կատարվել: Ինչեւէ, ըստ այդ փոփոխությունների՝ Պետական պխահպանության ծառայությունն իրականանցում է ՀՀ պետական օբյեկտների պաշտպանությունը, դրանց անցագրային ռեժիմի կարգի սահմանումն ու պահպանումը, իր իրավասության շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարը եւ այլն: Կանոնադրության «Ծառայության նպատակներն ու խնդիրները» բաժնի 8-րդ կետն է միայն, որ սահմանում է իրավասության շրաջանակներում անվտանգության ապահովում մյուս պետական մարմինների հետ ու պետական պահպանության ոլորտում նրանց գործունեության համակարգում: Իրավապահ կամ ուժային այլ կառույցների հետ համագործակցություն եւս դրույթը, սակայն, կարող է գործել, եթե խոսքը պետական պահպանության նշանակության օբյեկտի թիրախավորման կամ պետական պահպանության նշանակության անձին սպառնացող վտանգի մասին է: Տվյալ դեպքում Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկում ո՛չ պետնշանակության օբյեկտ, ո՛չ էլ անձ է եղել:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց. «Մեդիահաբի» լրագրող Նարե Գեւորգյանի եւ օպերատոր Արման Ղարաջյանի նկատմամբ ՀՀ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի եւ նրա աշխատակցի կողմից ցուցաբերված վերաբերմունքը խիստ դատապարտելի է: Լրագրողների նկատմամբ բռնության ցանկացած փորձ, ցանկացած ոտնձգություն պետք է օրենքի տառին համապատասխան վերաբերմունքի արժանանա: Հիշեցնում եմ, որ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով՝ «լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:

Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 2-րդ կետը հստակ սահմանում է. «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, եթե կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

Սա նշանակում է, որ անհապաղ պետք է ՀՀ ՊՊԾ պետը պատասխանատվության ենթարկվի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:

ՊՊԾ ղեկավարի արարքը դատապարտել է եւ «Իրազվեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոանիսյանը՝ գրելով. «Պաշտոնատար անձանց անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայողների կողմից Բաղրամյան-Պռոշյանն խաչմերուկում լրագրողների նկատմամբ բռնությամբ զուգորդվող օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքը հատում է քրեական օրենսգրքի մի շարք արգելքների սահմանը»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ

Մայիսի 1-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու բենզալցակայանի մոտ Արեւաշող գյուղի 34 եւ 33 տարեկան երկու բնակիչների եւ բենզալցակայանի սեփականատիրոջ միջեւ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բենզալցակայանի 51-ամյա սեփականատերը, խախտելով հասարակական կարգը, իր անվամբ գրանցված որսորդական հրացանից կրակոցներ է արձակել, սակայն ոստիկանները կանխել են հնարավոր զարգացումները: 33-ամյա արեւաշողցին գլխի հատվածում ստացել է վնասվածք: Անձնական խուզարկությամբ 51-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է նաեւ օրինական պահվող գազային ատրճանակ: Որսորդական հրացանը եւ գազային ատրճանակը վերցվել են: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

 

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործի մի շարք հանգամանքներ: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ 2022թ. մայիսի 1-ին՝ ժամը 06:40-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 200-րդ կիլոմետրի հատվածում տեղադրված հենակետում կատարված ստուգմամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից «Acura» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են «ՀկԽ» տեսակի «Խկ 3310» եւ «հԿ7446» համարների հրազեններ, երկու պահունակ՝ լիցքավորված 45 եւ 23 հատ 5.45 մմ տրամաչափի մարտական փամփուշտներով, ինչպես նաեւ 8 հատ դատարկ պահունակ: Հիշյալ ավտոմեքենայի՝ 1974թ. ծնված վարորդը եւ երկու ուղեւորները բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք փոխադրելու կասկածանքով։ Վերջիններս ձերբակալվել են։ Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենի, ռազմամթերքի ձեռք բերման աղբյուրը պարզելու, օբյեկտիվ բազմակողմանի եւ լրիվ քննություն ապահովելու ուղղությամբ:

 

 

 

 

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԽԵՄԱ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում  համագործակցելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի եւ ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության հետ, բացահայտել է ՀՀ ՊԵԿ առանցքային վարչություններից մեկի պետի տեղակալի եւ նույն վարչության գլխավոր հարկային տեսուչի կողմից մշակված եւ իրագործվող կոռուպցիոն սխեմա:

ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ-ում վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հ.Մ-ն եւ նույն վարչության գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը զբաղեցնող Ա.Ա-ն, ի պաշտոնե լիազորված լինելով տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում իրականացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ, բացահայտել չվճարված հարկային պարտավորությունների ծավալը եւ արձանագրել նշված հանգամանքը, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, չեն արձանագրել չվճարված հարկերի ողջ ծավալը, ինչի դիմաց ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք-գումար:

Նման եղանակով ս.թ. փետրվար-մարտ ամիսներին՝ բազմաբնակարան շենքերի կառուցապատում իրականացնող տնտեսվարողի մոտ անցկացված ստուգումների ընթացքում, հայտնաբերվել է ընդհանուր շուրջ 126 մլն դրամի չկատարված հարկային պարտավորություն: Տնտեսվարողը, վերոնշյալ պաշտոնատար անձանց հետ փոխհամաձայնությամբ, հարկային մարմիններին ներկայացրել է ճշտված հաշվետվություն, որով 126 մլն դրամի փոխարեն պետք է կատարեր 59 մլն դրամի լրացուցիչ հարկային վճարումներ: Նշվածի դիմաց Հ.Մ-ն եւ Ա.Ա-ն տնտեսվարողից պահանջել եւ ստացել են 65.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք, որից 5.000 ԱՄՆ դոլարը՝ կանխիկ, 60.000 ԱՄՆ դոլարը՝ կառուցապատվող շենքում կրկնակի ցածր արժեքով 2 բնակարանի տեսքով:

Ստացված կաշառքի ծագման իրական աղբյուրը թաքցնելու նպատակով նշված բնակարանները ձեւակերպվել են Հ. Մ.-ի եւ Ա. Ա.-ի մտերիմ անձանց անուններով, որով փորձ է արվել օրինականացնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում) հարուցվել է քրեական գործ: ՀՀ ԱԱԾ եւ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համատեղ օպերատիվ-քննչական աշխատանքի շրջանակում խուզարկություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նշված պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ տնտեսվարող կազմակերպության ղեկավարի աշխատանքի եւ բնակության վայրերում, ինչի արդյունքում հայտնաբերվել են քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող նյութեր: Հ.Մ-ն, Ա.Ա-ն եւ եւս երեք անձ ձերբակալվել են:




Լրահոս