ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման անդամ Արամ Վարդեւանյանը վերջին օրերի քայլերթերի եւ ցույցերի ժամանակ հասկացել է, որ ոստիկանության համակարգում կան բազմաթիվ ազնիվ, հայրենասեր ծառայողներ, որոնք կիսում են շարժման մոտեցումները, ուստի Ֆրանսիայի հրապարակում կայացած ասուլիսի ժամանակ նա ընդհանրական չգնահատեց ոստիկանների գործողությունները: Հիշեցնենք, որ երեկ Դիմադրության շարժման անդամները առավոտից փակել էին մայրաքաղաքի տարբեր փողոցներ իրազեկման գործողություն իրականացնելու նպատակով: Որոշ հատվածներում բախումներ եղան ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:
Պատգամավորը հայտնել է. «Երբ կրկեսի հատվածի մոտ մեր համաքաղաքացիները փակել էին ճանապարհը, ոստիկանական մի շարք ուժեր եկան, որեւէ բախում չկար, ոստիկանների հետ խոսում էինք, բանակցում, ուզում էինք հասկանալ՝ որն է ամենալավ լուծումը, այնուհետեւ մոտեցան երկու-երեք ոստիկաններ, որոնք միգուցե ոստիկաններ չէին, միգուցե թիկնապահներ էին՝ ոստիկանական համազգեստի մեջ: Նրանցից երկուսը որոշեցին, որ պետք է բերման ենթարկեն նաեւ ինձ։ Երբ նկատեցի, որ այդ երկու ոստիկանը քաղաքացու նկատմամբ ակնհայտ անհամաչափ ֆիզիկական բռնություն են գործադրում, փորձեցի միջամտել, սթափեցնել. ապարդյուն էր»:
Արամ Վարդեւանյանը պատմեց, որ ոստիկաններից մեկը հավանաբար անձրեւի պատճառով սայթաքել է ու ընկել իր վրա, ապա նաեւ ինքն է ընկել։ «Ես ասում եմ՝ այ ժողովուրդ ջան, բա ամոթ չի՞: Այդ երկու ոստիկաններն ասացին. «Ի՞նչն է ամոթ, մենք ձեզ բերման ենք ենթարկում»։ Այդ երկու ոստիկանները, որոնք, նորից եմ ասում, չեմ պնդում, որ ոստիկաններ էին, ձեռքերս բռնած ինձ ուղեկցեցին մեքենա: Ասացի՝ տղերք, գիտեք չէ՞, որ հանցանք եք գործում. պատգամավորին բերման ենթարկել չեք կարող: Այդ ոստիկանն, ի դեպ, ասաց. «Պարո՛ն Վարդեւանյան, գիտենք, որ Դուք պատգամավոր եք, բայց հրաման են տվել»»: Վայրկյաններ հետո եկել է ոստիկանների հրամանատարը եւ ասել, որ Արամ Վարդեւանյանը դուրս գա մեքենայից. իրեն բերման չեն ենթարկում։ Արամ Վարդեւանյանն ասել է, որ բերման ենթարկված է, չի կարող դուրս գալ մեքենայից: Ոստիկանների հրամանատարն ասել է՝ բերման ենթարկված չեք: Մի խոսքով, ոստիկաններն այդպես էլ չեն կարողացել պատասխանել պատգամավորին, թե ինքն ինչ է անում այդ մեքենայի մեջ, ու այս անգամ էլ նորից քաշելով՝ նրան հանել են մեքենայից: Պատգամավորի փոխանցմամբ՝ ոստիկանները ժպտում էին, մի քանիսն էլ նույնիսկ ներողություն էին խնդրում իրենից:
Արամ Վարդեւանյանն անդրադարձավ նաեւ լրագրողների նկատմամբ ոստիկանների գործողություններին, բռունցքներով քաղաքացու գլխին հարվածելու դեպքին եւ տարակուսեց, թե ինչպես է լինում, որ, ասենք, 50 ոստիկանից 46-ը սթափ են, նորմալ խոսում են ցուցարարների հետ, պայմանավորվում գործողությունների վերաբերյալ, մյուս չորսը անադեկվատ վիճակում են: Պատգամավորը կասկած հայտնեց, որ նրանք ոստիկաններ չեն իրականում: Արամ Վարդեւանյանը նկատեց, որ կային ազնիվ ոստիկաններ, որոնք առաջին օգնությունն էին ցուցաբերում ինքնազգացողությունը վատացած լրագրողին: Անդրադառնալով լրագրողին ոտքով հարվածած ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի պահվածքին՝ Արամ Վարդեւանյանը հիշեցրեց, որ նա այն անձն է, ով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին սկսեց քաշել ԱԺ դահլիճում եւ դուրս հանեց նրան: Միակ բանը, որի վրա զարմացած է ընդդիմադիր պատգամավորը, ԱՄՆ եւ ԵՄ դեսպանների, ՀՀ ՄԻՊ-ի լռությունն է: Իսկ ոստիկանական այս գործողությունները «սրտիկող» իշխանության ներկայացուցիչներին պատգամավորը խորհուրդ է տալիս դուրս գալ եւ քայլել փողոցով ոստիկանների հետ, ու կհասկանան, որ մենակ են մնացել:
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ArmLur.am-ը ուսումնասիրել է Երեւանի ներկայիս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ 2018, 2019 եւ 2020 թվականների ունեցվածքի եւ դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագրերը: 2018 թվականի տարեկան հայտարարագրում Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 700 հազար դրամ եւ 4500 դոլար, իսկ եկամուտը, որը գոյացել է սեփական աշխատավարձից, կազմել է ընդհանուր 6 մլն 272 հազար դրամ: 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ քաղաքապետը 2017 թվականին աջափնյակ վարչական շրջանում բնակարան է գնել: Նրա կանխիկ դրամը կազմել է 600 հազար դրամ եւ 4500 դոլար: Նույն տարվա վերջին նա բանկերից մեկից ստացել է 2129 դոլարի չափով փոխառություն, վարկ, իսկ քաղաքապետարանից՝ 6 մլն 963 հազար դրամի չափով աշխատավարձ: Մեկ տարի անց՝ 2020 թվականի տարեկան հայտարարագրում Հրաչյա Սարգսյանի կանխիկ դրամը կազմել է 400 հազար դրամ եւ 4500 դոլար: Քաղաքապետարանից Հրաչյա Սարգսյանը ստացել է ամսական 557 հազար դրամ աշխատավարձ: Քաղաքապետի կնոջ՝ Նինա Հարությունյանի կանխիկ դրամը 2020 թվականի վերջին կազմել է 1 մլն դրամ: Պաշտոնյայի կնոջ եկամուտների մասին որեւէ տեղեկություն չկա հայտարարագրում:
ՆՈՐ ԱՃՈՒՐԴ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի BMW մակնիշի ավտոմեքենան տեւական ժամանակ է, ինչ չի վաճառվում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս ավտոմեքենան արդեն հասցրել է աճուրդի հանվել, սակայն այդպես էլ գնորդ չի գտնվել: Մեզ հայտնի դարձավ, որ ավտոմեքենայի հերթական աճուրդը տեղի կունենա մայիսի 12-ին: Նշենք, որ ավտոմեքենայի գնահատված արժեքը կազմում է 7 մլն 107 հազար դրամ, իսկ լոտի մեկնարկային գինը՝ 6 մլն 40 հազար դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ ավտոմեքենան 2010 թվականի արտադրության է, թափքը՝ սեդան, գույնը՝ սեւ: Նկատենք, որ ավտոմեքենայի շարժիչն ու փոխանցման տուփը սարքին վիճակում է գտնվում, թափքը վնասվածքներ չունի:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի 2022 թվականի մարտի 30-ի հրամանի համաձայն՝ աճուրդն անցկացվելու է դասական եղանակով: Առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 15 տոկոսի չափով:
ՈՉ ՄԻ ԽՈՍՔ՝ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Բերդի համայնքապետարանը հայտնում է, որ տեւական դադարից հետո՝ մայիսի 1-ին, իր դռներն է բացել Բերդ քաղաքի «Արեւաբերդ» կինոթատրոնը:
Այդ իրադարձությունը նշանավորվել է ռեժիսոր, պրոդյուսեր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմի ցուցադրմամբ, որը նկարահանվել է հայտնի արձակագիր Նարինե Աբգարյանի համանուն նովելի հիման վրա: «Արեւաբերդ» կինոթատրոնի վերաբացումն ազդարարող կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվել է արձակագիր Նարինե Աբգարյանին եւ ռեժիսոր, պրոդյուսեր Հայկ Օրդյանին: Ելույթներով հանդես են եկել Բերդի համայնքային մշակույթի տան տնօրեն, «Զուլալի» ֆիլմի գործադիր պրոդյուսեր Արմեն Մելիքյանը, «Զուլալի» ֆիլմի ռեժիսոր Հայկ Օրդյանը, Բերդի եւ այդ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը: «Զուլալի» ֆիլմն «Արեւաբերդ» կինոթատրոնում ցուցադրվելու է նաեւ մայիսի 2-ին եւ 3-ին: Բերդի համայնքապետարանի սոցցանցի էջում բազմաթիվ լուսանկարներով տեղեկատվություն է զետեղված այդ միջոցառման մասին, սակայն ոչ մի խոսք չկա այն մասին, որ միջոցառմանը ներկա է եղել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որն այդ լուսանկարներից մեկում կինոթատրոնի դահլիճում նստած է Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանի կողքին։
Կինոթատրոնի վերաբացմանը մասնակցել է նաեւ Տավուշի նախկին մարզպետ, ծագումով Բերդ համայնքի Տավուշ գյուղից Հայկ Չոբանյանը, որի մասնակցության մասին Բերդի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում նույնպես ոչինչ նշված է։ Կարելի է կռահել, որ Բերդ համայնքապետարանի սոցցանցի էջի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ նախկինում Տավուշի մարզպետ եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար պաշտոնավարած Հայկ Չոբանյանի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառն այն է, որ 2021թ. նոյեմբերի 9-ից Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը գտնվում է կալանքի տակ, ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է նրա դատավարությունը։ Ըստ Բերդ քաղաքում տարածված խոսակցությունների՝ 2021թ. հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Հ. Մանուչարյանը չի աջակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այդ պատճառով է նրա նկատմամբ հարուցվել քրեական գործ։ Հ. Մանուչարյանը իր հանդեպ հարուցված քրեական գործը սարքովի, շինծու է համարում, չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ