«ՊՈԼԼԻ». ՊՐԵՄԻԵՐԱՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 28-ին կայացավ Արտյոմ Հարությունյանի «Պոլլի» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է փոքրիկ տղայի եւ շան ընկերության մասին։

 

Ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսերը եւ սցենարի հեղինակն Արտյոմ Հարությունյանն է:

Armlur.am-ը ներկայացնում է հետաքրքիր դրվագներ պրեմիերայից:

«Ֆիլմի գաղափարը ծնվել է տղայիս հետ, սցենարի բոլոր գծերը, դերասանական անձնակազմն ընտրել եմ տղայիս հետ։ Մի խոսքով, ամեն բան համաձայնեցրել եմ տղայիս հետ, քանի որ ֆիլմը նախատեսված էր հենց իր տարիքային խմբի համար: Ֆիլմն ունի մի քանի հաղորդագրություն. ամենակարեւորն այն է, որ տղան եւ շունը` Պոլլին, միավորում են ընտանիքը: Բացի այդ, մենք քննադատում ենք Կարմիր գրքում ներառված կենդանիների որսագողությունը»,- լրագրողների հետ զրույցում նշել է ֆիլմի ռեժիսորը:

Ֆիլմում նկարահանվել են Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Բաբկեն Չոբանյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արամ Կարախանյանը եւ այլք:

Սոս Ջանիբեկյանի խոսքով՝ այս ֆիլմի շնորհիվ դեռահասները կհասկանան, որ բարին միշտ հաղթում է:

«Ծանոթացա սցենարին, եւ պարզ դարձավ, որ շատ հետաքրքիր եւ կարեւոր թեմաներ են արծարծվելու ֆիլմում։ Ֆիլմը լավ փոխհարաբերությունների, փոքրիկ տղայի եւ շան ու, առհասարակ, այն մասին է, որ բարին միշտ վերջում հաղթում է»,- նշել է դերասանը։

Լուիզա Ներսիսյանն էլ լրագրողներից ասաց, որ ինքը համաձայնել է այս ֆիլմում նկարահանվել, քանի որ նման ֆիլմերի կարիք դեռահասներն ունեն:

«Կարծում եմ` երեխաներին ճիշտ ուղղորդող ֆիլմ է: 21-րդ դարում պատանիներն ու դեռահասներն ավելի հասուն են մտածում, կարծում եմ` ամբողջական մանկական ժանրի տարանջատում չկա հիմա, ու այժմ մեզ պետք են ֆիլմեր, որոնց մեջ կներառվեն նաեւ հասուն թեմաներ, բայց կարեւոր է հասկանալ, թե տվյալ անդրադարձով ուր ես ցանկանում ուղղորդել»:

Հավելենք, որ «Պոլլի» ֆիլմի հերոսը՝ Նարեկը, ամեն ինչից ավելի երազում է, որ իր ծնողները միավորվեն ու է՛լ երբեք չբաժանվեն։ Տեխնոլոգիաներով տարված խելացի տղան գտնում է մի իսկական շուն՝ ոտքը վիրավոր: Նա վախից փախչում է: Երեկոյան Նարեկը նկատում է, որ շունն իրենց տան մոտ է: Նա խղճում է շանը, ոտքը վիրակապում ու մորից թաքուն պահում նկուղում: Տղան ու շունն ընկերանում են, սակայն այս ամենից հետո գյուղում սկսում են տարօրինակ դեպքեր կատարվել…

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 




Լրահոս