ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած հայցը ընդդեմ պատգամավոր Լենա Նազարյանի. իշխանական պատգամավորը պետք է ներողություն խնդրի Թովմասյանից: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 3-ին ԱԺ այդ ժամանակ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից խոսեց Աբովյանի դիահերձարանի գետնին նետված դիերի մասին՝ քննադատելով իշխանությանը, ինչին ի պատասխան՝ ստացավ ԱԺ այն ժամանակվա փոխնախագահի կողմից վիրավորանք: Այս խոսքերից հետո ինչպես Թագուհի Թովմասյանը, այնպես էլ մի շարք պատգամավորներ Աժ ամբիոնից պահանջեցին Լենա Նազարյանից ներողություն խնդրել, սակայն նա հրաժարվեց դա անել: Եւ այդպես հարցը հասավ դատարան, որտեղ Լենա Նազարյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը փորձում էր ամեն ինչ անել՝ ապացուցելու, որ Նազարյանը չի վիրավորել Թագուհի Թովմասյանին:
Նույնիսկ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից էր փաստաբանը գրություն բերել, թե ինչ է նշանակում «իդիոտկա» բառը՝ փորձելով ապացուցել, թե դա հունարեն նշանակում է առաջնորդ: Սակայն Բրյուսովի անվան համալսարանը տվել էր գրություն, որ բառը ակնհայտ վիրավորանք է պարունակում: Եւ այսպես, երբ հակափաստարկները առավել քան ծիծաղելի էին ու ոչ հավատարժան, Լենա Նազարյանի փաստաբանը ստիպված եղավ խղճահարություն առաջացնել դատարանում՝ ասելով, թե Լենա Նազարյանի ֆինանսական վիճակը այնքան էլ լավ չէ, ամսական մոտ 600 հազար դրամ վարկ է մարում, ուստի չի կարող շուրջ 1 մլն դրամ տուգանք վճարել, եւ դատարանից խնդրեց վճիռ կայացնելիս հաշվի առնել պատգամավորի ֆինանսական դրությունը: Այսպիսով, դատարանը հաշվի առավ Լենա Նազարյանի ֆինանսական խեղճ վիճակը եւ Թագուհի Թովմասյանի հայցը բավարարեց մասնակի. վճռով պարտադրեց հրապարակային ներողություն խնդրել Թագուհի Թովմասյանից, սակայն ֆինանսական հատուցման մասով որոշեց ընդառաջել Նազարյանին եւ գումարի բռնագանձում չպարտադրել: Իհարկե, Թագուհի Թովմասյանի փատաբան Սերգեյ Ոսկանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ վճիռը բողոքարկվելու է, քանի որ դատարանը պետք է պարտավորեցներ Լենա Նազարյանին ոչ միայն ներողություն խնդրել հենց ԱԺ ամբիոնից, այլեւ գումար բռնագանձեր: Բայց թեեւ դատավճիռը բողոքարկվելու է, այնուամենայնիվ, փաստ է, որ, այսպես, թե այնպես, Լենա Նազարյանը դատարանի պարտադրանքով ներողություն է խնդրելու Թագուհի Թովմասյանից:
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսունասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները ձեւավորվելուց հետո ասես տեղում դոփում են: Քիչ չէ, որ հանձնաժողովի անդամներից որոշներն արդեն հասցրել են լքել այն (Սամվել Բաբայանը), դեռ մի բան էլ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պետական (հիմնականում ուժային) գերատեսչությունների ղեկավարներն անլուրջ են վերաբերվում ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշատական հաձնաժողովի նախագահի ու ՔՊ-ական անդամների ցուցումներին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները վստահեցնում են՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՀՔԾ-ն ու այլ կառույցներն ասես հարեւանցի կամ անլուրջ են ընկալել ՔՊ-ականների ցուցումները ու պատերազմի հետ կապված փաստաթղթերն առ այսօր՝ հանձնաժողովի ձեւավորումից 4 ամիս անց, հանձնաժողովի նախագահությանը չեն տրամարդել: «Անդրանիկ Քոչարյանի հրահանգին միայն պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն է ականջալուր եղել ու 1000 էջի հասնող տրցակ տրամադրել»,- ասաց մեր աղբյուրը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը՝ ասելով, որ եթե պետական գերատեսչությունների կողմից տեղեկատվություն չտրամադրելու միտում նկատվի, ապա այդ գերատեսչությունների նկատմամբ վարչական կամ կարգապահական ներգործություն կկիրառվի: Ինչ վերաբերում է հանձնաժողովի նախագահության հանձնարարականներին անլուրջ վերաբերվողներին, ապա նրանց առնվազն աշխատանքից ազատում է սպասվում. «Եթե որեւէ գերատեսչության ղեկավար կա, որ անլուրջ է վերաբերվում 44-օրյա պատերազմի հանգամանքերի բացահայտմանը, ապա, ինչ ասեմ, խոսքեր չկան: Եթե լինեն այդպիսի ղեկավարներ, ապա նրանք նվազագույնն այդ գերատեսչությունում չեն աշխատելու»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն օրերս բացատրություն տալու նպատակով ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին կհրավիրի նախաքննական մարմին՝ լսելու նրա բացատրոթյունները: Այնուհետեւ՝ ապացույցներն ու հիմքերը ուսումնասիրելուց հետո, կորոշի` հարուցել քրեական գործ, թե ոչ: Ինչպես հայտնի է, ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն աչքի է ընկնում ակցիաների ժամանակ մարդկանց քացի տալու սովորությամբ, երեկ՝ անհնազանդության խաղաղ ակցիաների ընթացքում, Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող լրագրող Նարե Գեւորգյանի ու օպերատոր Արման Գալաջյանի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի հանդեպ։ Այդ դեպքի առնչությամբ բոլոր փաստերը Քննչական կոմիտեում են, եւ դժվար է պատկերացնել, թե ինչ հիմքով պետք է քրգործի հարուցումը մերժվի. հանցակազմն ակնհայտ է:
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ներկայիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գործունեությունը հայտնվել է Հաշվեքննիչ պալատի մանրադիտակի տակ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատը հաշվեքննություն է իրականացրել Առողջապահության նախարարությունում, եւ ուսումնասիրվել է նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացումը: Մասնավորապես, ուսումնասիրեվել է 2020թ. հունվարի 1-ից մինչեւ 2020թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը, երբ առողջապահական ոլորտը ղեկավարում էր Արսեն Թորոսյանը: Ի դեպ, Հաշվեքննիչ պալատը հայտնաբերել է մի շարք խախտումներ: Ըստ ՀՊ-ի՝ COVID-19-ի կանխարգելման, վերահսկման եւ բուժման աշխատանքների պլանավորման գործընթացը, ինչպես նաեւ ֆինանսավորման մեխանիզմները նպատակային արդյունավետ չեն եղել, օրինակ՝ թվով 2371 դեպքում թեստի արդյունքները համակարգ մուտքագրվել են մի քանի րոպեից մինչեւ մի քանի օր ավելի շուտ, քան թեստի հանձնման ժամկետն է եղել։ Դեպքով ֆինանսավորվող ԲԿ-ներում արձանագրվել է մեկ պացիենտի մեկ համակարգչային տոմոգրաֆիայի դիմաց բազմակի վճարման դեպք։ Տարբերություններ են արձանագրվել նաեւ մեկ պացիենտի համար կատարված մասնագիտական անձնակազմի վարձատրության եւ դեղորայքային ու բժշկական նշանակության ապրանքների ծախսերի միջեւ։