Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասում է, որ ընդդիմության ու հրապարակում հավաքված քաղաքացիների խնդիրն այս պահին մեկն է՝ հասնել գործող իշխանության ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:
-Տիկի՛ն Վարդանյան, ընդդիմությունը նորից անհնազանդության ակցիաներ է անում: Ոստիկանների գործողությունները, ըստ տարբեր գնահատականների, ոչ այնքան համաչափ էին: Ընդհանուր ձեր գնահատականն ինչպիսի՞ն է:
-Ընդդիմությունը արդեն մեկ շաբաթից ավելի է՝ հայտարարել է պայքարի վճռական փուլի մասին եւ շարժվում է՝ ըստ իր իսկ բարձրաձայնած ծրագրի: Այո, անցել ենք խաղաղ մասշտաբային անհնազանդության գործողությունների: Երեկ առավոտվանից արգելափակվել են փողոցներ, մարդիկ ինքնաբուխ փակել են փողոցներ, դրանով իրենց դժգոհությունն են արտահայտել ստեղծված իրավիճակի մասին: Ես, որպես մեկ շաբաթվա ամփոփում, ասեմ, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, Երեւանում մթնոլորտ ու տրամադրություններ են փոխվել: Իշխանությունները չունեն այն իշխանությունը, որի մասին պատկերացնում են: Հայաստանում չկա Ադրբեջանի եւ Թուրքիայի բարեգթությանը հանձնվելու տրամադրվածություն: Նման մանդատ որեւէ մեկին չի տրվել: Հիմա տարբեր քաղաքացիներ, որոնք այս ամենը վաղուց են հասկացել, իրենց դիրքորոշումը փողոցում հայտնում են: Հազարավոր քաղաքացիներ էլ, կիսելով այս գնահատականը, իրենց տներից են հետեւում: Այս քաղաքացիներին է պետք հիմա կոչ անել: Մենք մնում ենք Ֆրանսիայի հրապարակում, բայց այստեղ չի լուծվում որեւէ մեկին իշխանության բերելու հարցը: Այստեղ լուծվում է հայկական իշխանություն ունենալու հարցը: Դուք, այստեղ գալով, չեք սատարում որեւէ ուժի, որեւէ մեկին չեք նպաստում, որ գա իշխանության: Իշխանափոխությունը պետք է անցնցում լինի: Դրանից հետո պետք է ձեւավորվի ժամականավոր կառավարություն պրոֆեսիոնալների մասնակցությամբ, որի առաջնային ու գլխավոր պարտականություններից մեկն ազատ, արդար, ժողովրդավար ընտրությունների կազմակերպումն է: Այս ժամանակ դուք ընտրելու եք իշխանություն, տալու եք բոլոր հարցերն ու ստանաք պատասխաններ:
-Այսինքն՝ դա՞ պետք է մարդկանց ավելի մատչելի բացատրել, որ այս հրապարակը չունի վարչապետի թեկնածու, որ չի ըտրվելու այժմ վարչապետ, որոշ ժամանակ հետո է լինելու նման գործընթաց:
-Այո, հենց դա էլ փորձում ենք անել, որ իսկապես այս հրապարակում մենք որեւէ ուժի չենք սատարում, որ դառնա վարչապետ: Մենք փորձում ենք այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը հայկական իշխանություն ունենա: Միայն այդ օրակարգով են հրապարակում մարդիկ հավաքվում: Այստեղ կանգնածներից յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի, թե ինչպես է Հայաստանը հետագայում զարգանալու, բայց մենք այս զարգացման հնարավորությունը պետք է ունենանք, որ հետո հասկանանք, թե ոնց ենք դա անում: Իշխանության հարցը Հայաստանում լուծվելու է ընտրությունների միջոցով, որին մասնակցելու ենք: Հիմա այդ պահը չէ, հիմա լուծում ենք մեր անվտանգության գոյաբանական հարցը: Եթե մենք հիմա այդ հարցը չլուծենք, մենք ընտրություն էլ չենք անցկացնելու, իշխանություն ու նույնիսկ տուն չենք ունենալու՝ ապրենք: Դրա համար այն քաղաքացիները, որոնք նայում են ու հասկանում այս բոլոր մտածմունքները, ասում եմ՝ հիմա եթե մենք չկանգնենք, հետոն կարող է ուշ լինել:
Այսպես չէ, որ այս աղետն ինձ անդրադառնալու է, ձեզ՝ ոչ: Սա բոլորիս է վերաբերում: Ես նկատում եմ, որ մարդիկ կամաց-կամաց արթնանում են, դրսեւորում են իրենց դժգոհությունը:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
Ա. ԹՈՐՈՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ներկայիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գործունեությունը հայտնվել է Հաշվեքննիչ պալատի մանրադիտակի տակ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատը հաշվեքննություն է իրականացրել Առողջապահության նախարարությունում, եւ ուսումնասիրվել է նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացումը: Մասնավորապես, ուսումնասիրվել է 2020թ. հունվարի 1-ից մինչեւ 2020թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը, երբ առողջապահական ոլորտը ղեկավարում էր Արսեն Թորոսյանը:
Ի դեպ, Հաշվեքննիչ պալատը հայտնաբերել է մի շարք խախտումներ: Ըստ ՀՊ-ի՝ COVID-19-ի կանխարգելման, վերահսկման եւ բուժման աշխատանքների պլանավորման գործընթացը, ինչպես նաեւ ֆինանսավորման մեխանիզմները նպատակային արդյունավետ չեն եղել։ Մեզ հայտնի դարձավ, որ թեստերի հանձնման եւ արդյունքների մուտքագրման ժամկետների անհամապատասխանություն է արձանագրվել, օրինակ՝ թվով 2371 դեպքում թեստի արդյունքները համակարգ մուտքագրվել են մի քանի րոպեից մինչեւ մի քանի օր ավելի շուտ, քան թեստի հանձնման ժամկետն է եղել։ Դեպքով ֆինանսավորվող ԲԿ-ներում արձանագրվել են մեկ պացիենտի մեկ համակարգչային տոմոգրաֆիայի դիմաց բազմակի վճարման դեպքեր։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականացվել է մեկ պացիենտի բուժման միջին արժեքի հաշվարկ, որը վերապրոֆիլավորված ԲԿ-ներում կազմել է 378 հազար100 դրամ, իսկ դեպքով ֆինանսավորվող ԲԿ-ներում՝ 173.300 դրամ։ Մեկ պացիենտի բուժման օրական արժեքը վերապրոֆիլավորված ԲԿ-ներում կազմել է 37.300 դրամ, իսկ դեպքով ֆինանսավորվող ԲԿ-ներում՝ 34.100 դրամ։ Մեկ պացիենտի բուժման միջին տեւողությունը վերապրոֆիլավորված ԲԿ-ներում կազմել է 9 օր, իսկ դեպքով ֆինանսավորվող ԲԿ-ներում՝ 5 օր։ Ստացված հաշվարկներից երեւում է, որ ԲԿ-ների օրական միջինի եւ մեկ պացիենտի միջին արժեքների միջեւ արձանագրվել են տարբերություններ։ Տարբերություններ են արձանագրվել նաեւ մեկ պացիենտի համար կատարված մասնագիտական անձնակազմի վարձատրության եւ դեղորայքային ու բժշկական նշանակության ապրանքների ծախսերի միջեւ։
Նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման, վերահսկման եւ բուժման նպատակով պետական բյուջեից հատկացված ֆինանսավորման շրջանակներում պարգեւավճար վճարելու հարց չի նախատեսվել, սակայն ԱՆ նախարարը հատկացված ֆինանսական միջոցների շրջանակում նախարարության աշխատակազմին, ենթակա ԲԿ-ների, ՓԲԸ-ների, ՊՈԱԿ-ների եւ տարբեր կազմակերպությունների աշխատակիցներին վճարել է պարգեւավճար։
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՃ Է ԳՐԱՆՑՎԵԼ
Հայաստանում շինարարության ծավալներն ավելացել են: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ այս տարվա առաջին երկու ամիսներին շինարարության ոլորտում արձանագրվել է 4.9 տոկոս աճ: ArmLur.am-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ 35.4 տոկոսով նվազել է պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարությունը: Շինարարության մի մասը իրականացվում է նաեւ համայնքային բյուջեի միջոցներով, եւ, ահա, համայնքների միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը 2022թ. հունվար-փետրվարին նվազել է 36.3 տոկոսով: 46.8 տոկոսով պակասել են Համաշխարհային բանկի, 73.4 տոկոսով՝ Ասիական զարգացման բանկի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները: Փոխարենն 72.7 տոկոսով ավելացել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները: Հայ Առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացվող շինարարության ծավալները եւս, պաշտոնական վիճակագրության տվյալներով, անկում են արձանագրել 65.2 տոկոսով: Օտարերկրյա ներդրողների միջոցներով իրականացվող շինարարության ծավալները նվազել են ավելի քան կիսով չափ՝ 58.6 տոկոսով: Բայց, մյուս կողմից, հավելենք, որ ավելացել են շինարարության հարակից ոլորտի՝ շինանյութերի արտադրության ծավալները: 2022թ. հունվար-փետրվարին ՀՀ-ում ցեմենտի արտադրության ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 98 տոկոսով ավելացել են, իսկ շինարարության ոլորտում անհրաժեշտ ապրանքատեսակի՝ գաջի արտադրության ծավալներն ավելացել 42.9 տոկոսով:
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀՈՒՄԱՆԻԶՄԻ ՀԱՐՑ
ArmLur.am-ը Հայաստանի մարդու իրովունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին հարց ուղղեց, թե ինչու նա առ այս պահը չի արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու ողբերգական միջադեպին: «Հասարակությունն առաջին հերթին հենց Ձեր արձագանքին էր սպասում, այնինչ Դուք, եթե չեմ սխալվում, Ֆրանսիայում էիք՝ գործուղման: Ինչո՞ւ չեք արձագանքել»,- դիմեցինք նրան: «Այո, ճիշտ եք, ողբերգական դեպքի օրերին ես գործուղման մեջ էի, խիտ հանդիպումներ եմ ունեցել, բայց հենց այդ օրը դեպքին անդրադարձել եմ ֆրանսահայ մամուլին տված իմ հարցազրույցի ժամանակ: Ցավակցում եմ մահացած կնոջ հարազատներին ու ընտանիքի անդամներին: Մենք նույն օրը հենց Գլխավոր դատախազություն գրություն ենք ուղարկել կոնկրետ գործի գործընթացներին ու մանրամասներին տեղեկանալու համար: Ամբողջ աշխարհում պաշտոնատար անձանց ուղեկցող ծառայությունը շատ դեպքերում չընկալվածության հարց ունի, բայց կոնկրետ դեպքում ցավալի էր տեսնել, որ ուղեկցող ծառայությունն ուղղակիորեն չի կանգնում: Սա արարողակարգային որեւէ կանոնով կարգավորված չէ, ու դա առնվազն նվազագույն հումանիզմի հարց է, որ վերաբերում է առաջին օգնություն ցույց տալու ու հնարավորության դեպքում կնոջ ու երեխայի կյանքը փրկելուն»,- պատասխանեց Գրիգորյանը: