Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գողություն է անվանել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելի՝ Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվները Ուկրաինային փոխանցելու գաղափարը։ Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի՝ մայիսի 10-ին, մամուլի ասուլիսում։ Հաղորդում է Iz.ru-ն։
Մայիսի 9-ին ԵՄ դիվանագիտության ղեկավարն ասել է, որ Բրյուսելը պետք է դիտարկի ռուսական սառեցված արժութային պահուստների դուրսբերման հարցը, որպեսզի օգնի վճարել Ուկրաինայի վերականգնման ծախսերը հատուկ գործողության ավարտից հետո:
«Գողություն, որը նրանք նույնիսկ չեն փորձում թաքցնել», – ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Բորելի նախաձեռնությունը։
Լավրովը կարծում է, որ նման գործողություններն Արեւմուտքի համար դառնում են «սովորության նման մի բան»։ Նա օրինակ է բերեց իրավիճակը աֆղանական ակտիվների սառեցման հետ կապված, որոնք Արևմուտքում «ցանկանում են օգտագործել ոչ թե Աֆղանստանի ժողովրդի կարիքների համար», այլ երկրի վերականգնման հետ չկապված նպատակների համար:
Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ ապրիլի 29-ի դրությամբ երկրի միջազգային պահուստները կազմել են 593,1 մլրդ դոլար, արտասահմանում սառեցվել է Ռուսաստանի ոսկեարժութային պահուստներից մոտ 300 մլրդ դոլար։
Մարտի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Արևմուտքը, որոշելով սառեցնել ռուսական պահուստները, չի կատարել Ռուսաստանի հանդեպ իր պարտավորությունները և գիծ է քաշել իր արժույթների հուսալիության վրա: