60 հազար դոլար և բնակարան Կենտրոնում. ինչ ունեցվածք է դիզել Տեսչական մարմի աշխատակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ պաշտոնյաների դրամական միջոցների ու ունեցվածքի վերաբերյալ պաշտոնական հայտարարագրերը: Այս անգամ ուսումնասիրել ենք ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանի հայտարարագրերը: Պարզվում է՝ Վրեժ Գալոյանը պետական համակարգի հին կադրերից է եւ տարիների ընթացքում հասցրել է դիզել իրեն անհրաժեշտ ունեցվածք:
Այսպես, 2020 թվականի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագրում նշված է, որ Էրեբունի վարչական շրջանում մեկ ավտոտնակ ունի: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 267 հազար դրամ: Նշենք, որ Գալոյանը կանխիկ գումարի կարիք չի ունեցել. նրա կանխիկ գումարը կազմել է 10 մլն դրամ, 60 հազար դոլար, 1.5 մլն ռուսական ռուբլի: Ամսական ստացել է ավելի քան 211 հազար դրամ աշխատավարձ:
Ի դեպ, նշենք, որ 2020 թվականի հուլիսին նա մեկ բնակարան է նվեր ստացել Էրեբունի վարչական շրջանում: Ավելին 2020 թվականի վերջին նրա դրամական միջոցները փոփոխվել են՝ դառնալով 12 մլն դրամ, 55 հազար դոլար, 1.5 մլն ռուսական ռուբլի: Վարչապետի աշխատակազմից նա ամսական ստացել է 737 հազար դրամ աշխատավարձ: Գալոյանը 2021 թվականին «Ջերմուկ գրուպ» ընկերությունից երկու անգամ փոխառություն է ստացել 8 մլն 988 հազար դրամի եւ 38 մլն 828 հազար դրամի չափով: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 714 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը կազմել է 4.5 մլն դրամ, 55 հազար դոլար եւ 150 հազար ռուսական ռուբլի:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2021 թվականին Գալոյանը վարչապետի աշխատակազմից ամսական ստացել է 895 հազար դրամի չափով աշխատավարձ, բացի այս նա կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացել է ամսական 110 հազար դրամ աշխատավարձ: Ի դեպ, վարչապետի աշխատակազմից նա ստացել է 2 մլն 324 հազար դրամ, որը ձեւակերպվել է որպես «այլ եկամուտ»: Իսկ ՀՀ առեւտրային բանկերից մեկից ստացել է 39 մլն 382 հազար դրամ փոխառություն, վարկ, որով եւ բնակարան է գնել:
Վրեժ Գալոյանի կնոջ՝ Լիդիա Գալոյանի հայտարարագրում նշված է, որ 2020 թվականին բնակարան է գնել Երեւանի կենտրոնում՝ 48 մլն 370 հազար դրամով: Ի դեպ, գործարքի մյուս կողմը «Ջերմուկ գրուպ»-ն է: Գալոյանի տիկնոջ հայտարարագրում նշված է, որ բանկային հաշվին ունի 15 հազար դրամ, կանխիկ գումարը՝ 60 հազար դոլար է:
Լիդիա Գալոյանի եկամուտը սեփական աշխատավարձն է, որը ստացել է Շենգավիթ բժշկական կենտրոնից՝ 279 հազար դրամ, իսկ Արմենիա բժշկական կենտրոնից՝ 71 հազար դրամ: Բացի այս, Շենգավիթ բժշկական կենտրոնից նա ստացել է 445 հազար դրամ, որն էլ ձեւակերպվել է «այլ եկամուտ»:
Նշենք, որ Վրեժ Գալոյանը ՀՀ բնապահպանության (ներկայումս՝ Շրջակա միջավայրի նախարարություն) նախկին նախարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանի՝ «Բուլկի Արամի» կադրերից է: Ավելին, ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ, բացի այս, Գալոյանը դարձյալ բնապահպանության նախկին նախարար, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի ազգականն է, բնապահպանության ոլորտում հայտնվել է հենց Այվազյանի շնորհիվ եւ այս ոլորտում աշխատանքի անցել է 2003 թվականից: Մինչ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնին նշանակվելը Գալոյանը եղել է տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի թափոննների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության պետը: Ավելին, Գալոյանի թեկնածությունը տեսչական մարմնի խորհրդին առաջարկել էր տեսչական մարմնի նախկին ղեկավար Վիգեն Ավետիսյանը, ինչը զարմանալի չէ, քանի որ Վիգեն Ավետիսյանը եւս Արամ Հարությունյանի «մարդն է»: Բայց ինչպես տեսնում եք՝ Վիգեն Ավետիսյանն այժմ պետական համակարգում չէ, իսկ Գալոյանը շարունակում է պաշտոնավարել:

Ս.Հ.




Լրահոս