Լոռիում սպանության գործով մեղադրյալը դատի է տվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովին որոշումը անվավեր ճանաչել: Հիշեցննեք, որ Ալավերդի քաղաքի Ջրավազան 80 շենքի հենապատին հարող ճանապարհի մայթի մոտ, 2016թ.-ի դեկտեմբերի 28-ին` ժամը 3:35-ի սահմաններում, հայտնաբերվել էր ալավերդցի 34-ամյա Ռոման Պողոսյանի դիակը:
Սպանության՝ շուրջ 11 ամիս տևած նախաքննությունից հետո Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Մ. Ներսիսյանը մեղադրական իր եզրակացությամբ հայտնել է, թե «բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման վրա հիմնված ներքին համոզմամբ» ամբողջապես հիմնավորվել է Ալավերդի քաղաքի Ս./Սարահարթ թաղամասի 1/25 շենքի բնակիչ Վլադիմիր Խանդամիրյանի կողմից իր հարևան Ռոման Պողոսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու հանցակազմը:
Վ. Խանդամիրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում Վ. Խանդամիրյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Քրեական գործի նախաքննության նյութերում չեն բացահայտվել տուժողի մահվան պատճառ դարձած բութ գործիքը, սպանության հանգամանքներն ու կոնկրետ վայրը: Ռոման Պողոսյանի իրավահաջորդ Սիրուշ Պողոսյանը պնդում է, որ ֆիզիկապես ուժեղ իր որդուն Վլադիմիր Խանդամիրյանը չէր կարող մենակ սպանել:
Ք. Մ.