Օրեր առաջ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել էր 28-ամյա Սոնա Մնացականյանը: Նրան վրաերթի էր ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենան: Նշենք, որ վրաերթի համար կալանավորված Ա.Նավասարդյանն ազատության մեջ է:
Քիչ առաջ Գլխավոր դատախազությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ 2022թ. մայիսի 2-ին քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազը որոշում է կայացրել Ա. Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին որոշումները վերացնելու մասին:
Քննիչին ցուցում է տրվել բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ, այդ թվում նաև՝ մեղադրյալին առաջադրված մեղադրանքը լրացնել՝ մեղադրանք առաջադրելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում կայացնել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին:
Դատախազի գրավոր ցուցումների վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը ներկայացրել է առարկություն, որը վերադաս դատախազի կողմից մերժվել է:
Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեն չի ուզում քննել դեպքի վայրը լքելու դրվագը: ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է լրացնել մեղադրանքը հենց այդ մասով, որպեսզի լիարժեք քննություն արվի և կալանքի միջնորդություն արվի: