
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստին համաձայնություններ են ձեռք բերվել Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալների ավելացման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը:
Նա նշեց, որ միջկառավարական հանձնաժողովի այս նիստի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, մասնագետների գնահատականով, ամենաբովանդակալից և համապարփակ փաստաթղթերից է, որի մեջ ներկայացված են բոլոր ոլորտները:
«Ներկայում Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունները զիջում են քաղաքական հարաբերությունների մակարդակին: Քաղաքական հարաբերությունների գերազանց մակարդակը խոսում է այն մասին, որ մենք պետք է տնտեսական հարաբերությունների առավել զարգացման մասին մտածենք: Մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալների նշանակալի բարձրացմանը»,-ասաց նա: