«Ժողովուրդ» օրաթերթի թղթակցին են դիմել Դիլիջան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտների ծնողներ, որոնք բողոքել են, որ դպրոցի դասասենյակները նորոգելու համար դասղեկների միջոցով ծնողներից 10 հազարական դրամի հավաք է կազմակերպվում, եւ այդ կերպ նորոգվում դասասենյակը։ Ծնողների խոսքերով՝ դպրոցի շենքը վատ վիճակում է, դասասենյակների հատակի մանրատախտակը պոկված է։ Ծնողների խոսքով իրենք սոցիալական վատ վիճակում են գտնվում, կարիքավոր ընտանիքների համար դժվար է իրենց երեխայի դասասենյակի նորոգման համար 10 հազար դրամ տալը։
Նրանք վկայեցին, որ Դիլիջան թիվ 2 դպրոցի տնօրեն Մարինե Մեջինյանը ծնողների հանգանակած փողերով դասարանների նորոգման գործը սկսել է 4-րդ դասարանում սովորող իր թոռնուհու դասարանից, որը վերանորոգվել է։
«Ժողովուրդ»-ը կապ է հաստատել տնօրեն Մարինե Մեջինյանի հետ, որը ասել է, որ իրենց դպրոցի 5-րդ դասարանի դասասենյակի նորոգումը նախաձեռնել են այդ դասարանի աշակերտների ծնողները, որոնք ցանկացել են դասարանն ավելի նորոգ դարձնել, այդ դասարանի աշակերտների ծնողներից ոչ մեկը չի առարկել դրա դեմ։
Տնօրենն ընդունել է, որ որոշ ծնողներ ամաչելով հայտնել են, որ իրենք կարիքավոր են, այդ գումարը չունեն, առերեւույթ համաձայնվել են դրամահավաքին։ Մ․ Մեջինյանի խոսքով իր թոռնիկի դասասենյակը նորոգվել է 3 տարի առաջ , երբ նա սովորում էր առաջին դասարանում, այդ կապակցությամբ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության աշխատակից Խաչիկ Խաչատրյանը եղել է Դիլիջանի թիվ 2 դպրոցում, համոզվել, որ գումար հանգանակելու համար ծնողների հանդեպ պարտադրանք չի եղել։
Այն հարցին, թե ինքը դիմե՞լ է Տավուշի մարզպետարան, որպեսզի դպրոցի դասասենյակների վերանորոգման համար պետական բյուջեից գումարներ հատկացվեն, ասել է, որ իրենց դպրոցը վատ վիճակում չի գտնվում, Տավուշի մարզում կան դպրոցներ, որոնց շենքերը առաջնահերթ նորոգման կարիք ունեն, իրենց դպրոցի երկու մասնաշենքերից մեկը հին է, դպրոցի պահպանման ծախսերից գումարներ են օգտագործում մասնակի նորոգումներ կատարելու համար։
Մ․ Մեջինյանի խոսքով մտադիր են առաջիկայում նորոգել դպրոցի ֆիզիկայի եւ քիմիայի լաբորատորիաները։
Հավելենք, որ Տավուշի մարզի հանրակրթական շատ դպրոցների շենքեր գտվում են վատ վիճակում, սակայն պետական բյուջեից գումարներ չեն հատկացվում դրանք նորոգելու համար։ Պետբյուջեի միջոցները ծախսվում են մարզպետարանի պաշտոնյաներին պարբերաբար պարգեւատրելու նպատակով։ 2021թվականի առաջին 10 ամիսներին Տավուշի մարզպետարանի աշխատողները պետական բյուջեից պարգեւատրվել են 68 միլիոն դրամի չափով։
Ոսկան Սարգսյան
Տավուշ