Ֆինլանդիայի վարչապետն ու նախագահը հանդես են եկել ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու օգտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը հայտարարել են, որ երկիրը պետք է անհապաղ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը:

Նշվում է, որ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն և վարչապետ Սաննա Մարինը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Այս գարնանը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի հնարավոր անդամակցության մասին կարևոր քննարկում է տեղի ունեցել: Ժամանակ էր հարկավոր, որպեսզի խորհրդարանը և ողջ հասարակությունը հստակեցնեին իրենց դիրքորոշումն այս հարցում: Ժամանակ էր հարկավոր ՆԱՏՕ-ի, դրա անդամ երկրների, ինչպես նաև Շվեդիայի հետ միջազգային սերտ շփումների համար: Մենք ցանկանում էինք անհրաժեշտ քննարկումների համար տարածություն բացել: Հիմա, երբ որոշում կայացնելու ժամանակը մոտ է, մենք հայտարարում ենք մեր համահունչ դիրքորոշման մասին՝ նաև խորհրդարանական խմբերի և կուսակցությունների համար: ՆԱՏՕ-ին անդամակցելը կուժեղացնի Ֆինլանդիայի անվտանգությունը: Դառնալով ՆԱՏՕ-ի անդամ՝ Ֆինլանդիան կամրապնդի ողջ պաշտպանական ալյանսը: Ֆինլանդիան անհապաղ պետք է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնի: Մենք հույս ունենք, որ նման որոշում կայացնելու համար դեռևս անհրաժեշտ քայլերը կարվեն արագ՝ առաջիկա մի քանի օրերի ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը ամեն ինչ փոխել է Ֆինլանդիայի անվտանգության տեսանկյունից, որը 1340 կիլոմետր երկարությամբ սահման ունի Ռուսաստանի հետ:

Հայտարարության հրապարակմանը զուգահեռ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում ելույթ է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն՝ հայտարարելով, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները փոխել են եվրոպական և ֆիննական անվտանգության ճարտարապետությունը: «ՆԱՏՕ-ի հետ Ֆինլանդիայի երկարաժամկետ համագործակցությունը սերտ է և լայնամասշտաբ, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցումը կամրապնդի անվտանգությունն ու կայունությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում»,- ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը:

Նշվում է, որ Շվեդիան նույնպես դիրքորոշում կարտահայտի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ:

Լրատվամիջոցը հաղորդում է, որ երկու երկրներում իշխող կուսակցությունները իրենց դիրքորոշումները կհրապարակեն առաջիկա հանգստյան օրերին:




Լրահոս