Մայիսի 3-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, համապատասխանաբար Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը եւ դեսպան Սերդար Քըլըչը երրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։
Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջեւ լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում եւ քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ շոշափելի առաջընթացի հասնելու համար։
Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների։
Այդ հանդիպումը արդեն երրորդն է հայ-թուրքական հարաբերությունների հարցով հատուկ բանագնացների նշանակումից ի վեր: Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպել էին հունվարին Մոսկվայում, այնուհետեւ՝ փետրվարին Վիեննայում: Երկու հանդիպումների արդյունքում բանագնացները պայմանավորվել էին շարունակել գործընթացը՝ առանց նախապայմանների:
Ու չնայած թուրքական կողմը պնդում է, թե եկել է բանակցությունները Երեւան ու Անկարա տեղափոխելու ժամանակը, այս հանդիպումը եւս, հայկական կողմի առաջարկով, երրորդ երկրում կայացավ:
Մոտ մեկ ամիս առաջ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել էր հայ-թուրքական սահմանի բացումից եւ նշել, որ արդեն քննարկվում են տեխնիկական բնույթի հարցեր, մասնավորապես՝ տարիների ընթացքում Արաքսի վարարման հետեւանքով առաջացած սահմանային փոփոխություները. «Սահմանային գետերի սողանքների հետ կապված հարցեր կան։ Քննարկվում է, թե ինչ աշխատանքներ կարող են տարվել։ Վաղը սահմանների բացման դեպքում հաղորդակցության հարցեր առաջ կգան։ Ճանապարհների եւ երկաթուղիները գործարկման հետ կապված երկու կողմերն էլ անելիքներ ունեն»։
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ անդրադարձել է անցած շաբաթ Ուրուգվայում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին: Ապրիլի 23-ին՝ Ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին, տեղի հայ համայնքը ցույցով էր դիմավորել Չավուշօղլուին, որն ի պատասխան մեքենայի պատուհանից ցույց էր տվել մի շարք երկրներում արգելված թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական կազմակերպության ժեստը:
Ավելի քան տասն օր անց, առաջին անգամ արձագանքելով այդ միջադեպին, Չավուշօղլուն ասել է՝ ցուցարարներն են տգեղ պահել իրենց, ինքն էլ անհրաժեշտ պատասխանն է տվել։ Նրա համոզմամբ՝ այդ ժեստը վիրավորանք չէր ո՛չ Ուրուգվայի իշխանություններին, ո՛չ Ուրուգվայի ժողովրդին, ո՛չ էլ հայ ցուցարարներին, եւ իր հասցեին մեղադրանքները անհիմն են: Թե կոնկրետ ինչն էր իրեն վրդովեցրել, Չավուշօղլուն չի հստակեցրել:
Անցած շաբաթ հայ-թուրքական կարգավորմանն անդրադարձել էր նաեւ Թուրքիայի նախագահը երկրում ապրող փոքրամասնությունների հետ ընթրիքի ժամանակ, որին ներկա էր նաեւ Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Նա «Ազատությանը» պատմեց, որ Էրդողանը ասել էր, թե լիահույս է, որ հայ -թուրքական սահմանը կբացվի:
Հունվարից շարունակվող բանակցությունների արդյունքում առայժմ կողմերը համաձայնել են միայն վերականգնել օդային հաղորդակցությունը՝ վերսկսելով ուղիղ չվերթները Երեւանի ու Ստամբուլի միջեւ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊՆ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 2-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
ՀՆԱՐԱՎՈՐ Է
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հնարավոր Է համարել, որ ՆԱՏՕ-ն բացասական դեր Է խաղում ուկրաինական ճգնաժամի էսկալացիայի հարցում: «(Հավանաբար) ՆԱՏՕ-ի հաչոցը Ռուսաստանի դռների մոտ հանգեցրեց Կրեմլի հակազդեցությանը: Ցասումը, չգիտեմ, հրահրված Էր արդյոք, բայց, հավանաբար, նպաստել Է»,-ասել է նա: «Չի կարելի կարծել, թե մեկ ազատ պետություն կարող Է պատերազմ վարել մի այլ ազատ պետությունում»,- ասել Է Ֆրանցիսկոսը՝ հիշեցնելով «Էպիզոդներով երրորդ համաշխարհային պատերազմի» մասին իր թեզիսը: «Ես լոկ արձանագրում եմ իրականությունը. Սիրիա, Եմեն, Իրաք, Աֆրիկայում մի պատերազմ Է մյուսի հետեւից: Եվ բոլորի հետեւում կանգնած են միջազգային շահերը,- շարունակել Է քահանայապետը:- Ուկրաինայում ուրիշներն են հակամարտություն ստեղծել»: Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը «հին փաստարկ» է համարել ուկրաինացիների արձագանքը Դոնբասի իրադարձություններին: «Միակ բանը, որ մեղադրում են ուկրաինացիներին, նրանց արձագանքն Է Դոնբասի, բայց դա 10 տարի առաջ Էր, դա հին փաստարկ Է»,- կարծում Է նա:
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՆՎԻ
Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները չեն հանվի այնքան ժամանակ, քանի դեռ Կրեմլը խաղաղ համաձայնագիր չի կնքել Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ նշելով, որ Ուկրաինան պետք է թելադրի խաղաղության պայմանները։ Շոլցը բացատրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սխալվել է իր հաշվարկներում, երբ կարծել է, որ պատժամիջոցները կարճատեւ են լինելու: «Նա Ուկրաինայում իր ամբողջ օպերացիան մինչեւ վերջ չէր մտածել: Նա չէր կարծում, որ Ուկրաինան այդքան կդիմադրի: Նա չէր կարծում, որ մենք կաջակցենք նրանց, որպեսզի նրանք այսքան երկար դիմադրեն… Չենք չեղարկի պատժամիջոցները, քանի դեռ նա չի համաձայնել Ուկրաինայի հետ»,- ասել է Շոլցը։
ԱՌԱՆՑ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նստաշրջանը։ Օրակարգում 23 հարց է, այդ թվում՝ Հայաստանի դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում նիստին։ Նրանք փողոցային պայքարի միջոցով պահանջում են վարչապետի հրաժարականը:
ՎՃԱՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Հայաստանում ցեմենտի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող «Արարատցեմենտ» ընկերությունը կտրուկ ավելացրել է հարկային վճարումները: Մեր հանրապետության մյուս` երբեմնի արդյունաբերական հսկան` Հրազդանի ցեմենտի գործարանը, այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե հարկ ու տուրք ընդհանրապես չի վճարել: Ավելին՝ հազար խոշորների ցանկում հայտնվել է ցեմենտի արտադրությամբ զբաղվող երրորդ՝ «Շինցեմենտ» ընկերությունը: Մեզ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտ» ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե վճարել է 996 մլն 52 հազար դրամ հարկ ու տուրք, մինչդեռ նախորդ տարվա նշված ժամանակահատվածում ընկերության հարկային վճարումները կազմել են 443 մլն 968 հազար դրամ. մեկ տարվա ընթացքում 552 մլն 84 հազար դրամով ավելացրել է հարկային վճարումները: Բայց Կոտայքի մարզում գտնվող «Հրազդան» ցեմենտի գործարանը այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե հարկ չի վճարել, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության վճարած հարկը կազմել է 53 մլն 63 հազար դրամ: ArmLur.am-ը զանգահարեց «Հրազդան» ցեմենտի գործարան եւ հետաքրքրվեց, թե ինչու ընկերությունը տեղ չի գտել հազար խոշոր հարկատուների ցանկում: Մեր հարցին ի պատասխան՝ գործարանից փոխանցեցին, որ շուրջ մեկ ամիս չեն աշխատել, գործարանում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, սակայն հիմա աշխատում են: Միաժամանակ փոխանցեցին, որ ընկերության արտադրության եւ իրացման ծավալները նվազել են: Իսկ, ահա, հազար խոշորների ցանկում հայտնված մյուս ընկերության՝ «Շինցեմենտ»-ի՝ պետբյուջե կատարած հարկային վճարումներն այս տարվա առաջին եռամսյակում կազմել են 176 մլն 906 հազար դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել է 76 մլն 230 հազար դրամի հարկ ու տուրք:
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ՝ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
Հայաստանի վարչապետի աշխատակազմը հայտնվել է հազար խոշոր հարկատուների ցանկում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմը հազար խոշորների ցանկի 155-րդ տեղում է եւ այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե կատարել է 368 մլն 972 հազար դրամի չափով հարկային վճարումներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վարչապետի աշխատակազմը վճարել է 347 մլն 97 հազար դրամ հարկ ու տուրք: Նախորդ տարվա առաջին եռամսյակում վարչապետի աշխատակազմը զբաղեցրել է ցանկի 144-րդ տեղը, այսինքն՝ վարչապետի աշխատակազմը մեկ ամսվա ընթացքում 21 մլն 875 հազար դրամով ավելացրել է հարկերը: Իսկ, ահա, նախորդ տարվա ընթացքում վարչապետըի աշխատակազմի վճարած հարկերը կազմել են 1 մլրդ 657 մլն 261 հազար դրամ: