ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԻ ԱՃ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետությունում 2021թ. արձանագրվել է հանցավորության 30245 դեպք, որը 14.3 տոկոսով կամ 3077 հանցագործությունով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով ՀՀ դատախազության 2021թ. գործունեության տարեկան հաղորդումը:

 

Ամենապարզ վերլուծությունը վկայում է վերջին տարիներին հանցագործությունների բացարձակ թվի աճի երկու հիմնական պատճառի մասին՝ առաջին՝ բազմաթիվ նոր, հատկապես ոչ մեծ կամ միջին ծանրության արարքների քրեականացում, եւ երկրորդ՝ հանցագործությունների պաշտոնական գրանցման բացահայտման աշխատանքների բարելավում: Հաշվետու տարում գրանցված 30245 դեպքերի բացարձակ մեծամասնությունը կամ 84.1 տոկոսը կազմում են ոչ մեծ եւ միջին ծանրության, այսինքն՝ նվազ հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունները:

Առանձնապես ծանր հանցագործությունները ընդհանուր հանցագործությունների զանգվածում կազմել են 1.2 տոկոս, իսկ ծանր հանցագործությունները՝ 14.7 տոկոս: Ընդ որում՝ որպես կանոն, տարիներ շարունակ երկրաչափական պրոգրեսիայով նվազել է ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռն արտահայտող միջին տարեկան ցուցանիշը:

2011-2021թթ. ընթացքում հանցավորության կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններն արտահայտող տարեկան միջին ցուցանիշը կազմել է տարեկան 18.1 տոկոս, մինչդեռ 2021թ. ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների ընդամենը 15.9 տոկոսը՝ շուրջ 2.2 տոկոսով պակաս:

Հաշվետու տարվա հանցավորության ցուցանիշներով մեր երկրում 100.000 բնակչին բաժին է ընկնում 1020 հանցագործության դեպք:

Գլխավոր դատախազը նշել է, որ այս ցուցանիշով Հայաստանը տեսանելի դրական պատկեր է ապահովում: Անկախ միջազգային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ հանցավորության մակարդակի 2022թ. ցուցիչով Հայաստանը զբաղեցնում է տասներորդ տեղը՝ 22.79 դեպքով առաջ անցնելով ԱՊՀ բոլոր երկրներից, ինչպես նաեւ եվրոպական երկրների մեծ մասից: Այսպես, Դանիան զբաղեցնում է 20-րդ տեղը, Ֆինլանդիան՝ 23-րդը, Գերմանիան՝ 42-րդ տեղը, Ռուսաստանը՝ 51-րդ տեղը:

Արթուր Դավթյանը նշել է, որ, հանցագործությունների աճին զուգընթաց, 2021թ. արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ: Հաշվետու տարում բացահայտման ցուցանիշը կազմել է 57.7 տոկոս՝ նախորդ տարվա 55.7 տոկոսի դիմաց:

«Պետք է փաստել, որ 2021թ. բացահայտվել է 3830-ով ավելի հանցագործություն, քան նախորդ տարի: Այնուհանդերձ, ունենք առանձին հանցագործությունների մտահոգիչ դինամիկա, որոնցից առաջինը մարդու դեմ ուղղված հանցագործության՝ սպանության 10-ով կամ 20 տոկոսով, սպանության փորձի 7-ով կամ 18 տոկոսով աճ: Այս եւ աճ արձանագրած մյուս հանցատեսակների շարժընթացը մշտապես գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում է: Պարբերական վերլուծությունների, ուսումնասիրությունների արդյունքում պատկան մյուս մարմինների հետ ձեռնարկվում են հանցագործությունները կանխարգելելու բոլոր անհրաժեշտ միջոցները»,- նշել է գլխավոր դատախազը:

Անդրադառնալով 2022թ. առաջին երեք ամիսների տվյալներին՝ նա նշել է, որ արձանագրվել է սպանությունների 45 տոկոսով, սպանության փորձերի 33 տոկոսով, բնակարանային գողությունների 13 տոկոսով, մահվան ելքով ճանապարհատրանսպորտային հանցագործությունների 18 տոկոսով նվազում:

Գլխավոր դատախազը նաեւ անդրադարձել է թմրամիջոցների շրջանառությանը, կարեւոր համարել դրա դեմ հանընդհանուր պայքարը: 2021թ. ավելացել է թմրամիջոցների առգրավումների քանակը:

Արթուր Դավթյանը կարեւորել է նաեւ միջազգային համագործակցությունը, հատկապես՝ շեշտադրվել է Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմնի հետ գործակցությունը:

ՀՀ գլխավոր դատախազը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են հանցագործությունների բացահայտմանը, կանխարգելմանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը եւ այլ խնդիրներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՊՊԾ ՊԵՏԻԳՈՐԾԸ՝ ՔՆՆՉԱԿԱՆՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ բողոքի ակցիաների ժամանակ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի` երեկվա գործողությունների հետ կապված տեսանյութը, դեպքին առնչվող ստացված հաղորդումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:

Հիշեցնենք, որ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն աչքի է ընկնում ակցիաների ժամանակ մարդկանց քացի տալու սովորությամբ, երեկ անհնազանդության խաղաղ ակցիաների ընթացքում Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողի ու օպերատորի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի հանդեպ։ Այդ դեպքից հետո շատերը հանդես եկան նրան պատասխանատվության ենթարկելու կոչով: ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն առաջինն անդրադարձավ դեպքին եւ հայտարարեց, որ անհապաղ պետք է ՀՀ ՊՊԾ պետը պատասխանատվության ենթարկվի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Այս հայտարարությունից հետո եւս  շատ լրագրողական կազմակերպություններ պահանջեցին ծառայողական քննություն նախաձեռնել եւ պատասխանատվության ենթարկել ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանին եւ իրենց լիազորությունները գերազանցած նրա ենթականերին։

Ժուռնալիստների միությունը Նիկոլ Փաշինյանից պահանջել էր պատասխանատվության ենթարկել ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր՝  Սարգիս Հովհաննիսյանի արածն օրենքի կոպիտ խախտում է։

 

 

ԿՈՄԻՏԵՆ ՀԵՏԱՁԳԵՑ

Հակակոռուպցիոն կոմիտեն Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու միջնորդության մասով որոշում է կայացրել: ArmLur.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդության լուծումը հետաձգվել է մինչեւ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քննարկում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդությունը: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ապրիլի 29-ին գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդության հարցը կհետաձգի՝ նշելով, թե կա որոշակի փաստերի ստուգման գործընթաց, որի հետազոտման արդյունքում նոր կարող են որոշում կայացնել: Ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է նաեւ առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետեւանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող վերոնշյալ քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վերը նշված նույն գործով վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ եւ 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով:

 

 

 

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Փաստաբան Արամ Օրբելյանը վերջին հանդիպմանը փորձեց քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել, սակայն դատարանը թույլ չտվեց։ Խուդոյանի խոսքով՝ քրեական հետապնդումը շարունակելը նշանակում է անմեղության կանխավարկածի խախտում, իսկ Քոչարյանին առաջադրված «մեղադրանքի» հիման վրա հետապնդում չի կարող իրականացվել։ Փաստաբանն ընթերցեց «մեղադրանք» հասկացության սահմանումը։ Փաստաբանները բազմիցս նշել են, որ ստեղծված իրավիճակում արդյունավետ պաշտպանություն իրականացնելն անհնար է, քանի որ բոլորովին անհասկանալի է, թե ինչ գործողություն կամ անգործություն է վերագրվում Ռոբերտ Քոչարյանին։ Նույն կարծիքին է նաեւ Արմեն Գեւորգյանի պաշտպանությունը։ Փաստաբանը հիշեցրեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները եւ ՄԻԵԴ որոշումները։ Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ մեղադրական եզրակացության մեջ նկարագրված են Սիլվա Համբարձումյանի մտքերն ու ենթադրյալ գործողությունները, սակայն այլ անձանց գործողությունների մասին տվյալներ չկան։ Ընդ որում, ենթադրյալ կաշառքի գործարքի նախաձեռնող եւ կատարողի՝ Համբարձումյանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։ Որպես ապացույց Խուդոյանը մեջբերեց մեղադրական եզրակացությունից մի շարք հատվածներ: «Նկարագրվածն ամբաստանյալների հետ կապ չունի»,- ընդգծեց փաստաբանը։ «Նման պայմաններում գործընթացը շարունակելը մրցակցայինից տեղափոխում է ինկվիզիտորական։ Այս մոտեցումը խախտում է դատական գործընթացի միանգամից մի քանի սկզբունքներ»,-ասաց Հովհաննես Խուդոյանը։

 

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

Նախօերին  ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ստացված հեռախոսագրի կապակցությամբ փնտրողական աշխատանքնների արդյունքում նույն օրը Ասկերանի շրջանի Նախիեւանիկ գյուղում տեղակայված հանգուցյալ Վ. Հակոբյանին պատկանող տան բակում հուղարկավորված վիճակում հայտնաբերվել է ՀՀ Շիրակի մարզ Գյումրի քաղաքի բնակիչներ 55-ամյա Ա.Թ.-ի եւ 45-ամյա Ռ.Կ.-ի դիերը` գլխի շրջանում առկա մարմնական վնասվածքններով: ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի եւ ՀՀ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս. թ. ապրիլի 16-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, նշված սպանությունը կատարել են ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի 37-ամյա բնակիչ Է. Ե.-ն եւ Արարատի մարզի Ոստան գյուղի 51-ամյա բնակիչ Է. Մ.-ն: Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ, իրականացվում է նախաքննություն:




Լրահոս