«ԱՅՍ ԲՈՂՈՔԻ ԱԼԻՔԸ ԱՌՈՂՋ Է». Ռ. ԱՎԵՏԻՍՈՎՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իմ կոլեգաների ոտքի չկանգնելը բացառում եմ  նրանով, որ շատերը  չեն հավատում այն մարդկանց, որոնք առաջնորդում են խաղաղ անհնազանդության ակցիաները, պահանջում են ներկայիս իշխանության հրաժարականը եւ ցանկություն չունեն նրանց հետեւից գնալու: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Ռոզի Ավետիսովնան՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին:

 

«Շատերը գուցե հիասթափված են եւ ոչ միայն կոլեգաներս, այլ նաեւ սովորական քաղաքացիները. ինչպես տեսնում ենք, այնքան էլ ակտիվ չեն պայքարում, ինչպես 2018 թվականին էր: Կարծում եմ՝ դա կապված է վերջին տասնամյակների հիասթափություններով, ոմանք չեն հավատում, շատերը ուղղակի մտածում են՝ եթե լինի իշխանափոխություն, ովքե՞ր են գալու իշխանության, դա ի՞նչ է տալու երկրին: Այն, որ այս բողոքի ալիքը առողջ է ու պետք է լիներ, դրանում կասկած չկա՝ հետեւելով վերջին երեք տարիների իրադարձություններին, այն ողբերգություններին, որոնք տեղի ունեցան մեր ազգի եւ երկրի հետ: Այս արդարացի բողոքի ալիքը պետք է ժողովրդին հանի ոտքի, որպեսզի նրանք պայքարեն իրենց իրավունքների համար: Ես կարծում եմ՝ սա պետք է ինչ-որ սթափեցնող ազդակ լինի նաեւ իշխանությունների համար»,-ասաց դերասանուհին:

Դերասանուհու խոսքով՝ «Մարտի 1» կրկնվել կամ չկրկնվելու կիանխատեսումները հնարավոր են, քանի որ ներկա իշխանությունն իր գործողություններում անկանխատեսելի է:

«Երբեք չես կարող իմանալ, թե նման իշխանություններից ինչ կարող ես սպասել: Այս իշխանությունը անկանխատեսելի է վատ առումով, եւ դա բերում է նրան, որ մարդիկ վախենան փողոց դուրս գալուց, պայքարելուց: Ես ինքս չեմ մասնակցի: Չեմ մասնակցել  2018 թվականին եւ չեմ մասնակցի հիմա, դրա համար ես ունեմ իմ պատճառները, չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ ընդունում եմ այն, ինչ կատարվում է  այսօր: Ես չեմ ընդունում եւ չեմ ընդունել այս իշխանության մարդկանց դեռեւս 2018 թվականից, բայց ինքս բողոքի ակցիաներին չեմ մասնակցում»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ երեկվանից Երեւանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։ Դիմադրության շարժման անդամները շարունակում են երթեր անցկացնել, ճանապարհներ փակել՝ փորձելով նոր մարդկանց ներգրավել իրենց շարքերը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

«ՉՈՒՉԵԼ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԿՀԱՄԱԼՐԻ ԽԱՂԱՑԱՆԿԸ

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի եւ շվեդական «Գլոբալ թու լոքալ» կազմակերպության համագործակցությամբ՝ մայիսի 5-ին Դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Վլադիմիր Ժելեզնիկովի «Խրտվիլակը» վիպակի հիման վրա բեմադրված «Չուչել» ներկայացումը։

 

««Չուչել» ներկայացման բեմադրությամբ ցանկանում ենք մշակույթի լեզվով բարձրաձայնել դեռահասների շրջանում հաճախ հանդիպող եւ շատերի համար դեռեւս անծանոթ «բուլլինգ» երեւույթի եւ դրա երկարատեւ բացասական հետեւանքների մասին։ Ցանկացած ֆիզիկական կամ հոգեբանական ճնշում, որը կրում է շարունակական բնույթ մեկ երեխայի նկատմամբ իր համադասարանցիների կամ մեկ այլ խմբի կողմից, կարելի է անվանել «բուլլինգ»։ Անկախ տարածված կարծիքից, որ բուլլինգը հասունացման բնական գործընթաց է, գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս բացասական երեւույթի բոլոր գործող անձինք՝ նախաձեռնողները, նրանց սատարողները, զոհերը եւ անգամ պասիվ դիտորդները սոցիալական առողջ հարաբերություններ կառուցելու լուրջ խնդիրների են բախվում ողջ կյանքում»,- այս մասին նշում է  «Գլոբալ թու լոքալը» շվեդական կազմակերպության հիմնադիր եւ ղեկավար, «Չուչել» ներկայացման գաղափարի համահեղինակ Իրինա Ալեվերտը։

Ներկայացման գաղափարի համահեղինակն է Իրինա Ալեվերտը։ Բեմականացման հեղինակներ՝ Գրիգոր Խաչատրյան, Էմմա Մանուկյան, ռեժիսոր՝ Գրիգոր Խաչատրյան։

«Չուչել» ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Լեւոն Հախվերդյանը, Էմմա Մանուկյանը, Լիդիա Գրիգորյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Դիանա Մալենկոն, Նարեկ Մարտիրոսյանը, Լիդա Լեւոնյանը, Արմեն Մեսրոպյանը, Նարեկ Քթոյանը, Էմմա Մկրտչյանը, Մարիամ Ադամյանը:

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԵՐԿԱՐԱՁԳԻ

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչի հետ. հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2024թ. հունիս։ 33-ամյա ֆուտբոլիստը կստանա տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ։ Իվան Պերիշիչը 2015-ին է գերմանական «Վոլֆսբուրգից» տեղափոխվել «Ինտեր», որի հետ մասնակցել է 250 հանդիպման, խփել 52 գոլ, կատարել 48 գոլային փոխանցում։ 2019-2020-ին Պերիշիչը վարձակալությամբ հանդես է եկել Մյունխենի «Բավարիայում»։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը Պերիշիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։

 

 

 

ՀԱՐՁԱԿՎՈՂԻ ՁԵՌՔ ԿԲԵՐԻ

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ամաառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել առնվազն մեկ հարձակվողի։ Թեկնածուներն են Դարվին Նունիեսը («Բենֆիկա»), Թեմի Աբրահամը («Ռոմա»), Գաբրիել Ժեզուսը («Մանչեսթեր Սիթի») եւ Կոդի Գակպոն («ՊՍՎ Էյնդհովեն»). հաղորդում է Football.london-ը։ 22-ամյա Նունիեսն այս մրցաշրջանում մասնակցել է 40 հանդիպման, խփել 34 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։ 24-ամյա Թեմի Աբրահամը Իտալիայի ընթացիկ առաջնության 34 խաղում խփել 15 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ 25-ամյա Գաբրիել Ժեզուսը Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 25 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ 22-ամյա Գակպոն ընթացիկ մրցաշրջանում բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։

 

 

 

ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ

Հայաստանցի երիտասարդ ծանրորդները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում: Հունաստանի Իրակլիոն քաղաքում սկսվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականի համար հաջող էր  մեկնարկը: Առաջինը  պայքարի մեջ մտավ 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, որը պոկեց 108 կգ եւ հրեց 132 կգ: Երկամարտի 240 կգ արդյունքով Չոլակյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր: Առաջնությանը մասնակցում են նաեւ Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գեւորգ Ղահրամանյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) եւ Միլենա Խաչատրյանը (76 կգ):

 




Լրահոս