ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով մի շարք հայտարարություններ է արել՝ առաջարկելով խնդրի լուծման իր պատկերացումները՝ հիմնականում նշելով, որ ինքը բանակցությունները սկսում է «զրոյական կետից»։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով մի շարք հայտարարություններ է արել՝ առաջարկելով խնդրի լուծման իր պատկերացումները՝ հիմնականում նշելով, որ ինքը բանակցությունները սկսում է «զրոյական կետից»։

Փաշինյանի հայտարարությունների բովանդակությունը, սակայն, խիստ տարբեր է՝ կախված ժամանակահատվածից, աշխարհում եւ Հայաստանում տիրող իրավիճակից։

2018-2019թթ.՝ Արցախը պետք է բանակցի, «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ»

Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու անմիջապես հաջորդ օրը առաջին աշխատանքային այցը կատարեց Արցախ 2018 թվականի մայիսի 9-ին։ Այստեղ Փաշինյանը բավական կոնկրետ էր Հայաստանի՝ բանակցությունների պահանջներից եւ փոխզիջումների գնալու պատրաստակամությունից խոսելիս. «Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

Նույն շրջանում կրկին Արցախում իր ելույթներից մեկում Փաշինյանն առաջ էր տանում բազմիցս ներկայացված իր թեզերից մեկը՝ ինքն իրավունք չունի բանակցելու Արցախի անունից։ «…Շատ կարեւոր ենք համարում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակությունը, որը հաշվի կառնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ հայտարարել եմ, որ պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, բայց նաեւ կարծում եմ, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը»։

2019 մարտին Փաշինյանը Ստեփանակերտում Բակո Սահակյանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը «առաջնահերթ խնդիր» է եղել եւ կմնա Հայաստանի համար։

Նույն թվականի օգոստոսին վարչապետը հանրահավաք էր կազմակերպել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Հենց այստեղ Փաշինյանն արեց իր ամենանշանավոր հայտարարություններից մեկը՝ «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ»։

2020 թվականի մայիսին Փաշինյանը Շուշիում մասնակցեց նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը՝ կրկին խոսելով Արցախի ինքնորոշման իրավունքից. «…Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն եւ հրամայաբար պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային դե յուրե ճանաչմանը… Եվ ուրեմն, իմ կոչն ու աղերսն է՝ եկեք մեր ազգային էներգիան եւ ուժը որեւէ կերպ որեւէ հարթակում որեւէ պատճառով չօգտագործենք ինքներս մեզ այս նպատակից շեղելու, այս ճանապարհին հոգնեցնելու, ուժասպառ անելու, հուսահատ դարձնելու համար»։

Պատերազմ: «Անջատում՝ հանուն փրկության»

Իրադրությունը փոխվեց 2020 թվականի սեպտեմբերի վերջին՝ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո։ Փաշինյանը սկսեց առաջ մղել մինչ այդ ղարաբաղյան հակամարտության լուծման ավելի հազվադեպ քննարկված սկզբունքը՝ «Անջատում՝ հանուն փրկության» (Remedial secession)։

«Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսեւորումներից է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որեւէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետեւանքներին:

Փաշինյանն այս սկզբունքի կիրառման անհրաժեշտության  մասին խոսում էր պատերազմի ընթացքում միջազգային մեդիային տված գրեթե բոլոր հարցազրույցներում։ Նա հայտարարում էր, որ «Անջատում՝ հանուն փրկությանն» է միակ եղանակը՝ արցախահայության անվտանգությունն ապահովելու, եւ «ակնկալում էր», որ միջազգային հանրությունը քայլեր կձեռնարկի Արցախի ճանաչման ուղղությամբ եւ կարձանագրի, «որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ», եւ այս համատեքստում կիրառելի կհամարի ««Անջատում՝ հանուն փրկության» բանաձեւը Լեռնային Ղարաբաղի համար»։

Պատերազմի ավարտից անմիջապես հետո էլ Փաշինյանի՝ արցախյան կարգավորման տեսլականը մնում էր այս սկզբունքի կիրառումը։

«Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Փաշինյանը զինադադարի ստորագրումից մոտ մեկ շաբաթ անց։

Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը Հայաստանում քննարկվել սկսեց 2016 թ. ապրիլյան քառօրյայից հետո։

«Խաղաղության դարաշրջան» եւ «նշաձողի իջեցում»

2021 թվականի դեկտեմբերին թերեւս առաջին անգամ Փաշինյանը հրապարակայնորեն եւ երկար ելույթով անդրադարձավ «Արցախի կարգավիճակի» հարցին. «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը անպայմանորեն չի նշանակում նրա անկախություն»: Փաշինյանը նշեց նաեւ, որ այս «կարգավիճակը» ենթակա է եղել հստակեցման բանակցությունների ընթացքում։

Անդրադառնալով խաղաղության համաձայնագրի բովանդակությանը՝ ապրիլի 13-ի իր ելույթում Փաշինյանը նշեց, որ իրենց համար «սկզբունքային նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքներն ու նրանց իրավունքների, ազատությունների պաշտպանությունը, նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը»։

Փաշինյանն այդ օրը բավական բաց ելույթ ունեցավ խորհրդարանում՝ հայտարարելով, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։ Այս նշաձողը, ըստ Փաշինյանի վերջին տարիների հանրային ելույթների, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն էր կամ անկախության ճանաչումը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻՆ` ՄԻԱՅՆ TETChange ԿՐԻՊՏՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Օրեր առաջ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացվել է համաշխարհային կրիպտոհամայնքի ամենախոշոր ֆորումներից մեկը՝ Blockchain Life 2022 Moscow-ն: Հայաստանից հեղինակավոր այդ հավաքին մասնակցելու հրավեր ստացել էր մեկ կազմակերպություն՝ TETChange-ը: Հատկանշական է, որ կրիպտոշուկայում նկատվող համաշխարհային ակտիվության ֆոնին փոքր երկրներում ստեղծվում է տնտեսության զարգացման իրական հնարավորություն: Վառ օրինակ է այն, որ մեր հարեւան Վրաստանում արդեն իսկ մշակվում է նախագիծ, ինչը կկարգավորի կրիպտոարժույթների ինտեգրացիան՝ որպես ֆինանսական համակարգի մաս: Չնայած մեզանում ոլորտը կարգավորված չէ, բայց  առանձին ընկերություներ ստանձնել են համակարգը կարգավորողների պիոներների դերը: TETChange ընկերությունից մեզ փոխանցեցին, որ Հայաստանի տնտեսության վրա կրիպտոարժույթների եւ բլոկչեյն տեխնոլոգիաների  իրական ազդեցության մասին  չկան մասնագիտական հաշվարկներ, չկա նաեւ դրանց զարգացման դեպքում տնտեսության իրական սեկտորի աճի մասին ռեալ պատկերացումներ:

Հատկանշական է, որ համաշխարհային լուրջ ընկերությունների ուսումնասիրությունների համաձայն՝ մինչեւ 2022թ. վերջը կրիպտոարժույթ օգտագործողների թիվը կհասնի մի քանի հարյուր միլիոն   մարդու, ավելին՝ շատ տնտեսագետներ կարծում են, որ կշահեն այն պետությունները, որոնք հնարավորինս արագ կընդունեն կրիպտոփոխանցումները՝ որպես պաշտոնական վճարամիջոց, դա  իր հետեւից կբերի նաեւ լրացուցիչ ներդրումներ: Իրականում կրիպտոարժույթներով փոխանցումների քանակն ամբողջ աշխարհում աճում է, քանզի բանկերը սկսել են շատ խստացնել փոխանցումների պայմանները՝ հաճախ լուրջ խնդիրներ առաջացնելով գործարարների համար, ինչն էլ մարդկանց մղում է դեպի նշված ոլորտ:

 

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահիանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ Թուրքիա-Իրաք ռազմական համագործակցության գերագույն խորհրդի նիստին առնչվող հարցեր:

 

 

ԲԱՅՐԱՄՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության՝ Արեւելյան գործընկերության հարցերով դեսպան Բրիս Ռոքֆոյի հետ։ Այս մասին Azeri Daily-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։ «Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Մասնավորապես, մտքերի փոխանակում է տեղի ունեցել երեք երկրների ղեկավարների բրյուսելյան հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վիճակի շուրջ»,- փոխանցում է աղբյուրը։

 

 

ՀՌՀ ԱՆԴԱՄ

Գոհար Մամիկոնյանն ընտրվեց ՀՌՀ անդամ: Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 70-ը: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ 70 կողմ, 0 դեմ: «Ստանձնելով կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Սահմանադրությանը եւ օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, տեղեկատվության ազատության եւ բազմակարծության ապահովման միջոցով»,- ասել է նա:

 

 

ԿՈՉՆՉԱՑՎԵՆ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կայացած խորհրդակցության ժամանակ անդրադարձել է ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային զինելուն: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի մեքենաները՝ Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված զենքով եւ զինամթերքով, որոնք ժամանել են երկրի տարածք, կոչնչացվեն։ «Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները շարունակում են զենքով լցնել Ուկրաինան: Նշեմ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած տրանսպորտ, որը երկրի տարածք է ժամանել ուկրաինական զինված ուժերի կարիքների համար զենքով կամ նյութական միջոցներով, մեր կողմից համարվում է որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ասել է Շոյգուն։

 

 

 




Լրահոս