Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերի կողմից ոստիկանության տարբեր բաժիններ կատարած արագ արձագանքման այցերի արդյունքում արձանագրված շարունակական դարձած խնդիրը վերաբերում է անձի նույնականացման /ինքությունը պարզելու/ ձեւավորված արատավոր պրակտիկային. ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարությունում:
«Այս առումով Պաշտպանը դեռեւս 02.05.2022թ. արված հայտարարությամբ նշել է, որ այն դեպքում, երբ անձը, օգտվելով լռելու իրավունքից, հրաժարվում է իր անձնական տվյալները ներկայացնել, այդ թվում՝ նույնականացվել, Ոստիկանության կողմից վերջինիս կամքին հակառակ էլեկտրոնային սարքերի միջոցով նույնականացնելն անթույլատրելի է։
Հատկապես անընդունելի է անձի՝ իր կամքին հակառակ նույնականցման իրականացումն էլեկտրոնային սարքերով՝ անձանց անտեղյակությունն օգտագործելով կամ առանց նրանց իմացության՝ գաղտնի։ Նշված խնդրի կապակցությամբ Պաշտպանը հարկ է համարում անձանց իրազեկել, որ՝
- բերման ենթարկված անձինք /անկախ քրեական կամ վարչական վարույթի շրջանակում արգելանքի վերցվելու հանգամանքից/ փաստացի արգելանքի վերցվելու պահից օգտվում են լռելու հիմնարար իրավունքից,
- լռելու իրավունքն իրենից ենթադրում է ինչպես որեւէ կերպ վարույթն իրականացնողին բանավոր տեղեկություններ չհայտնելու, այնպես էլ նյութեր չտրամադրելու հնարավորությունը,
- այն դեպքում, երբ անձինք հրաժարվում են վարույթն իրականացնող մարմնին տեղեկություններ հայտնել, այդ թվում՝ իրենց անձնական տվյալները, վերջիններս օգտվում են իրենց լռելու իրավունքից։ Անձանց կողմից տեղեկություններ չհայտնելու կամ լռելու իրավունքի իրացման եղանակ է հանդիսանում նաեւ ոստիկանության ծառայողներին իր կենսաչափական տվյալների չտրամադրումը, այդ թվում՝ լուսանկարահանման կամ տեսանկարահանման եղանակով։ Այլ կերպ ասած, այն դեպքերում, երբ անձը հրաժարվում է էլեկտրոնային սարքերով նույնականացվելուց, վերջինս օգտվում է լռելու իրավունքից եւ չի ցանկանում տրամադրել այնպիսի տվյալներ, որով կնույնականացվի էլեկտրոնային սարքի միջոցով,
- անձի նույնականացման կամ վերջինիս ինքնությունը պարզելու պարտականությունը կրում է վարույթն իրականացնողը իր գործիքակազմում ունեցած այլ միջոցների օգտագործման եղանակով։ Հետեւաբար, բոլոր այն դեպքերում, երբ անձը հրաժարվում է էլեկտրոնային սարքերով նույանակացվելուց /լուսանկարվելուց/, ոստիկանությունը պետք է զերծ մնա վերջինիս լուսանկարելուց եւ հարգի անձի լռելու հիմնարար իրավունքը։
Չի թույլատրվում Ձեր կամքին հակառակ ոստիկանության ծառայողի կողմից Ձեզ էլեկտրոնային սարքերի կիրառմամբ լուսանկարելու միջոցով նույնականացնել։ Պաշտպանը հորդորում է նման իրավիճակներում զանգահարել Պաշտպանի աշխատակազմում գործող թեժ գիծ 116 հեռախոսահամարով կամ այդ տեղեկությունները հայտնել ոստիկանության բաժիններ այցելող Պաշտպանի արագ արձագանքման խմբերի աշխատակիցներին։
Միաժամանակ, Պաշտպանը Ոստիկանության ծառայողներից պահանջում է դրսեւորել իրավաչափ վարքագիծ, հարգել քաղաքացիների լռելու իրավունքը՝ դրա դրսեւորման բոլոր եղանակներով, զերծ մնալ անձանց կամքին հակառակ էլեկտրոնային սարքերով լուսանկարելով նույնականացնելու ձեւավորված պրակտիկայի շարունակությունից։
Պաշտպանը նաեւ տեղեկացնում է, որ անկախ այն հանգամանքից՝ անձինք հրաժարվել են վերոնշյալ եղանակով նույանականացվելուց, թե ոչ, վերջիններիս վարչական ձերբակալման առավելագույն ժամկետը 3 ժամն է։ Դա այն առավելագույն ժամանակահատվածն է, երբ վարույթն իրականացնողը կարող է քաղաքացուն պահել արգելանքի տակ անհրաժեշտ վարութային գործողություններ կատարելու նպատակով։ Այդ ժամկետը լրանալուց հետո անձը պետք է անհապաղ ազատ արձակվի՝ անկախ վերջինիս անձը պարզված լինել կամ չլինելու հանգամանքից։ Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ պահանջում է, որ Ոստիկանության ծառայողները զերծ մնան անհրաժեշտ տվյալներ չտրամադրելու դեպքում 3 ժամից ավել պահելու սպառնալիք հնչեցնելուց։ Բոլոր նման դեպքերը Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվում են, եւ Պաշտպանը հետեւողական է լինելու այդ դեպքերի բացահայտման եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում»-ասված է հայտարարության մեջ:
ՓԱՍՏԵՐ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Փետրվարի 24-ից սկսած, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին, միջազգային հանրությունը, իրար հերթ չտալով, դատապարտում է ռուսական կողմի գործողությունները՝ այն նույնիսկ ցեղասպանութուն որակելով:
Սակայն ArmLur.am-ի ձեռքի տակ են հայտնվել լուսանկարներ եւ տվյալներ, որոնք վկայում են Ուկրաինայի կողմից իրականացված ռազմական գործողությունների մասին՝ 2014-2015 թվականներին վերաբերող: 2014 թվականի աշնանը քաղաքացիական անձինք են զոհվել ուկրաինական հարվածների հետեւանքով: Միայն ամռանից աշուն ընթացքում 2 հազար խաղաղ բնակիչ է զոհվել, նրանց թվում 35-ը երեխաներ են: Բացի ամենամսյա կրակահերթերից խաղաղ բնակիչների ուղղությամբ, ուկրաինական ռեժիմն այնպիսի պայմաններ է ստեղծել այդ շրջանում ապրողների համար, որ անջատել էին ջուրը, էլեկտրաէներգիան, բջջային կապը, արգելափակել էին սննդի եւ դեղորայքի մատակարարման հնարավորությունները:
Նշվում է, որ մեծահասակներն ու հիվանդ մարդիկ մահացել են էլեկտրականության բացակայությունից: 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ հայտնաբերվել է հուղարկավորված 16 մարմին: Հայտնաբերվել է անգամ 4-ամսական մահացած երեխայի մնացորդներ: Դրանից հետո հումանիտար իրավիճակը շարունակել է ծանր մնալ: Շատ բնակավայրեր շարունակել են անջատված մնալ ուկրաինական կողմի գործողությունների հետեւանքով: Այլ տվյալներ եւս հայտնի են. 2015 թվականի մայիս ամսվա ընթացքում ֆիքսվել են Ուկրաինայի Զինված ուժերի կողմից 111 կրակոցի դեպքեր Դոնեցկի Հանրապետության ուղղությամբ: Այդ ժամանակ վնասվել են շենքեր, շինություններ: Հիմնականում մայիսին են նման դեպքերը շատ եղել, եւ վնասներ են կրել երեք բնակելի տներ, ավտոմեքենաներ: Դեպքի վայրում հայտնաբերվել են զինամթերքի 30 մմ-անոց մնացորդներ:
Կրակոցների դեպքեր են եղել նաեւ Լուգանսկի ուղղությամբ, եւ հայտնաբերվել են 120 մմ եւ 82 մմ երկարությամբ հատվածներ: Պարբերաբար քաղաքացիական օբյեկտների վնասներ եւս եղել են: Այսպիսի տվյալները բնականաբար շատ են, եւ որքան էլ այժմ Ռուսաստանի Դաշնությունն է ագրեսոր եւ պատերազմ հրահրող համարվում, այս տվյալներն Ուկրաինայի մասով ինքնին խոսուն են:
Ն. Հ.
ԴԱՏԱՎՈՐԻՆ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մայիսի 6-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, նշանակված է 2012թ. Բերդ քաղաքային համայնքի, 2017թ. Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի, Բերդ խոշոր համայնքի ավագանու անդամ Սարգիս Մարգարյանի եւ նույն համայնքի սահմանամերձ Այգեպար բնակավայրի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանի դատավարության առաջին նիստը։
Հ. Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ունենալով ամբաստանյալի դատավարական կարգավիճակ, 2022թ. մարտի 4-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը քննություն առնելու մասին որոշումը դատավոր Սամվել Մարդանյանի կողմից հրապարակելուց, այն է՝ միջնորդությունը մերժելուց հետո իր պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելու նպատակով նրա հասցեին հնչեցրել է վիրավորական արտահայտություն՝ այդկերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ։
Սարգիս Մարգարյանին եւ Արկադի Յամուկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նախագահող դատավորի կողմից վերոհիշյալ միջնորդությունը մերժելուց հետո նրանք դատավորի հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ՝ այդկերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ։ Երեքին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասով։ Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 200-500 հազար դրամի չափով տուգանք կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով։ Հ. Մանուչարյանը գտնվում է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, Ս. Մարգարյանի եւ Ա. Յամուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Նրանք դատավոր Ս. Մարդանյանի հասցեին վիրավորական արտահայտությունները ասել են Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում ընթացող, Հ. Մանուչարյանին վերաբերյալ քրեական գործով դատավարության նիստում։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) եւ 314 հոդվածի 1-ին մասով, անազատության մեջ է 2021թ. նոյեմբերի 9-ից։ Հ. Մանուչարյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ համարելով, որ քրեական գործը սարքված է։ 2021թ. հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում Հ. Մանուչարյանը չի աջակցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ