Ամերիկահայ գիտնականների եւ ճարտարագետների ընկերակցությունն (AESA) արդեն 20 տարի կազմակերպում է ամենամյա գիտական օլիմպիադայի մրցույթներ, որոնց նպատակը դպրոցականների շրջանում ճարտարագիտության եւ գիտությունների նկատմամբ հետաքրքրության խթանումն է: ՀՀ ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ գիտական օլիմպիադայի այս տարվա մրցանակաբաշխությունը մեկտեղել էր ՀՀ դպրոցների շուրջ 100 աշակերտի եւ ուսուցչի: Միջոցառմանը մասնակցել եւ մրցանակակիրներին շնորհավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Կարեւորում եմ այս նախաձեռնությունը, որովհետեւ սա այն ճանապարհն է, որով պետք է գնանք ու այն ավելի ընդլայնենք մեր բոլոր երեխաների համար՝ խրախուսելով գիտությամբ զբաղվելը։ Նաեւ այսպիսի մրցույթներն են, որ երեխաներին տալիս են իրական հնարավորություն՝ զբաղվելու այն գործով, որը ցույց է տալիս կրթության եւ գիտության կարեւորությունը յուրաքանչյուրի կյանքում եւ դրա հեռանկարային նշանակությունը»,- փաստել է նախարարի տեղակալը: Նա վստահեցրել է՝ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթության եւ գիտության ոլորտի զարգացմանը. այն հռչակված է իբրեւ առաջնահերթություն ոչ միայն Կառավարության ծրագրում, այլեւ պրակտիկ քաղաքականության մաս է։ Դրա շրջանակում, ըստ փոխնախարարի, միայն այս տարի ավելի քան 83 տոկոսով ավելացել է գիտության բյուջեն։ «Այս առումով կարեւոր է ոչ միայն գիտական առանձին թեմաներին, սարքավորումներին եւ հետազոտություններին ուղղված ծախսերի մեծացումը, այլեւ գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման շարունակական քաղաքականությունը։ Սրա արդյունքում երեխաները կհասկանան, որ գիտությամբ զբաղվելը եւ գիտնական դառնալը մի ճանապարհ է, որը կարող է լինել անձի կարողությունները եւ հնարավորությունները բացահայտող, ինչպես նաեւ արժանապատիվ կյանքի հնարավորություն ընձեռող ուղի»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ այս խնդրի լուծմանն են ուղղված նաեւ կրթության բովանդակային բարեփոխումները՝ զարգացնելու ԲՏՃՄ կրթությունը հանրակրթական դպրոցներում։ Նախարարի տեղակալը կարեւորել է հատկապես բոլոր դպրոցներում բնագիտական եւ ինժեներական լաբորատորիաների ստեղծումը, որը Կառավարության ծրագրում ամրագրված հաջորդ կարեւոր նպատակն է։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Տավուշի մարզի բոլոր դպրոցներն արդեն ստացել են անհրաժեշտ լաբորատորիաներ, որոնց հիմքի վրա կիրականացվի տվյալ առարկաների նորովի ուսուցումը՝ դրանք իրապես դարձնելով փորձարարական, գիտական եւ ֆունդամենտալ կարողությունների հնարավորություն տվող։
«Մենք պետք է համատեղենք մեր ջանքերը եւ ձեռնարկենք անհրաժեշտ քայլեր, որոնք երեխաներին հնարավորություն կտան զարգացնելու իրենց նախասիրությունները, զբաղվել գիտությամբ եւ դրանով նպաստել մեր երկրի զարգացմանը։ Ուրախ եմ, որ այս երեխաները գտել են իրենց այս դաշտում, եւ մեր քաղաքականությունը պետք է լինի շարունակաբար ընդլայնել մասնակից դպրոցների, ուսուցիչների եւ սովորողների թիվը, որովհետեւ, ցավոք, հիմնականում նույն շրջանակից է մասնակցությունը»,- փաստել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ մրցույթին մասնակցությունն արդեն հաղթանակ է։ AESA գիտական օլիմպիադայի կոմիտեի (SOC) նախագահ Սոնա Ջուհարյանն իր հերթին շնորհավորել է բոլոր աշակերտներին քրտնաջան աշխատանքի, նվիրվածության եւ որակյալ նախագծերի համար. «Մենք խորապես երախտապարտ ենք եւ անկեղծորեն գնահատում ենք ուսուցիչներին, ծնողներին, դաստիարակներին, հովանավորներին, դոնորներին, կամավորներին, հանձնաժողովի անդամներին եւ այն աջակիցներին, որոնք AESA-ի 21-րդ գիտական օլիմպիադան դարձրին հաջողված եւ հիշարժան իրադարձություն»:
Նշենք, որ AESA 21-րդ գիտական օլիմպիադան տեղի է ունեցել մարտի 26-ին եւ մարտի 27-ին, որին առցանց միացել են մասնակիցներ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից եւ ԱՄՆ-ից: Այս տարվա օլիմպիադային մասնակցել է միջին եւ ավագ դպրոցների 87 աշակերտ՝ 71-ը՝ Հայաստանից, 13-ը՝ ԱՄՆ-ից, եւ 3-ը՝ Արցախից։ Մրցույթին մասնակցել է ՀՀ-ից 14, ԱՄՆ-ից՝ 6, եւ Արցախից՝ 1 դպրոց:
Նրանք ներկայացրել են 49 հետազոտական կամ փորձարարական նախագծեր ֆիզիկական գիտությունների, կենսաբանության եւ սոցիալական գիտությունների ոլորտներում: Ուսանողների նախագծերը գնահատվել են ստեղծարարության, գիտական մոտեցման, ըմբռնման եւ ներկայացման հիման վրա: Սահմանվել է «Տարվա դպրոց» մրցանակ՝ հիմնված յուրաքանչյուր անվանակարգում եւ մակարդակում մասնակցող նախագծերի ընդհանուր քանակի վրա: Այս տարի այդ մրցանակը հանձնվել է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցին:
Ն. Պ.
ԿԱՅՈՒՆ Է
Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետները տեսակցել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող 2-ամյա Արեւիկին, որն օրեր առաջ 3-4 մետր բարձրությունից ընկել էր Դեբեդ գետը: ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը հայտնել են՝ երեխայի վիճակը կայունացել է, կյանքին այլեւս վտանգ չի սպառնում, հիվանդանոցը կպահի փոքրիկին այնքան, ինչքան անհրաժեշտ է երեխայի հետագա խնամքի հետ կապված գործընթացները կազմակերպելու համար:
«ՄՈՒՂԱՄ» ՄՐՑՈՒՅԹ` ՇՈՒՇԻՈՒՄ
Արցախի՝ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում մայիսի 12-14-ը կանցկացվի «Հարիբուլբուլ» միջազգային փառատոնը, իսկ հուլիս-օգոստոսին կրկին Շուշիում տեղի կունենա «Մուղամ» մրցույթի եզրափակիչն ու հաղթողների գալա համերգը. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը։
ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
«Այդ հոխորտանքները եկեղեցին վաղուց է լսել, վերապրել». Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հոգեւորականների վերաբերյալ հնչեցրած սպառնալիքին այսպես է արձագանքել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ «Իրենք մեկ ակնթարթ են եկեղեցու պատմության մեջ: Եկեղեցու համար 70 տարվա աթեիզմն է անցել մեկ օրվա նման, իրենք ի՞նչ են, որ պետք է չանցնեն: Այդ հոխորտանքները եկեղեցին վաղուց է լսել բոլոր առումներով, բոլոր անկյուններից լսել է, վերապրել է: Հիմա ամեն մի ասածը պետք է մեկնաբանե՞նք, չեմ հասկանում: Ինքը թող իր ասածը հայերենի վերածի, որ մենք հասկանանք: Իրենց հայերենը ինչ-որ մեր հայերենի հետ կապ չունի»,- նշել է Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ԱԺ-ում սպառնացել էր ընդդիմության ակցիաներին մասնակցողներին եւ հոգեւորականներին։ Նա, մասնավորապես, ասել էր. «Ժամանակին թե՛ այդ ընկերությունները, թե՛ շոու բիզնեսի աստղերը վախենում էին ծպտուն հանել։ Մարտի 1-ից սկսած՝ որոշ եկեղեցականներ վախենում էին քիթը սեւ «քողերի» տակից հանել: Այո, մենք ենք «մեղավոր»: Ոչինչ, վստահ եմ, որ հետեւություններ կարվեն։ Վստահ եմ, որ այդ բոլոր խմբերը մոտիկից կծանոթանան իմ նշած հետեւություններին»։