«5+6» ՕՐԱԿԱՐԳԻ ՇՈՒՐՋ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ե՛վ միջազգային հանրությունում, ե՛ւ Բաքվում ըմբռնում կա, որ խաղաղության բանակցությունները պետք է սկսվեն «5+6» օրակարգով, երբ Բաքվի առաջարկած կետերին ավելանում են Երեւանի առաջ քաշած 6 կետերը»,- երեկ հայտարարեց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը 3 օր առաջ Բրյուսելում հանդիպել է Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւին։

 

«Ես հրապարակային չեմ տեսել մերժում, մեր քննարկումներում, որ այդ երկու փաթեթը պետք է միացնել եւ բանակցություններ սկսել, ըմբռնում կա: Այդ ըմբռնումը կա ադրբեջանական կողմում, այդ ըմբռնումը կա մնացած մեր բոլոր միջազգային գործընկերների մոտ: Այսինքն «5+6» կետերի շուրջ խաղաղության բանակցություններ սկսելը լեգիտիմ մոտեցում է, եւ մենք տեսել ենք փոխըմբռնում», – հայտարարեց Գրիգորյանը:

Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջնորդությամբ մայիսի 2-ին Գրիգորյանի եւ Հաջիեւի հանդիպումից հետո հաղորդագրություն չէր տարածվել, բայց ավելի վաղ Գրիգորյանն ասել էր, որ հանդիպման ընթացքում քննարկելու էին Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր, որոնցից եւ կախված էր արդեն հաջորդ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը։ Սակայն առայժմ, ըստ անվտանգության խորհրդի քարտուղարի, նման հանդիպում չի նախանշվում։

«Հարցեր կան, որոնց պատասխանից հետո միայն մենք կսկսենք քննարկել երկրի ղեկավարների հնարավոր հանդիպումը: Մենք դեռ քննարկումները շարունակում ենք, եւ երբ որ քննարկումները հասնեն ինչ-որ փուլի, եւ նախանշվի հնարավոր հանդիպումը, ապա հրապարակային դրա մասին հայտարարություն կլինի», – ընդգծեց Արմեն Գրիգորյանը:

Փաշինյանի եւ Ալիեւի վերջին հանդիպումից հետո դեռ չի ստեղծվել Դելիմիտացիայի եւ սահմանային անվտանգության հանձնաժողով, թեեւ պայմանավորվածություն կար, որ այն պետք է ստեղծվեր մինչեւ ապրիլի վերջ։ Գրիգորյանի խոսքով՝ հանձնաժողովի շուրջ քննարկումները շարունակվում են։

Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ավելի քան չորս ժամ տեւած բանակցությունների արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները երեկ պայմանավորվել են մինչեւ ամսվա վերջ համատեղ հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի երկու երկրների սահմանազատմամբ՝ դելիմիտացիայով, ինչպես նաեւ ապահովի սահմանի երկայնքով ու հարակից տարածքներում «կայուն անվտանգային իրավիճակը»։

Բացի այդ, ինչպես հայտարարեց Շառլ Միշելի գրասենյակը, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը նաեւ ցանկություն են հայտնել արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ եւ հանձնարարել են իրենց արտգործնախարարներին նախապատրաստել խաղաղության ապագա պայմանագիրը, որը «անդրադառնալու է բոլոր անհրաժեշտ հարցերին»։ Թե որոնք են այդ հարցերը, եվրոպական կողմը չի հստակեցրել։

«Իհարկե, մենք հույս ունեինք, որ հնարավոր է լինելու մինչեւ ապրիլի վերջ գտնել լուծումներ եւ առաջ շարժվել, բայց կարող եմ նշել, որ այս պահին էլ ինտենսիվ քննարկումները շարունակվում են: Մոտեցումների շուրջ ընդհանուր առմամբ աշխատանքային խմբի եւ այլ մասերով հարցեր կան, որոնց պատասխանները դեռ վերջնական չենք գտել. հենց գտնենք պատասխանը, հրապարակային դրա մասին հայտարարություն կլինի, ու նաեւ հանդիպում կլինի», – ասաց ԱԽ քարտուղարը:

Ըստ բրյուսելյան պայմանավորվածությունների՝ այս հանձնաժողովը ոչ միայն պետք է զբաղվի դելիմիտացիայի հարցով, այլ նաեւ ապահովի սահմանի երկայնքով ու հարակից տարածքներում «կայուն անվտանգային իրավիճակը»։

Կողմերի միջեւ սկզբունքային տարաձայնություն է առկա, որը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Բաքուն հայտարարում է, թե այդ ձեւաչափն արդեն գոյություն չունի, մինչդեռ Երեւանը պաշտոնապես դիմել էր համանախագահներին՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններին աջակցելու համար։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՄՈՍԿՎԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են, բայց Մոսկվան շահագրգռված է իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ: Այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: «Դա ամբողջությամբ եւ լիովին Հայաստանի ներքին գործն է,- ասել է Պեսկովը: Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանն իրենց դաշնակիցն է, «մեր գործընկերը մի քանի՝ մեզ համար կարեւոր ինտեգրացիոն ձեւաչափերում, Հայաստանը մեր մեծ բարեկամն է»: «Ուստի, իհարկե, մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում հնարավորինս արագ այս շրջանն ավարտվի, եւ նորից գա կայունության շրջան, ինչը թույլ կտա փուլ առ փուլ առաջ շարժվել Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ, որոնք ավարտին են հասցվել Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,- ասել է Պեսկովը:

 

 

 

ԱՌԱՆՑ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻ

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եվ ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ խոսքի ազատությունը չպետք է վերածվի ատելության քարոզի: «Հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակը բոլորիցս՝ Հանձնաժողովի կարգավորման ներքո գտնվող լիցենզավորված եւ հեղինակազորված հեռարձակողներից ոչ միայն լարվածության սահուն, առանց սրացումների հաղթահարելու դիրքորոշում է պահանջում, այլեւ բարձր աստիճանի զսպվածություն եւ ինքնահսկողություն։ Լարված ներքաղաքական իրավիճակներում հենց մեծ ազդեցություն ունեցող հեռուստա եւ ռադիոընկերությունները պետք է դառնան այն հարթակները, որոնք ո՛չ միայն կարող են մեղմել քաղաքական կրքերը, այլեւ ապահովել դրանց դրսեւորման նորմալ, բանական եւ քաղաքակիրթ ձեւերը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՎԸ

Հայաստանի վիճակագրական կոմիտեն ներկայացրել է Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2022թ. հունվարի 1-ի դրությամբ։ Ըստ այդմ, Հայաստանի բնակչությունը կազմում է 2 մլն 961 հազար 400, որից քաղաքային բնակչությունը կազմում է 1 մլն 892 հազար 200 մարդ: Երեւանի բնակչությունը կազմում է 1 մլն 92 հազար 800 մարդ: Մարզերից ամենամեծ բնակչությունն ունի Արմավիրի մարզը (264 400), որին հաջորդում են Արարատի մարզը (256 600), Կոտայքի մարզը (251 100), Շիրակի մարզը (230 400) եւ առաջին 5-յակը եզրափակում է Գեղարքունիքի մարզը (227 800):

 

 

ՈՉ ՄԻԱՅՆ

Հայաստանի կառավարությունը մտադիր է արտադրական կանեփը փորձաքննության ենթակելու նպատակով որպես լաբորատորիա նշանակել «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Տեղեկացնենք, որ ներկայումս Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի լաբորատոր կարողությունները դեռեւս ձեւավորված չեն: Այսինքն՝ միայն տեսչական մարմինը չի կարող արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնել: Եւ կառավարության կողմից արտադրական կանեփի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին պարզելու նպատակով անհրաժեշտ է եղել նշանակել մեկ այլ լաբորատորիա։  ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ն ունի կանեփի փորձաքննություն իրականացնելու զարգացած լաբորատոր կարողություններ, արտադրական կանեփի լաբորատոր փորձարկումների իրականացման համապատասխան պայմաններ, մասնագիտական եւ տեխնիկական հագեցվածություն: Եւ մինչեւ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից լաբորատոր կարողությունների ձեւավորումը այս փորձագիտական կենտրոնը վերահսկողության շրջանակներում արտադրական կանեփի փորձաքննությունը կիրականացնի։

 

 

ՄԻՇՏ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ

Մայիսի 1-ից մեկնարկած անհնազանդության ակցիաներին հոգեւորականների մասնակցության մասին տեղեկություններն  իշխանականների կողմից այլ կերպ մեկնաբանվեց՝ ասվելով, թե եկեղեցին ընդդիմության հետ է եւ լարվածություն է հրահրում: Սակայն իրականությունն այն է, որ ցանկացած պայքարի պարագայում հոգեւորականները միշտ լինում են ժողովրդի կողքին: Ի պատասխան հանրահավաքին հոգեւորականների մասնակցության հարցերին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը նշել էր, որ հոգեւորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաեւ այսօրվա հանրահավաքին հնարավոր լարվածությունները մեղմելու եւ հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար: Սակայն նրանց մասնակցությունը տարբեր ակցիաների նորություն չէ: Սկսած Բաղրամյան փողոցում էլեկտրիկ Երեւանի դեպքերից մինչեւ օրս էլ հոգեւորականները միշտ եղել են ակցիա իրականացնողների կողքին: Նույնն էր նաեւ 2018 թվականի թավշյա հեղափոխության օրերին: Հոգեւորականները կրկին առաջին շարքերում էին. նույնը նաեւ հիմա է, ընդ որում՝ ավելի քիչ, քան նախկին օրերին:

 




Լրահոս