ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020թ. մարտի 31-ին հարուցված, հետագայում ՀՀ ՀՔԾ վարույթում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Սեւանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչը իրեն տրված լիազորությունների շրջանակում 3 անձանց օգտին առերեւույթ ակնհայտ ապօրինի գործողություն է կատարել:
Մասնավորապես, պարզվել է, որ նա օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ստուգելու վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները, 2020թ. մարտ ամսվա ընթացքում ձեւական բնույթ կրող տեսական եւ գործնական քննություններ է ընդունել եւ վարորդական վկայականներ է տրամադրել 2 անձի: Վերջիններիս օգտին առերեւույթ ակնհայտ այդ ապօրինի գործողությունը կատարելու դիմաց միջնորդավորված ձեւով, այդ թվում նաեւ՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Գեղարքունիքի մարզի Սեւանի անձնագրային բաժանմունքների պետի միջնորդությամբ ստացել է տարբեր չափերի՝ 102.000 եւ 200.000 ՀՀ դրամ կաշառք:
Հիմնավորվել է նաեւ, որ կաշառք տալու միջոցով վարորդական վկայական ստանալու հարցում աջակցելու համար մի քաղաքացի 2020թ. մարտին դիմել է իր ազգական, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ Գավառի ավտոդպրոցի վարպետին, որն այդ նպատակով նրանից վերցրել է 250.000 ՀՀ դրամ: Այնուհետեւ վերջինս հանդիպել է ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Սեւանի հաշվառման-քննական բաժանմունքի վերոնշյալ ավագ տեսուչին, նրա հետ պայմանավորվել խոշոր չափերով՝ 200.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու վերաբերյալ եւ նրան փոխանցել գումարը:
Կաշառք ստանալու փաստը քողարկելու, սահմանված կարգի պահպանմամբ անձին վարորդական վկայական տրամադրելու պատրանք ստեղծելու նպատակով ավագ տեսուչը կազմել է տեսական քննության կեղծ արձանագրություն այն մասին, թե, իբր, տվյալ անձից ընդունել է տեսական քննություն, վերջինս ճիշտ է պատասխանել 9 հարցի, եւ տեսական քննությունը գնահատել է դրական:
Նշված հանցավոր արարքները կատարելու համար ՃՈ Սեւանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Սեւանի անձնագրային բաժանմունքի պետին նշված գործով եւս առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Գավառի ավտոդպրոցի վարպետին մեղարդանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, եւս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Նշված 4 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Դատական քննության արդյունքում 2022թ, ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ, որով նշված 4 անձինք մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրված արարքներում: Մասնավորապես, ՃՈ Սեւանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչի պարագայում պատիժները մասնակի գումարելու սկզբունքով վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 5 տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով։ Իսկ մյուս 3 ամբաստանյալների նկատմամբ կրկին պատիժները մասնակի գումարելու սկզբունքով վերջնական պատիժ է նշանակվել տուգանքի ձեւով:
ԿՆՈՋ ԴԻ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Մայիսի 5-ին՝ ժամը 01.53-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգության խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է 30-35 տարեկան կնոջ դիակ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 1978 թ. ծնված Տաթեւիկ Ա.-ի դին՝ պարանոցին եւ դեմքին բռնության հետքերով: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21.00-ից ժամը 23.30-ն ընկած ժամանակահատվածում նշված բնակարանում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում ամուսինը կնոջը հասցրել է կյանքի հետ ոչ համատեղելի մարմնական վնասվածքներ: Նշանակվել են դատաբժշկական եւ դատահետքաբանական փորձաքննություններ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 30-ամյա տղամարդը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Նա ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:
ԸՆԿԵԼ Է ԳՆԱՑՔԻ ՏԱԿ
Մայիսի 4-ին՝ ժամը 12.10-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ ծառայությունից հաղորդում է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի անցումի մոտ կին է ընկած: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավարը ժամը 11.55-ի սահմաններում երկաթգծի Սանահին-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի հարակից տարածքում, նկատելով երկաթգծով անցնող կնոջը, միացրել է ազդանշանային շչակը, սակայն նա, չհասցնելով ազատել երկաթգծի երթեւեկելի մասը, դիպել է գնացքին, ինչի հետեւանքով մահացել է: Նախապատրաստվում են նյութեր:
ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
ԿԳՄՍ նախարարությունը դատապարտել է հակամանկավարժական դրսեւորումները: Այս մասին պարզաբանող հայտարարություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: «Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ուսուցչուհին դասապրոցեսի ընթացքում գրքով հարվածում է աշակերտին, ինչն անընդունելի է եւ հարիր չէ մանկավարժական գործունեությանը: Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ միջադեպը տեղի է ունեցել Երեւանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում (8-րդ դասարան, անգլերենի դասաժամ): Ուսումնասիրության արդյունքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր»,-նշված է նախարարության տարածած հայտարարության մեջ:
ՄԵԽԱԿ ՍԱՅԱԴՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Իջեւանի դենդրոպարկի երկարամյա տնօրեն Մեխակ Սայադյանին 2021թ. օգոստոսի 16-ին ազատել են պաշտոնից։ Նա հայցադիմում է ներկայացրել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի՝ 2021թ. օգոստոսի 16-ի թիվ 230-Ա հրամանն անվավեր ճանաչելու, հիմնարկի տնօրենի հաստիքին վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ բռնագանձելու պահանջներով։ 2022թ. փետրվարի 10-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում դատավոր Ա. Դունամալյանը որոշել է հայցն ընդունել դատարանի վարույթ, այդ քաղաքացիական հայցով նախնական դատական նիստեր են կայանում։ 2020թ. օգոստոսին Իջեւանի դենդրոպարկի դիմաց՝ Աղստեւի ձախ ափին, Իջեւանի գինու, կոնյակի կոմբինատը բետոնե մեծ ամրություններ է կառուցել, որոնք նեղացրել են գետի հունը։ Մինչեւ տեղանքը քանդելը գետի հոսքն ու դենդրոպարկ մտնող ոռոգման առուն եղել են նույն մակարդակին։ Դենդրոպարկը ոռոգելու նպատակով ջուր վերցնելու համար բնապահպանական տեսչական մարմինը դենդոպարկի տնօրինությանը տուգանել է 450 հազար դրամի չափով, իսկ գինու գործարանին ահռելի ժայռ վերացնելու (1870 խմ ծավալով) համար տուգանել է 216 հազար դրամի չափով՝ չարձանագրելով գործարանի կառուցած 200-մետրանոց պատը եւ 700 մետր խորացված եւ այդ գրունտով նեղացված հունը։ Մ. Սայադյանը հայտնեց, որ գինու գործարանի կողմից կատարված ապօրինի գործողությունների վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը ու Բնության եւ ընդերքի տեսչական մարմինը լռություն են պահպանում, հարուցված քրեական գործը փաստացի չի քննվում, քանի որ դրա հետ առնչվում են Տավուշի մարզպետարանը, Քաղաքաշինության կոմիտեն, Շրջակա միջավայրի նախարարությունը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը։ Մ. Սայադյանը կատարված ապօրինությունների մասին հաղորդում է տվել ՀՀ գլխավոր դատախազություն, գրություններ ուղարկել վերոհիշյալ կազմակերպություններին, ՄԻՊ-ին, կառավարություն, ԱԺ, ցուցմունքներ տվել ոստիկանությունում, քննչական բաժնում, սակայն գործի քննության ընթացքից տեղյակ չէ։ Ներկա պահին դենդրոպարկը ոռոգման ջուր չունի, քանի որ գետի հունը փորված եւ իջեցված է, իսկ ջրհավաք մասը մնացել է գետի հունից 2 մ բարձր, այդտեղ մեծ քարեր չեն մնացել, որպեսզի ինչ-որ մի կերպ՝ տրակտորներով քար հավաքելով, հնարավոր լինի ջրի հունը բարձրացնել։ Իջեւանի՝ մարգարիտ համարվող դենդրոպարկին սպառնում է չորացում։ Մ. Սայադյանը մտահոգված է, որ վտանգի տակ է իր հոր՝ Լյուդվիգ Սայադյանի կողմից 1960թ. հիմնված, հազվագյուտ տեսականիով բուսաբանական այգին, որը ստեղծել, հարստացրել են ավելի քան 60 տարում մեծ ջանքերի ու ֆինանսների գնով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ