ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆ ՎԱՐԿԱԲԵԿԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ իրականության մեջ ինքը որեւէ առնչություն չունի այն ամենի ինչի հետ, ինչ կատարվում է Հայաստանում»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նախօրեին  խորհրդարանում տեղի ունեցածին, երբ ընդդիմադիր պատգամավորները «դավաճան» վանկարկումներով լքում էին խորհրդարանի դահլիճը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը ընթերցելուց հետո, իսկ իշխանական պատգամավորները ծափեր էին հնչեցնում։ Ընդդիմադիր պատգամավորը հստակեցնում է՝ իրենք ի սկզբանե էլ նպատակ չեն ունեցել իշխանության հետ երկխոսելու. «Ու՞մ հետ երկխոսել, այն մարդկանց հետ, ովքեր թուրք-ադրբեջանական շահե՞րն են Հայաստանում ներկայացնում»:

 

Տիգրան Աբրահամյանը հավելում է, որ իրենց նպատակը մեկն էր՝ խորհրդարանի դահլիճում ներկայացնել ժողովրդի պահանջը եւ դուրս գալ. «Իսկ այն պատգամավորները, ովքեր ծափահարում էին եւ «Հայաստան» էին գոռում, նրանք այն մարդիկ էին, ում ղեկավարության ժամանակ ոչ միայն Արցախի 75 տոկոսը հանձնվեց, այլ հետպատերազմյան ժամանակահատվածում տարածքներ հանձնվեցին Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերից: Նրանց պաշտոնավարման օրոք՝ նույնիսկ հետպատերազմյան շրջանում, ադրբեջանական զորքերը զավթեցին Փառուխ գյուղը, Քարագլուխ լեռնաշղթան, ՀՀ մի շարք հատվածներ: Այնպես որ, այս մարդիկ չունեն բարոյական իրավունք ոչ միայն Հայաստանի անունը հնչեցնելու, այլեւ Հայաստանը ներկայացնելու համար»: Հարցին՝ ինչ բացահայտումներ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը, ճիշտ չէր լինի արդյոք, որ ընդդիմադիրները լսեին, թե ինչի մասին է խոսքը, Տիգրան Աբրահամյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանի բացահայտումների մասին կիմանանք այն ժամանակ, երբ նա այլեւս չի լինի իշխանության ղեկին, այլ կարգավիճակով, իրավապահներին կներկայացնի իր չորսամյա պաշտոնավարման ժամանակ թույլ տված հանցագործությունները»:

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը երեկ մեկ նպատակ ուներ՝ շեղել իրադարձությունների ընթացքն այնպիսի սենսացիաներով, ինչպիսին էր, օրինակ, Հրայր Թովմասյանի գրիչի պատմությունը, որն իր նկատմամբ ծաղրանքի առարկա դարձավ: Այլապես, ըստ Տիգրան Աբրահամյանի, եթե նա որեւէ լուրջ բանի տիրապետեր, իրավապահներն արդեն դրանով կզբաղվեին: Եթե իշխանության ներկայացուցիչները սպառնալիք չզգային, ըստ բանախոսի, երթերն այսքան մեծ քանակությամբ ոստիկաններով չէին ուղեկցվի, իշխանության տարբեր ճյուղերի կողմից սադրանքների մասին հայտարարություններ չէին լինի:

Պատգամավորի հավաստմամբ՝ հենց իշխանական շրջանակներից են սադրիչներ ներդրվում երթերի եւ ցույցերի ժամանակ: Խոսելով երեկ ԱԺ շենքում աննախադեպ պաշտպանվածության միջոցառումների մասին էլ, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իշխանական շրջանակների միակ մտահոգությունը իշխանության պահպանումն է եւ ճշմարտության բացահայտումները, որոնք իրենց տեղափոխելու են ճաղերից այն կողմ: Պատգամավորի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի միակ խնդիրն այսօր դարձել է իր բոլոր տապալումները, հայ ժողովրդին, հայրենիքին հասցրած ողբերգությունը ցրել տարբեր ուղղություններով, ցույց տալ, որ իրենք որեւէ կապ չունեն այս իրավիճակի հետ:

«Այդ անպատասխանատվության իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանում, բնականաբար, իր հետեւից բերել է նոր կորուստներ։ Նրանք փորձում են հայելային հետքաշման միջոցով նոր խնդիրներ ստեղծել Հայաստանի տարբեր հատվածներում, ինչը պետք է կանխել»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումն ունի հենց այդ նպատակը՝ կանխել թափ հավաքող եւ գլորվող սպառնալիքների շարքը, հնարավորություն ստեղծել Հայաստանի ու Արցախի համար ուժեղանալ, զարգանալ եւ այս տարածաշրջանում ապահովել հայի ֆիզիկական գոյությունը։ Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ հանրության գերակշիռ մասը գիտակցում է, հասկանում է, թե այս պայքարն ինչին է ուղղված, եւ սադրիչների գործողությունները, որոնք կառավարվում է քաղաքական իշխանության կողմից, նպատակ ունեն վարկաբեկելու այն, ինչ տեղի է ունենում։

Ն. Պ.

 

 

 

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Արցախի քննչական կոմիտեն հայտնում է, որ ազգային ատելության շարժառիթով ադրբեջանցիները կրակել են Թաղավարդ գյուղի վարչական տարածքում ինտերնետ կապի վերանորոգման աշխատանքներ կատարող Ն. Հ.-ի, Տ.Մ.-ի եւ Կ.Մ.-ի ուղղությամբ։ Հարուցվել է քրեական գործ եւ ընդունվել վարույթ։ «ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով Թաղավարդ գյուղի վարչական տարածքում ինտերնետ կապի հաղորդակցման կայանում վերանորոգման աշխատանքներ կատարող Ն. Հ.-ին, Տ.Մ.-ին եւ Կ.Մ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նրանց ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ արձակելու դեպքի առթիվ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 14-րդ կետերով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳԱԶ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը Սոֆիայում մասնակցել է «Էներգետիկ անցում Հարավարեւելյան Եվրոպայում. տարածաշրջանային համագործակցություն էներգետիկ անվտանգության, դիվերսիֆիկացում եւ անցում դեպի կանաչ էներգիա» թեմայով նախարարական կլոր սեղանին։ Նախարարը ուշադրություն է հրավիրել Եվրամիության հետ էներգետիկ երկխոսության վրա այս տարվա փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԵՄ էներգետիկայի հանձնակատար Կադրի Սիմսոնի հանդիպումից հետո. հայտնում է APA-ն։ Նա նշել  է, որ «Հարավային գազային միջանցքը» կարճ ժամանակում ապացուցել է իր ռազմավարական նշանակությունը՝ էներգետիկ ճգնաժամի ժամանակ եվրոպացի սպառողներին ապահովելով անխափան եւ շահավետ բնական գազով, եւ Ադրբեջանը հաստատակամ է շարունակել էներգակիրների հուսալի մատակարարի դերը։ Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում Եվրոպա է մատակարարվել 3,5 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ՝ 3,1 միլիարդ խորանարդ մետր՝ Իտալիա, 0,3 միլիարդ խորանարդ մետր՝ Հունաստան, եւ 0,1 միլիարդ խորանարդ մետր՝ Բուլղարիա։ Նա խոսել է նաեւ ածխաթթվացման եւ կանաչ էներգիային անցնելու Ադրբեջանի ծրագրերի եւ ընթացիկ նախագծերի մասին։ «Բնական գազի հսկայական պաշարների հետ մեկտեղ մեր վերականգնվող էներգետիկայի ներուժը մեծ հնարավորություններ է ստեղծել Եվրամիության հետ առաջադեմ էներգետիկ երկխոսության հետագա զարգացման համար»,-ասել է ադրբեջանցի նախարարը։

 

 

ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ

Լրագրողիս են դիմել 2020 թվականի աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմում վիրավորում ստացած տավուշցի զինծառայողներ, որոնք խնդրել են իրենց անունները չհրապարակել, բողոքել են, որ հաշմանդամության որոշակի խմբի անդամության կարգավիճակ ստանալու համար անցկացվող բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում  իրենց իրավունքները ոտնահարվում են։ 44-օրյա պատերազմի  ժամանակ  ծանր վիրավորում ստացածները բողոքում են, որ նշված փորձաքննության ընթացքում  փորձաքննական հանձնաժողովների որոշմամբ իրենց հաշմանդամության խումբը 1-ին խմբի փոխարեն սահմանվում է 2-րդ խումբ, 2-րդ խմբի փոխարեն՝ 3-րդ, շատերին էլ  ընդհանրապես հաշմանդամի կարգավիճակ չի տրվել։  Հանձնաժողովների անդամները վիրավորում ստացած զինծառայողներին դա պատճառաբանում են հաշմանդամության խմբերի  անդամության համար պետության կողմից  սահմանված  բժշկական չափորոշիչների խստացմամբ՝ ասելով, որ  իրենք  առաջնորդվում են այդ չափորոշիչներով։ Պատերազմում շատ վիրավորներ, նեղվելով այդ ամենից, չեն ներկայանում բժշկասոցիալական փորձաքննություններ անցկացնող հանձնաժողովներ եւ հաշմանդամության որեւէ խմբի անդամի կարգավիճակ չունեն։ 2021 թվականին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում եղել է 12 հազար վիրավոր։ Պատերազմում վիրավորված զինծառայողները հայտնեցին, որ վերոհիշյալ  խոչընդոտների պատճառով այդ 12 հազարից ներկայումս հաշմանդամի կարգավիճակ ունի 4 հազարից էլ քիչ թվով պատերազմում վիրավոր։

 

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Տավուշի մարզը եւ Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգը մեկ տասնամյակից ավելի է, ինչ բարեկամական կապեր ունեն միմյանց հետ, այդ սերտ  համագործակցության ակունքներում կանգնած էր Օ դը Սենի նահանգային խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը։ Երկու տարածաշրջանների միջեւ մի քանի անգամ ստորագրվել են ապակենտրոնացված պայմանագրեր, որոնց շրջանակներում Տավուշի մարզում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ Պ. Դեւեջյանի նպատակներից էր Տավուշի մարզում հիմնել գյուղատնտեսական դպրոց։ Ցավոք,  2020 թվականի մարտի 29-ին 75 տարեկան հասակում Պատրիկ Դեւեջյանը մահացավ կորոնավիրուս հիվանդությունից, եւ,  արդեն առանց իր ներկայության, նրա նախաձեռնությունն իրականություն է դառնում։ Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ Պատրիկ Դեւեջյանի անվան գյուղատնտեսական ավագ դպրոցը գործելու է 2022-2023 ուսումնական տարում Իջեւան քաղաքում Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի շրջանակներում։ Գյուղատնտեսական ավագ դպրոցում կսովորեն հիմնական դպրոցն ավարտած շրջանավարտները։ Նախատեսվում է, որ առաջին ուսումնական տարում այդ դպրոցում կսովորի 20 ուսանող, իսկ հետագայում սովորողների թիվը կմեծանա։ Ավագ դպրոցում ուսուցումը կիրականացվի ֆրանսիական մոդելով, դպրոցը կհոգա ուսանողների կեցության եւ  սննդի խնդիրները։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս