Armenian text to speach

ՎԱՐԿ՝ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի (22 մլն 600 հազար եվրո) ստորագրման առաջարկությանը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը Համաշխարհային բանկի աջակցությամբ մեկնարկել է 2015 թվականին:

 

«Ծրագրի շրջանակներում ստեղծվել են 136 նախակրթարաններ, որոնցում ընդգրկված են 4-6 տարեկան 13 580 երեխաներ, հիմնանորոգվել է 13 ավագ դպրոց, 107 ավագ դպրոցներ համալրվել են բնագիտական առարկաների 335 լաբորատորիաներով: 585 դպրոց վերազինվել է համակարգչային տեխնիկայով: Դրանց միջոցով կազմակերպվել են հեռավար ուսուցման սենյակներ գյուղական այն դպրոցներում, որտեղ ուսուցչի պակաս կա. այժմ 53 նման դպրոցներում մենթոր դպրոցների ուսուցիչները էլեկտրոնային եղանակով դասավանդում են այդ առարկաները: Ավելի քան 4000 ուսուցիչ եւ վարչական աշխատող վերապատրաստվել են ուսումնական գործընթացում տեղեկատվական գործիքների կիրառման ուղղությամբ, վերանայվել են հանրակրթության 6 ուսումնական ոլորտների առարկայական չափորոշիչները եւ ծրագրերը»,- ասաց Դումանյանը` հավելելով, որ 15 բուհի տրամադրվել են դրամաշնորհներ, որոնց արդյունքում բուհերում ստեղծվել են նորարարական գիտահետազոտական կենտրոններ:

Հաշվի առնելով վերջնարդյունքները՝ Դումանյանը նշեց, որ կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին ծրագրի հետագա շարունակականությունն ապահովելու համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու հարցով:

«Նոր ծրագրով 80 բնակավայրում կստեղծվեն մատչելի նախադպրոցական կրթական ծառայություններ, որոնցում ներգրավված կլինեն 4-6 տարեկան շուրջ 3 հազար երեխա, կհիմնանորոգվեն, կկահավորվեն եւ կվերազինվեն 74 ավագ դպրոցներ՝ շինարարական եւ անվտանգության չափանիշներին համապատասխան: 200 հանրակրթական դպրոցների կտրամադրվեն բնագիտական եւ ինժեներական 5-ական լաբորատորիաներ, կիրականացվեն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կիրառության, գործընթացների հետագա թվայնացման, տվյալների վիզուալիզացիայի նոր հնարավորությունների ներդրման աշխատանքներ, կշարունակվի բուհերում նորարարական գիտահետազոտական կենտրոնների ստեղծումը: Ծրագրի արդյունքում նախատեսվում է իրականացնել 5 նոր դրամաշնորհային ծրագիր. նախատեսվող ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 28,25 մլն եվրո, այդ թվում՝ վարկային միջոցներից 22,6 մլն եվրո, իսկ պետբյուջեի միջոցներից՝ 5,65 մլն եվրո»,- ասաց Դումանյանը: Նախարարի խոսքով՝ նիստին չզեկուցվող հարցերից մեկն էլ առնչվում է Կառավարության կողմից նախադպրոցական ծառայությունների ընդլայնման քաղաքականությանը. կառավարությունը հողամաս է նվիրաբերում Լոռու մարզի Սպիտակ համայնքին, որպեսզի Լուսաղբյուրում կառուցվի 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ:

Ն. Պ.




Լրահոս