«ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա այն ժամանակ, երբ կրիտիկական զանգվածին ոստիկանները դիմադրել չեն կարող։

 

-Հասարակությունը ընդդիմադիրներին հարց է տալիս, թե ինչու կոնկրետ գործողություններ չեն անում. միայն հավաքվում են, հնչում եմ նույն ելույթները, տեքստերը եւ գնում տներով: Ինչո՞ւ կոնկրետ գործողություններ չեն անում:

-Ես ուզում եմ հասկանալ, թե կոնկրետ գործողություն ասելով՝ մարդիկ ինչ են հասկանում: Եթե գործողությունը բռնարարքներն են, շենքերի վրա գրոհները կամ մարդկանց ֆիզիկական բռնության ենթարկելն է, ես այդպիսի կոչեր առաջին օրվանից մինչեւ հիմա չեմ լսել, նման մտադրությունների մասին ոչ մեկ ոչինչ չի հայտնել, եւ նման ծրագրեր ոչ մեկ չունի: Բողոքի բոլոր գործողությունները կրում են խաղաղ բնույթ եւ շարունակելու են  կրել նման կերպ:

-Այդպես ինչքա՞ն:

-Այս խնդրին միայն մեկ լուծում կա. բոլոր այն մարդիկ, որոնք ակնկալում են գործողություն իրականացնել, պետք է դա ակնկալեն ոչ թե ուրիշներից, այլ հենց իրենք իրենցից: Այսինքն՝ ամեն մեկը, որը դեմ է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, գա հավաքվի նույն հրապարակում, եւ պարզվի, որ դա մեր ողջ հասարակությունն  է կամ դրա 80 տոկոսն է: Իմ կարծիքով՝ 80 տոկոսը դեմ են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Եթե նրանք հավաքվեն մի վայրում, ապա ոստիկանությունը կհասկանա, որ ինքը ի վիճակի չէ այդ մեծ շարժման դեմ որեւէ դիմադրություն ցույց տալ, եւ կհրաժարվի կատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հանձնարարությունները, իսկ Ն. Փաշինյանի իշխանությունը միայն ոստիկանության ուժային պաշտպանությամբ պահպանվող իշխանություն է: Այսինքն՝ մեկ մարդ ու մեկ մազից կախված իշխանություն է: Այն, որ ոստիկանությունը հրաժարվում է կատարել նրա հրամանները, նրա իշխանությունն ավարտվում է. դա էլ Ձեզ գործողություն: Այսինքն՝ հրաժարական է տալիս հասարակական ճնշման ներքո: Հասարակական ճնշումը պետք է ձեւավորվի փողոցում, որովհետեւ որեւէ այլմեխանիզմ գոյություն չունի: Այսինքն՝ եթե առաջիկայում նախատեսված լինեին ընտրություններ, մարդիկ կարող է մտածեին, որ ընտրություններով մեր վերաբերմունքը կարտահայտեինք, բայց քանի որ սա քաղաքական պրոցես չէ, կուսակցությունների հետ կապ չունի, ընտրությունների հնարավորություն չկա, ուրեմն իրենց վրդովմունքն ու ցասումը մարդիկ պետք է արտահայտեն խաղաղ, հանգիստ ակցիաներին  մասնակցելով:

-Մարդիկ մեկ շաբաթ շարունակ գալիս են հրապարակ, մասնակցում են,  երթեր են անում, մի մասը հիասթափվում, գնում է տուն, մի մասն ինչ-որ բաների է սպասում, բայց այդպես էլ տեղի չի ունենում: Հետեւաբար այդ ցասումն ինչպե՞ս է ձեւավորվելու:

-Դուք ասում եք, որ մի մասը հիասթափվում  ու գնում է տուն, իսկ ես տպավորություն ունեմ, որ շատ շատերը, ոգեւորվելով այս պայքարից, նրանք շարունակական, ինտենսիվ ու կայուն բնույթից միանում են այս պայքարին: Այսինքն՝ մարդիկ գալուց ոչ թե պետք է  ինչ-որ կոնկրետ ապօրինություններ, բռնություններ ակնկալեն եւ դրանք չտեսնելուց գնան տուն, այլ ճիշտ հակառակը՝ ավելի մեծ թվով մարդկանցով գան, այնքան կանգնեն այստեղ, մինչեւ մարդկանց այնպիսի կրիտիկական թիվ հավաքվի, որը կստիպի իշխանությանը հրաժարական տալ եւ հեռանալ: Այսինքն՝ ես դեմ եմ որեւէ տեսակի բռնի գործողություններին, որովհետեւ դրանից նախ կտուժեն մեր խաղաղ ակցիայի մասնակիցները, որոնց թվում կան կանայք, երեխաներ, ընտանիքներ,  բացի այդ, պետք չէ իշխանությունն ապօրինի եղանակով զավթել, պետք է այս իշխանությունը հանրային ճնշման ներքո հեռանա, եւ դրա փոխարեն ընտրվի նոր, ժամանակավոր կառավարություն, որը ճգնաժամային խնդիրներ կլուծի եւ կնախապատրաստի մեր երկիրը նոր ընտրությունների:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ԳՈՒՄԱՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձել է իշխանության տարբեր օղակների համար գումար աշխատելու հարմար հաստատություն: ՀՖՖ-ում խնամի ծանոթ բարեկամ սկզբունքը անխախտ է գործում:

 

Նախ տեղեկացնենք, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի ոչ պաշտոնական համակարգողը ՀՀ կառավարության կողմից Հակոբ Սիմիդյանն է՝ շրջակա միջավայրի նախարարը: Նա 2020թ. հուլիսի 9-ին նշանակվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Նույն Սիմիդյանը 2009-2012 թվականներին, որպես էլեկտրոնային կայքի համակարգողի օգնական, աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։ Եւ այսօր ՀՖՖ նախագահի տեղակալ է աշխատում նույն «Հայկական ժամանակ»-ի մեկ այլ նախկին աշխատակից Արմեն Նիկողոսյանը: Ֆուտբոլիստները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են, որ ՀՖՖ-ում տեխնիկական վերահսկիչ է կարգվել ՀՖՖ նախագահի տեղակալ, ՀԺ-ի նախկին լրագրող Արմեն Նիկողոսյանի մանկական ընկերը:

Նշենք, որ ՀՖՖ-ն Նիկողոսյանի ընկերոջը մեկ տարվա համար վճարել է անհասկանալի մեծ՝ 18 միլիոն դրամ այն դեպքում, երբ նախկին տեխնիկական վերահսկիչը 6 տարվա ընթացքում ստացել էր ընդամենը 2,9 մլն դրամ։

Ընկերները, բացի գումար աշխատելուց, նաեւ ֆուտբոլի ակադեմիայում երեկոյան ժամերին իրենց հանգիստն ու ժամանցն են ապահովում: Հաճախ կարելի է պատգամավորական ավտոմեքենաները Հակոբ Սիմիդյանի հետ տեսնել ֆուտբոլի ակադեմիայի բակում: Ականատեսների վկայությամբ՝ նրանք օգտվում են ֆուտբոլի ակադեմիայի շոգեբաղնիքից եւ նույնիսկ քննարկել են մի մտահղացում, որ անհրաժեշտ է ակադեմիայի լվացարանի տեղում նոր, էլիտար շոգեբաղնիք կառուցել:

Ըստ մամուլում եղած հրապարակումների՝ ՀՖՖ մատակարարներն ու կապալառուները մեծամասամբ ՀՖՖ ղեկավարների ընկերներն են, ընտանիքի անդամներն ու մտերիմները։ Աբովյանի մարզադաշտի՝ մի քանի հարյուր միլիոն դրամ նախահաշվային արժեքով վերանորոգման աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության իրական սեփականատերերն անգամ հայտնի չեն։ Պետռեգիստրում գրանցված են արհեստավոր եղբայրներ, ովքեր մասնավոր պատվերով գաջ քսող են աշխատել նույնիսկ այն օրերին, երբ «իրենց իսկ» կազմակերպությունը վերակառուցում էր մի ամբողջ մարզադաշտ։ Այսինքն՝ գաջ քսողը խոշոր շինարար է մեր երկրում:

 

 

 

ԹՈՐՈՍՅԱՆԸ ԲԱՆԱԳՆԱՑՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին ոչ մի կերպ չի հաջողվում բարեխոսել կրկին գործադիր մարմնում հայտնվելու համար: Հայրենի կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ Թորոսյանը փորձել է տարբեր անձանց միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համոզել կրկին իրեն գործադիր մարմին վերադարձնել՝ նշանակելով ԲՏԱ նախարար, սակայն ապարդյուն: ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը կտրականապես մերժում է Թորոսյանի «բանագնացներին» ու հայտնում, թե որեւէ ցանկություն չունի նրան կրկին նախարարի պորտֆեյլ վստահել: Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ԲՏԱ նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանի թեկնածությունն առաջարկել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որին անմիջապես համաձայնել է Փաշինյանը: Այսինքն՝ Խաչատուրյանը, «դառնալով» նախագահ, նախկին նախարարի իր «պոստում» նշանակել է տվել իր մտերիմներից մեկին: Ըստ կառավարության մեր աղբյուրների` Ռոբերտ Խաչատրյանից արդեն գոհ են կառավարությունում: Ինչ վերաբերում է ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին, ապա, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինս էլի ամեն գնով փորձելու է օրենսդիր մարմնից վերադառնալ իր սիրելի գործադիր մարմին, քանի որ, ըստ Թորոսյանի, ինքն այնտեղ անելիք չունի:

 

 

 

Ի՞ՆՉ Է ՊԱՏՄԵԼ

Մայիսի 7-ին 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Երեւանում, որի ժամանակ մի տղամարդ մեքենան վարել էր երթի մասնակցող կանանց վրա: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրավության վարչությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ կանանց երթի վրա մեքենա վարած անձը բերվել է ոստիկանություն, վարչական իրավախախատման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, ու ազատ է արձակվել: Իսկ ի՞նչ է նա պատմել իրավապահներին, ինչո՞ւ է մեքենան վարել կանանց վրա: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին հայտնել է, որ դիտավորություն չի ունեցել որեւէ մեկին վնասել, այլ նյարդերը չեն բավարարել, ու գնացել է այդ քայլին, թե չէ որեւէ մեկի դեմ ոչինչ չունի:

 

 




Լրահոս