ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալական ցանցերում վերջին օրերում տարածվում է տեղեկություն, թե Հաագայի արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի՝ Հայաստանը հանդիսանում է Արցախում գտնվող հուշարձանների սեփականատերը: Իրականում վերջին օրերին Արցախի հայկական հուշարձանների վերաբերյալ Հաագայի արդարադատության միջազգային դատարանը որոշում չի կայացրել: Վերջին անգամ միջազգային դատարանը հարցին անդրադարձել է 2021թ. դեկտեմբերի 7-ին,  սակայն այդ փաստաթղթում որեւէ հիշատակում չկա այն մասին, որ Հայաստանը ճանաչվում է Արցախում գտնվող հուշարձանների սեփականատերը:

 

Ի՞նչ էր գրված դեկտեմբերի 7-ի որոշման մեջ.

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացրեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի բացառման միջազգային կոնվենցիայի» խախտման առնչությամբ՝ այդ երկրի նկատմամբ 8 հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Հայկական կողմի պահանջներից մեկը վերաբերում էր հայկական պատմամշակութային, կրոնական նյութական ժառանգության պահպանմանը, դրա նկատմամբ վանդալիզմի կանխարգելմանը, ինչպես նաեւ այդ վայրերի հասանելիության ապահովմանը: Դեկտեմբերի 7-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց ՀՀ-ի եւ Ադրբեջանի հայցերով վճիռները: Անդրադառնալով հայկական պատմամշակութային, կրոնական կոթողների պաշտպանության հարցին՝ դատարանը եզրակացրել է՝ պետք է բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել կանխելու եւ պատժելու վանդալիզմի ու պղծման դեպքերը, որոնք իրականացվում են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ՝ ներառյալ եկեղեցիները եւ այլ պաշտամունքային վայրերը, հուշարձանները, գերեզմանոցները, տեսարժան վայրերը եւ նյութական ժառանգության նմուշները: 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացրեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի բացառման միջազգային կոնվենցիայի» խախտման առնչությամբ՝ այդ երկրի նկատմամբ 8 հրատապ միջոց կիրառելու պահանջով: Այդ պահանջներից երկուսը վերաբերում էին ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելուն եւ նրանց անվտանգությունն ապահովելուն, 3-ը՝ հայկական պատմամշակութային, կրոնական նյութական ժառանգության պահպանմանը, դրա նկատմամբ վանդալիզմի կանխարգելմանը, ինչպես նաեւ այդ վայրերի հասանելիության ապահովմանը:

Մյուս պահանջներից 2-ը հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ատելության խոսքի եւ խտրականության հրահրման կանխարգելմանն էին վերաբերում, մեկով էլ հայկական կողմը պահանջում էր կիրառվելիք հրատապ միջոցների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության պարբերական տրամադրում դատարանին: Հատկանշական է, որ դատարանն արձանագրում է՝ Ադրբեջանում հայերի նկատմամբ ազգային ատելություն են հրահրում պետական մարմիններն ու բարձրաստիճան պաշտոնյաները, մինչդեռ Հայաստանի պարագայում դատարանն այդպիսի դրսեւորումներ արձանագրում է միայն առանձին խմբերի եւ կազմակերպությունների շրջանում: Ինչ վերաբերում է հայ գերիների անհապաղ ազատարձակմանը, ապա դատարանը, արձանագրում է, որ նրանց հայրենիք վերադարձը պաշտպանվում է միջազգային մարդասիրական օրենքներով, միեւնույն ժամանակ այդպիսի հրատապ միջոցի կիրառումը՝ «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի բացառման միջազգային կոնվենցիայի» հիման վրա, համարում է իր իրավասությունների շրջանակից դուրս: Դատարանը չի դիտարկում, որ կոնվենցիան հիմնավոր կերպով պահանջում է Ադրբեջանից վերադարձնել բոլոր նրանց, որոնք ՀՀ-ի կողմից գերի կամ քաղաքացիական պահվող անձ են համարվում: Նշվում է նաեւ, որ Հայաստանը նախկինում չի ներկայացրել ապացույցներ, որոնք կվկայեն, որ այդպիսի անձինք Բաքվի բանտերում պահվում են ազգային ատելության հիմք ունեցող պատճառներով: Նշենք, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը իր վերահսկողության տակ անցած տարածքներում հետեւողականորեն ոչնչացնում է կամ վանդալիզմի է ենթարկում հայկական մշակութային կոթողները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԾՐԱԳԻՐԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը որոշել է դեռեւս անհայտ ժամանակով  հետաձգել բուհերի օպտիմալացման նախագիծը: Այս որոշումը թերեւս կախված է երկրում տիրող իրավիճակից. նախարարությունը սպասում է՝ հասկանալու համար հետագա անելիքները: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լուրջ գործընթաց է սկսել բուհերի օպտիմալացման վերաբերյալ: Ավելին, մեր տեղեկություններով՝ օպտիմալացման նախագիծն արդեն ամբողջ փաթեթով նախարարությունը պատրաստվում է ուղարկել կառավարություն: Նախարարությունն առաջին փուլով որոշում է կայացրել միավորել Կինոյի եւ թատրոնի ինսիտուտն ու Գեղարվեստի ակադեմիան: Անգամ հայտնի է արդեն միացված համալսարանների նոր անվանումը. այն կկոչվի «Արվեստների ակադեմիա»: Մեր հավաստի տեղեկություններով` նախարարությունը կառավարության հետ ամեն ինչ անելու է, որպեսզի նոր ուսումնական տարին սկսեն հենց նոր համալսարանում: Հատկանշական է, որ նախարարության այս գործընթացին մեծապես աջակցել է Կինոյի եւ թատրոնի ինսիտուտի նախկին ռեկտոր, ներկայիս պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Լիլիթ Արզումանյանը:

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Է ՍՏԵՂԾՎԵԼՈՒ

Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ ապրիլի 6-ին կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն այն էր, որ ստեղծվելու է սահմանների սահմանազատման հարցերով հանձնաժողով։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Նա նշել է, որ առաջին հանդիպումը նախատեսվում էր անցկացնել մինչեւ ապրիլի վերջ. «Կարող եմ նշել, որ մինչ հանդիպումը կայացել է երկու հեռախոսազրույց իմ եւ Հայաստանի արտգործնախարարի միջեւ, որոնց ընթացքում Ադրբեջանն իր առաջարկներն է ներկայացրել հանձնաժողովի կազմի վերաբերյալ։ Ադրբեջանի առաջարկն այն էր, որ հանձնաժողովը պետք է կազմակերպվի այլ ձեւաչափով, այսինքն՝ անձը, որը ղեկավարելու է հանձնաժողովը, լինի վարչապետի մակարդակով։ Դեռեւս առաջին հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը դա ըմբռնումով ընդունեց՝ ասելով, որ այս առաջարկը Հայաստանում քննարկելու համար ավելի շատ ժամանակ է պետք։ Այնուհետեեւ հայկական կողմը հայտարարեց, որ այս առաջարկն իրենց համար ընդունելի է,- հավելել է նախարարը։

 

 

ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՇՈՒՇԻՈՒՄ

Արցախի Շուշի քաղաքում, որը 44-օրյա պատերազմի արդյունքում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, թուրքական հյուպատոսություն ստեղծելու շուրջ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին: Նա նշել է, որ այս գործընթացը ուշադրության կենտրոնում է։ Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաեեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը։

 

 

«ԱՆԿԼԱՎՆԵՐԻ» ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ՉԻ ԵՂԵԼ

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովն երեկ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ Տավուշի մարզի 7 գյուղերին ու Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղին, որոնք խորհրդային շամանակաշրջանում ադրբեջանաբնակ են եղել, նշել է, թե «այդ հողերը Ադրբեջանի տարածքն են»։ «Ադրբեջանի վերահսկողությանը այդ տարածքների վերադարձը պահանջում է սահմանազատման գործընթաց, ուստի հարցը կդիտարկվի դրա շրջանակներում։ Այդ հարցերը կքննարկվեն ու կլուծվեն»,-նշել Խալաֆովը։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասում է, որ Ադրբեջանի փոխարտգործնախարարի՝ տավուշյան 7 գյուղերի մասին հայտարարությունը գուցե Հայաստանի ներքաղաքական վիճակի վրա ազդելու համար են արվել: «Բայց ինչքանով ես տեղյակ եմ, Խորհրդային Միության ժամանակ երկու կողմից էլ եղած «անկլավների» մասին խոսակցություն չի եղել երբեք»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշում է նա: «Անգամ պատերազմի ընթացքում ու դրանից հետո»,- հարց ուղղեցինք նրան: «Այո, չի եղել, բայց չի բացառվում, որ այդ խնդիրները կարող են առաջանալ, երբ որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը սկսվի: Այդ խնդիրը պետք է լուծվի այնպես, որ հավանական խաղաղությունն առավել քան կայուն լինի: Ի դեպ, այդ տարածքները՝ ԽՍՀՄ ժամանակ եղած անկլավները, տարածքով շատ մոտ են, հավասարազոր են իրար»,- հավելում է ՔՊ-ականը: Հիշեցնենք, որ մոտ տասն օր առաջ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Տիգրանաշենից քայլերթի ընթացքում հայտարարում էր, թե իշխանությունները պատրաստվում են հանձնել «անկլավները»։

 

340 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԵՆ ԾԱԽՍԵԼ

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մոտ 340 հազար դրամ գումար է ծախսել կոնյակներ ու հուշանվերներ գնելու համար: ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ հանձնաժողովը միայն 105 հազար դրամ ծախսել է կոնյակ գնելու համար. ձեռք է բերվել 4 0.7 լ «Դվին» կոնյակ՝ յուրաքանչյուրի համար վճարելով 22000 դրամ, ԱԱՀ-ն՝ 17600 դրամ: Եւս 4 կոնյակ է գնվել, որի համար ՀԾԿՀ-ն վճարել է ընդհանուր 86000 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Բացի այս, ՀԾԿՀ-ն գնել է նաեւ 4 հուշանվեր, որոնց համար ընդհանուր վճարել է 148 հազար դրամ՝ մեկ հուշանվերի համար վճարելով 37 000 դրամ:

 

 




Լրահոս