ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ այլազգի մարմնավաճառ կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ մի շարք անձինք ստեղծել են կայուն հանցավոր խումբ: Վերջինիս անդամները հիմնականում առցանց եղանակներով հավաքագրել են ՌԴ, Բելառուսի քաղաքացի մարմնավաճառներ եւ առաջարկել տարբեր երկրներում, այդ թվում՝ ՀՀ-ում զբաղվել մարմնավաճառությամբ՝ խոստանալով անընդմեջ ապահովել հաճախորդներով, ինչպես նաեւ կոնկրետ երկրում ապահովել բնակության վայրով եւ անհրաժեշտ պայմաններով՝ դրա դիմաց «վաստակած» գումարների կեսը խմբին փոխանցելու պայմանով:
Կազմակերպված խմբի կազմում առցանց եղանակով ընդգրկել են նաեւ վարձակալությամբ բնակարանների տրամադրմամբ զբաղվող անհատ քաղաքացիների, Երեւանում գործող կազմակերպության սեփականատիրոջ ու աշխատակցի, որոնք ստանձնել են ՀՀ ժամանած մարմնավաճառներին պոռնկությամբ զբաղվելու նպատակով բնակարանով ապահովելու պարտականությունը:
Կազմակերպված հանցավոր խմբի անդամները հեռահաղորդակցման հարթակներով այլ երկրի քաղաքացի հանդիսացող կանանց հետ վարել են հաղորդագրություններ, իսկ համաձայնության գալուց հետո պահանջել եւ ստացել են նրանց՝ էրոտիկ բնույթի լուսանկարները, դրանցով անհատական էջեր ստեղծել էսկորտ ծառայությունների մատուցման նպատակ հետապնդող կոնկրետ համացանցային կայքում: Ապա խմբի մի շարք անդամներ կազմակերպել են մարմնավաճառ կանանց ժամանումը, Երեւան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող տարբեր բնակարանները պոռնկությամբ զբաղվելու նպատակով վարձակալությամբ գումարի դիմաց նրանց տրամադրումը:
Հաճախորդները նշված կայքի միջոցով կապ են հաստատել կազմակերպված խմբի անդամների հետ: Վերջիններս հաճախորդների հետ պայմանավորվել են սեռական ծառայությունների մատուցման ժամի եւ գումարի մասին, ապա դրանք հստակեցնելուց հետո նոր միայն հաճախորդներին փոխանցել են մարմնավաճառներին տրամադրված բնակարանների հասցեները: Վերջիններս այդ հասցեներում ընդունել են հաճախորդներին, նրանցից վերցրել մարմնավաճառության համար 1 ժամի դիմաց 200 ԱՄՆ դոլար, հետագայում ստացված գումարի կեսը փոխանցել հանցախմբի անդամներին:
Քրեական գործով մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կազմում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար: Գործի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ նշված համացանցային կայքին հասանելիությունը ներկայումս էլ շարունակում է հանդիսանալ հանցագործություններին նպաստող հանգամանք, քանի որ անձինք շարունակում են օգտվել կայքից:
Ելնելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստող պայմանների վերացման անհրաժեշտությունից՝ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից միջնորդագրեր են ուղարկվել բջջային հեռահաղորդակցության հայաստանյան երեք ընկերությունների՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի, «Յուքոմ» ՓԲԸ-ի եւ «Թիմ Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեններին՝ ձեռնարկելու գործուն միջոցներ բաժանորդների հասանելիությունը էսկորդ նպատակներ հետապնդող տվյալ կայքն արգելափակելու համար եւ ձեռնարկված միջոցառումների եւ արդյունքների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը:
Ն. Պ.
ՀԱՐՈՒՑՎԱԾ ԳՈՐԾԸ ԿՈՒՂԱՐԿՎԻ ԴԱՏԱՐԱՆ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի դեմ հարուցված քրեական գործով եւ գործը կուղարկի վերասկող դատախազին այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ:
Ի դեպ, Անդրանիկ Մակարյանն այն չորս զինվորականներից մեկն է, որոնք չեն միացել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի եւ մյուս զինվորականների հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու:
Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության նախկին պետ հանդիսացող գեներալ-լեյտենանտ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: Մակարյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։ Գեներալ-լեյտենանտը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ըստ լուրերի՝ Մակարյանը 60-ից ավելի քանակությամբ զորքին կոնկրետ առաջադրանք է տվել, որ կատարեն պատերազմի ժամանակ, ինչի հետեւանքով 60-հոգանոց զորքի զգալի մասը անհետ կորել է, եւ մինչ օրս հայտնի չէ, թե ուր են, իսկ մի մասն էլ փախել է: Ըստ էության, նախաքննական մարմինն էլ հենց 60-հոգանոց զորքի առեղծվածային անհետանալու մեջ տեսել է գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Մակարյանի մեղքը: Կասկածներ կան, որ Մակարյանը գիտակցել է, որ 60-հոգանոց զորքին ուղարկում է մահվան դուռը, բայց, անկախ այդ հանգամանքից, նրանց առաջ խնդիր է դրել, ինչն էլ ճակատագրական է դարձել շատերի համար:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ամիսներ առաջ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունն ունեցել է իր հետեւանքները: Մասնավորապես, հայտարարությունից զայրացած քաղաքացիները մեկնաբանություններ են գրել, ինչն էլ դարձել է քրեական գործի հիմք: Մասնավորապես, Կարեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Ֆեյսբուք» սոցիալական հարթակի իր անձնական՝ Karen Petrosyan էջով «Yerevan.today» անվամբ լրատվական կայքի 2022 թվականի մարտի 23-ի ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի լուսանկարով «Պետք է սովոր լինենք գազատարը փակ վիճակում նաեւ ապրել» վերնագրով հրապարակման մեկնաբանություններ բաժնում, անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, հրապարակային այլ եղանակով ծանր վիրավորանք պարունակող մեկնաբանություն է կատարել ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ: Քրեական գործը դատարան է ուղարկվել, իսկ Կարեն Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
ԳՈՂԱՑԵԼ ԵՆ
Ապրիլի 7-ից 9-ը Արմավիրի մարզի Արաքս գյուղի մի տնից գողություն էին արել։ Բացել էին տան պատուհանը, մտել ներս ու գողացել հեռուստացույց, կահույք եւ… հարսանեկան զգեստ: Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին մի շարք օպերատիվ միջոցառումներ՝ բնակարանային գողությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Օրեր անց ոստիկանները պարզեցին, որ գողությունն արել են Սարդարապատ համայնքի երկու բնակիչ։ Ապրիլի 29-ին Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գողացած հարսանեկան զգեստը վաճառելու պահին նրանք բռնվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Արմավիրի բաժին։ Սարդարապատ գյուղի 25 եւ 28 տարեկան բնակիչները ներկայացվել են քննչական մարմնին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
«Ոստիկանությունը բռնություն է գործադրում ցուցարարների նկատմամբ, ինչն ակնհայտ տեսնում ենք տեսանյութերում, թե ինչպես են բռունցքներով հարվածում ցուցարարներին, եւ արժանի են խիստ դատապարտման»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով ցուցարարների նկատմամբ ոստիկանական ուժերի բիրտ գործողություններին: «Իհարկե դատապարտում եմ, եւ միշտ եմ դատապարտել՝ անկախ՝ որ իշխանությունն է: Բայց, հանուն արդարության, պետք է անդրադառնալ նաեւ այն փաստին, որ բռնություն կիրառվում է ոչ միայն ոստիկանների կողմից, այլ նաեւ ցուցարարներ կողմից, ինչը արտառոց դեպք է ինձ համար: Ես չեմ կարծում, որ այդ տղաները ուղղակի ուզեցին ծեծել այդ տարեցներին, նրանք չեն կարողանում զսպել իրենց մեջ կուտակված ատելությունը: Ընդդիմության մեջ, ցավոք, ատելությունը շատ է, եւ դա տանում է նրան, որ դառնում ես ավելի անհանդուրժող, ինչը տեսանք տարեց մարդկանց նկատմամբ նման վերաբերմունքը»,-ասաց նա: