Անահիտ Ավանեսյանի ղեկավարած Առողջապահության նախարարությունը հերթական անգամ փայլել է իր գլուխգործոց հայտարարությամբ: Այս անգամ երկրի առողջապահությամբ զբաղվող թիվ մեկ պատասխանատուն կասկածի տակ է դրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ COVID-19-ի հետեւանքով ավելցուկային մահերի վերաբերյալ հերթական զեկույցը: Իսկ ԱՀԿ-ն պարզել է, որ համավարակի առաջին 2 տարիների ընթացքում 100 հազար բնակչության համար մոտ 650 մահվան բարձր ցուցանիշ է արձանագրվել:
Ըստ Ան-ի՝ այն ուռճացված է, քանի որ արտացոլում է ոչ միայն երկրում համավարակով պայմանավորված, այլեւ պատերազմի եւ դրա հետեւանքով արձանագրված մահերը: Եւ սա այն դեպքում, երբ ամիսներ առաջ խորհրդարանում ակնհայտ դարձավ, որ Անահիտ Ավանեսյանն ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իր ղեկավարած ոլորտում:
Հիշեցնենք՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Ավանեսյանին հարց ուղղեց՝ հետաքրքրվելով, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն արձանագրել է՝ 2020 թվականին 3545 մարդ է մահացել կորոնավիրուսի հետեւանքով, իսկ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով` 2828։
Թովմասյանը հետաքրքրվել էր նաեւ` կա արդյոք հստակ թիվ կորոնավիրուսի հետեւանքով մահացածների, եւ ինչու է խճճված վիճակագրությունը։ Ավանեսյանը պատասխանել էր պատգամավորի հարցին՝ նշելով հետեւյալը. «Հիմա ստուգում ենք երկու կառույցների ներկայացրած տվյալները, եւ երբ այդ աշխատանքները կամփոփվեն, կհայտնենք այդ մասին»:
Ի դեպ, Թագուհի Թովմասյանի կողմից այս հարցը բարձրաձայնելուց հետո վարչապետի հանձնարարականով ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է կորոնավիրուսի հետեւանքով մահերի վերաբերյալ պաշտոնական տվյալները:
Փաստորեն, շուրջ 2 տարի Առողջապահության նախարարությունը չի կարողանում հստակ վիճակագրություն ներկայացնել կովիդից մահացածների քանակի վերաբերյալ: Խայտառակությունը հասել է այն շեմին, որ Առողջապահության նախարարությունն այս անգամ մեղադրում է իր կողմից գրեթե բոլոր դեպքերում որպես օրինակ բերող Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ԱՀԿ-ին։ Մյուս կողմից, դիտարկելով պետական հաստատությունների հրապարակած մի շարք տվյալներ, արձանագրվել էր, որ ակնհայտ հակասություններ կան Վիճակագրական կոմիտեի եւ Առողջապահության նախարարության կողմից հրապարակված թվերի միջեւ։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2020 թվականին կորոնավիրուսից 3545 մարդ է մահացել, բայց Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալներով՝ կորոնավիրուսից մահացել է 2828 մարդ, այսինքն՝ երկու պետական կառույցների հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալներով՝ 717 մահվան դեպքի տարբերություն է նկատվում։
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
2 ՏՈԿՈՍ ԳՆԱՃ
Հայաստանում ոչ պարենային ապրանքների շուկայում պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է 2 տոկոս գնաճ: Հանրապետության բոլոր քաղաքներում ապրիլին, մարտի համեմատ, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4-2.6 տոկոսով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երեւանում:
Ի դեպ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ փետրվար-ապրիլին հանրապետությունում գրանցվել է հեղուկ ածխաջրածնային սեղմված գազի 7.9 տոկոս գնանկում: Մեր հանրապետությունում ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է բենզինի եւ դիզելային վառելիքի 1.1 եւ 7.2 տոկոս գնաճ: Օրինակ՝ 2022թ. ապրիլին, 2021թ. ապրիլի համեմատ, բենզինի գինն աճել է 22.4, իսկ դիզելային վառելիքինը՝ 41.5 տոկոսով: Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 510 դրամով, իսկ Պրեմիումը՝ 530 դրամով: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունները մշտապես արդարանում են, որ թանկացման պատճառը դոլարի բարձր փոխարժեքն է, որն ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա: Բայց ինչպես նկատում եք, դոլարի փոխարժեքը նվազել է, իսկ բենզինի բարձր արժեքը պահպանվում է: Օրինակ՝ այսօրվա դրությամբ ՀՀ առեւտրային բանկերում դոլարի առքի առավելագույն գինը 460 դրամ է, վաճառքինը՝ 480 դրամ: Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ, մայիսի 2-ի տվյալներով, աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.33 դոլար: Ի դեպ, տեղեկացնենք, որ հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում այն վաճառվում է միջինը 25 դրամով, որտեղից, ի դեպ, Հայաստանը մեծ քանակությամբ բենզին է ներկրում: Բայց ինչպես տեսնում եք, մեզ մոտ իրանական բենզինի գինը գերազանցում է 500 դրամը, իսկ, ահա, Ռուսաստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը մայիսի 2-ի տվյալներով կազմում է 352 դրամ: Վրացական շուկայում բենզինի միջին գինը զգալի է բարձրացել՝ հասնելով 629 դրամ:
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ
Հայաստանում սննդամթերքի գները դարձյալ բարձրացել են: Այս մասին չի լռում անգամ պաշտոնական վիճակագրությունը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն գնաճ է արձանագրել մսամթերքի շուկայում: Օրինակ՝ թռչնամսի, գառան եւ տավարի մսերի գները ապրիլ ամսին, մարտի համեմատ, զգալի բարձրացել են: Մեզ հայտնի դարձավ, որ թռչնամսի շուկայում այս ապրիլ ամսին, մարտի համեմատ, գրանցվել է 2.3 տոկոս գնաճ, իսկ մեկ տարվա ընթացքում թռչնամիսը թանկացել է 8.4 տոկոսով: Այժմ թարմ հավի մեկ կիլոգրամի արժեքը 1400 դրամը գերազանցում է եւ հասնում 1500 դրամի: Գառան մսի շուկայում եւս գնաճ է գրանցվել 1.9 տոկոսով: Գառան մսի մեկ կիլոգրամն արժե ավելի քան 4600 դրամ, իսկ, ահա, տավարի մսի գինը այս ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բարձրացել է 10.6 տոկոսով: Այս ապրիլին, մարտ ամսվա համեմատ, տավարի մսի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 1.2 տոկոսով: Նշենք, որ տավարի մսի մեկ կիլոգրամը 2800 դրամից է սկսում եւ հասնում մինչեւ 500 դրամի: Բացի այս, նկատենք, որ խոզի միսն էլ բարձր գին ունի: Հայաստանյան սուպերմարկետներում, խանութներում խոզի մսի մեկ կիլոգրամը սկսում է 2800 դրամից (խոզի թիակի արժեքն է): Օրինակ, խոզի մսի՝ մատերի մեկ կիլոգրամը արժե 3500 դրամ, իսկ խոզի չալաղաջի մեկ կգ-ն 4290 դրամ է:
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ խոզի մսի գինը այս տարվա ապրիլին, 2021 թվաանի ապրիլի համեմատ, աճել է 20.1 տոկոսով, իսկ 2022 թվականի մարտի համեմատ՝ այն էժանացել է 2.4 տոկոսով:
ԿԿԱՌՈՒՑԱՊԱՏՎԻ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կայացել է Բերդ-Նավուր-Իծաքար-Գանձաքար-Իջեւան ավտոճանապարհի մաս կազմող Իծաքար-Գանձաքար 35 կմ 200 մետր հատվածի շինարարության մրցույթը, որը շահել է «Խաչհար» ՍՊԸ-ն։ Իծաքար-Գանձաքար հատվածում ճանապարհի ծածկը նախկինում երբեւէ ասֆալտապատ չի եղել։ Իծաքար-Գանձաքար հատվածը շատ բարդ, բարձրադիր, անտառային տեղանքում է, այդտեղ կան 2 կամուրջներ, երկու դժվարին ոլորաններ։ 2018թ., երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բերդի քաղաքապետարանում համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց, Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը առաջադրեց Բերդ-Նավուր-Իծաքար-Գանձաքար-Իջեւան մոտ 55 կմ երկարությամբ ճանապարհի կառուցապատման հարցը։ 4 տարի անց այդ ճանապարհի ամենակարեւոր հատվածը կառուցապատվելու է։ Դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ անցած ապրիլ ամսին պետք է ձեւավորվեր սահմանազատման հայ-ադրբեջանական հանձնաժողովը։ Հավանական է, որ սահմանագծման եւ սահմանազատման հետեւանքով նախկինում ադրբեջանաբնակ Սոֆուլլու եւ Բարխուդարլու գյուղերի տարածքները հանձնվեն Ադրբեջանին, ինչի հետեւանքով խնդիրներ կծագեն Իջեւան-Վազաշեն-Պառավաքար-Տավուշ-Բերդ ավտոճանապարհով երթեւեկի համար։ Բերդը Տավուշի մարզկենտրոն Իջեւանին կապող այլընտրանքային ճանապարհի Իծաքար-Գանձաքար հատվածի կառուցապատումը կարող է պայմանավորված լինել այս հանգամանքով։
ՍԱՏԿԵԼ ԵՆ
Մարտի 25-28-ը Նոյեմբերյան, Բերդ եւ Դիլիջան խոշոր համայնքների բնակավայրերում վերջին տասնամյակներում աննախադեպ քանակի ձյուն տեղաց, ձյան հաստ շերտից Նոյեմբերյան քաղաքում փլվեց բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը, Բերդավան գյուղում՝ առանձնատան տանիք, մարզի վերոհիշյալ 3 խոշոր համայնքների բնակավայրերում քանդվել են առանձնատների, դրանց պատշգամբների, անասնագոմերի, առանձնատներին կից կառույցների ծածկեր եւ այլն: Տավուշի անտառներում արածող ձիերի երամակներ կան, դրանց տերերը ձիերին անտառներում, բացատներում ազատ, առանց հսկողության են թողնում։ Անտառներում, բացատներում ձիերը, ավելի քան մեկ շաբաթ չկարողանալով իրենց համար կեր գտնել, խրված լինելով ավելի քան մեկ մետր հաստությամբ ձյան մեջ, սատկել են։ Դիլիջան-Իջեւան հատվածում՝ միջպետական ավտոճանապարհի եզրին, մշտապես արածում են առանց հսկողության երամակներ, քանի որ ցածրադիր այդ հատվածում համեմատաբար քիչ էր ձյուն տեղացել, այդ ձիերը կերի, արածելու խնդիր չեն ունեցել։ Լոռու մարզի անտառները ավելի բարձրադիր են, այնտեղ տեղացած առատ ձյան հետեւանքով շատ եղնիկներ են սատկել, որոնց սատկած մարմինները երեւացել են ձնհալից հետո։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ