ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել «VR գործիքների փորձարկում մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում» աշխատաժողովին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ կրթության ոլորտում նոր սերնդի տեղեկատվական գործիքների կիրառումը գնալով ավելի գերակշռող է դառնում: «Համավարակը ստիպեց մեզ վերջին երկու տարիներին կրթության կազմակերպման գործընթացում տեխնոլոգիաների ներդրման թռիչքային զարգացում ապրել: Դրանք պարտադրված քայլեր էին, որոնց գնացինք կրթության շարունակականությունն ապահովելու համար: Այդ քայլերը միաժամանակ բացահայտեցին նոր ճանապարհներ եւ հնարավորություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող են տեխնոլոգիաներն օգտագործվել կրթության եւ ուսուցման գործընթացում: Վիրտուալ իրականության գործիքներն անփոխարինելի են հատկապես ՄԿՈՒ ոլորտում, որտեղ էական նշանակություն ունեն սովորողների գործնական հմտությունների եւ կարողությունների զարգացումը: Կարծում եմ, որ վիրտուալ իրականության գործիքների կիրառմամբ էապես փոխվելու են նաեւ հաստատությունների հագեցվածության եեւ ենթակառուցվածքների բազայի վերաբերյալ մեր պատկերացումները: Այդ գործիքները մեզ թույլ կտան ֆիզիկական ենթակառուցվածքների պատկերացումներից անցում կատարել դեպի վիրտուալ ենթակառուցվածքներ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով` կարեւոր է, որ նոր գործիքը փորձարկվում է զբոսաշրջության ոլորտի մասնագիտությունների համար` հաշվի առնելով, որ այդ ճյուղը ՀՀ տնտեսության զարգացման գերակա ուղղություններից է: Նախարարի տեղակալը փաստել է նաեւ, որ համավարակի ժամանակ բազմաթիվ մշակութային հաստատություններ ստեղծարար մոտեցում ցուցաբերեցին` վիրտուալ գործիքների շնորհիվ նորովի ներկայանալով այցելուին, որը վիրտուալ զբոսաշրջության իրագործում էր: Միջոցառման ընթացքում հյուրերի կողմից փորձարկվել է Oculus Quest գործիքը, որի միջոցով ներկաները դիտել են 3D մոդելավորմամբ պատրաստված մասնագիտական կողմնորոշման հոլովակը` հյուրանոցային սպասարկման գործի մասին:
Ամփոփելով փորձարկման արդյունքները` ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի ավագ փորձագետ Յուլիա Ստակյանը նշել է, որ միջոցառման վայրի` «Ալեքսանդր» հյուրանոցի ընտրությունը պատահական չէ:
Հիշեցնենք, որ դուալ կրթությունը Հայաստանում 2017 թ. փորձարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի համագործակցության շրջանակում: Հայաստանում պիլոտավորվող այս համակարգն օգնում է զարգացնել ՄԿՈՒ շրջանավարտների մասնագիտական կարողությունները՝ ապահովելով նրանց մրցունակությունն աշխատաշուկայում: Դուալ համակարգի հիմքում դրված է աշխատանքի վրա հիմնված ուսուցման հայեցակարգը: «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիրը (ՄՀԶ ՄԿՈՒ) իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից` Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման (BMZ) նախարարության պատվիրակմամբ: