ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՀԻՇՈՒՄ ԱՐՄԻՆԵ ՃԱՂԱՐՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 9-ին  «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանը ողբերգական պատահարի զոհ է դարձել։

 

«Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի հարակից տարածքում քաղաքացիները, փրկարարներն ու Լոռու պարեկները Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկան, որը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Ռաֆթինգային կազմակերպության համակարգող Վազգեն Խաչիկյանը, անդրադառնալով  դեպքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ցավալի լուր ստացվեց, որ Դեբեդ գետում ռաֆթինգի ժամանակ մի երիտասարդ աղջիկ է ջրասույզ եղել։ Հետո պիտի պարզվեր, որ խեղդվածը հայտնի հաղորդավար Արմինե Ճաղարյանն է։ Մեր ռաֆթինգային թիմի եւ անձամբ իմ անունից ցավակցում եմ Արմինեի ընտանիքին, ամուսնուն, հարազատներին, բարեկամներին, ընկերներին։

Չնայած դժբախտ պատահարը մեր թիմի հետ անմիջական կապ չունի, բայց սա ցավալի դեպք է մեր ողջ ռաֆթինգային հանրության համար։ Մեր զորակցությունն ենք հայտնում նաեւ Գեւորգ Վարդանյանին ու իր թիմին այս ցավալի միջադեպից ճիշտ հետեւություններ արած դուրս գալու համար»,-մասնավորապես նշել է նա։

Սիրելի հաղորդավարուհու մահն անասելի ցավ է պատճառել նրա ընկերներին, որոնք իրենց սոցիալական էջերում գրառումներ են կատարել եւ կիսվել իրենց վշտով:

Երգչուհի Անահիտ Շահբազյանն իր սթորի բաժնում լուսանկար է հրապարակել:

Երգչուհի Սոնա Շահգելդյանը գրել է. «Ինչի հենց ամենալավերը, ամենալուսավորները: Գնաս խաղաղությամբ»:

Դերասան Սուրեն Առուստամյան. «Աշխարհի ամենաբարի մարդկամցից մեկը, անհավատալի է…»:

Դերասան Անդրանիկ Հարությունյան. «Անկեղծ հավատս չի գալիս: Կրա՛կ աղջիկ, հոգիդ լույսերի մեջ մնա»:

Դերասանուհի Ռուզաննա Հարությունյան. «Էս կյանքով լի աղջկան մի կյանքն անգամ քիչ էր, բայց արի ու տես, որ կես կյանք էլ չապրեց… Դեռ կխոսենք քո մասին, Ա՛րմ, ողղակի հիմա անէացած, սառած, պապանձված ենք. չենք կարողանում հավատալ: Արդար չէ… Շա՜տ անարդար է…»:

ArmLur.am-ի եւ «Ժողովուրդ» օրաթեթրի խմբագրությունը նույնպես ցավակցում է հաղորդավարուհու ընտանիքին եւ հարազատներին:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Դ. ՏՈՌԵՍԸ՝ ԿԱՐԵՎՈՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Ապրիլի 30-ին դերասանուհի, երգչուհի Դիանա Տոռեսը տոնել է ծննդյան 33-ամյակը: Դերասանուհին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի համեստ միջավայրում է նշել տարեդարձը ամենամտերիմ ընկերների հետ:

 

«Այս տարի որոշեցի այսպես համեստ նշել, քանի որ  նախորդ տարի բավականին մեծ նշել էի, բացի այդ, այս տարի տրամադրություն էլ չունեի, խնդիրներս շատ էին, մի կողմից էլ՝ երկրի վիճակը»,-ասաց դերասանուհին՝ նշելով, որ հատուկ որեւէ անակնկալ նվերներ տարեդարձին չեն եղել:

Դիանայի միակ երազանքը աշխատանքում առաջընթացն է, նոր նախագծերում հանդես գալը, ինչպես նաեւ երկու տարվա դադարից հետո մեկնելը հանգստի:

«Անկեղծ կլինեմ, սպասում եմ նոր պրոյեկտների, բացի այդ էլ արդեն երկու տարի կլինի, ինչ հանգստի չեմ մեկնել, եւ դրա կարիքը շատ ունեմ: Հուսով եմ՝ կկարողանամ վերջապես մեկնել հանգստի»,- ընդգծեց նա:

Նշենք, որ դերասանուհին արդեն տեւական ժամանակ է, ինչ ակտիվ գործունեությամբ չի զբաղվում: Այժմ նա աշխատում է իր առաջին մասնագիտությամբ. ստոմատոլոգ է:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԺԱՄԱՆԵԼ Է ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի 34-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ժամանել է Սաուդյան Արաբիա տուրիզմի ոլորտի միջոցառումների մասնակցելու նպատակով:  «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը դարձել է Սաուդյան Արաբիայի տուրիզմի պաշտոնական դեսպան։ «Ուրախ եմ ողջունել Մեսիին Սաուդյան Արաբիայում։ Ուրախ ենք, որ դուք կծանոթանաք Կարմիր ծովի գանձերին, Ջիդային եւ մեր պատմությանը»,- «Թվիթեր»-ում գրել է Սաուդյան Արաբիայի տուրիզմի նախարարը։ Մեսիի հետ Սաուդյան Արաբիա է ժամանել նաեւ ՊՍԺ-ի խաղացող, արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը։

 

 

 

ԿՀԵՌԱՆԱ ԱԿՈՒՄԲԻՑ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Դորտմունդի «Բորուսիայի» 21-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին այս ամռանը ձեռք բերելուց հետո բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսին թույլ կտա հեռանալ ակումից: 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ Գաբրիել Ժեզուսի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Այս մրցաշրջանում նա կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ մասնակցել է 39 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

 

 

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԽԱՂԱԴԱՇՏ

Իտալական «Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան անցած ամռանը՝ Եվրո-2020-ի ժամանակ ստացած ծանր վնասվածքից հետո վերադարձել է խաղադաշտ՝ փոխարինման դուրս գալով «Ֆիորենտինայի» դեմ Իտալիայի առաջնության 36-րդ տուրի խաղում։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտվել էր 0։2 հաշվով։ «Արդեն մեկ ամիս ինձ լավ էի զգում եւ անհամբեր սպասում էի վերադարձիս խաղադաշտ։ 10 ամիս երազում էի այս պահի մասին։ Հիմա ամեն րոպեն խաղադաշտում կարեւոր է ինձ համար։ Գիտեմ, որ կարող եմ ավելի ուժեղ խաղացող դառնալ այս վնասվածքից հետո։ Հիմա երազում եմ խաղալ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում։ Կարեւոր է դարձյալ զգալ, որ կարող ես ներդրում ունենալ թիմի խաղում»,-ասել է Սպինացոլան: 29-ամյա ֆուտբոլիստը ոտնաթաթի աքիլեսյան ջլի վնասվածքից հետո 311 օր չէր խաղացել։

 




Լրահոս