ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները հարվածում են դրանք սահմանող երկրներին, ինչպես նաև առաջացնում են համաշխարհային ճգնաժամ, հաղորդում է ТАСС գործակալությունը։
«Մեծ մասամբ հենց այս պատժամիջոցներն են հրահրում համաշխարհային ճգնաժամ: Դրանց հեղինակները, առաջնորդվելով անհեռատես, ուռճացված քաղաքական նկրտումներով, ռուսաֆոբիայով, ավելի շատ հարվածում են իրենց ազգային շահերին, սեփական տնտեսություններին, իրենց քաղաքացիների բարեկեցությանը»,- ասել է Պուտինը տնտեսական հարցերի շուրջ խորհրդակցության ժամանակ։
Առաջին հերթին, ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը, դա երևում է Եվրոպայում ինֆլյացիայի կտրուկ աճից. որոշ երկրներում այն արդեն մոտեցել է տարեկան 20%-ի, իսկ ընդհանուր առմամբ եվրոգոտում ապրանքների գներն աճել է ավելի քան 11%-ով։
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գլոբալ հետևանքների, ներառյալ մի շարք երկրներում հնարավոր սովի մեղքը արևմտյան երկրներինն է, որոնք պատրաստ են զոհաբերել մնացած աշխարհն իրենց գերակայության համար։
Ըստ Պուտինի՝ Ռուսաստանի նկատմամբ «պատժամիջոցների մոլուցքի» քաղաքականության շարունակությունը Եվրամիության քաղաքացիների և աշխարհի ամենաաղքատ երկրների համար կհանգեցնի ամենաբարդ և դժվար շրջելի հետևանքների։
Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը վստահորեն հաղթահարում է արտաքին մարտահրավերները ինչպես վերջին տարիների մակրոտնտեսական պատասխանատու քաղաքականության, այնպես էլ տնտեսական ինքնիշխանությունը, տեխնոլոգիական և պարենային անվտանգությունն ամրապնդելու համակարգային որոշումների շնորհիվ։