Զովաբերցի Սուքիասյանների ընտանիքը հայրենի գյուղում ապրել է հողին կպած՝ բառացիորեն նաև: Հարյուր տասը տարի առաջ կառուցված և պապից թոռներին անցած տունը հողաշեն է, տանիքը՝ հողածածկ: Տարիների ընթացքում, Գեղարքունիքի մարզին բնորոշ կլիմայական խիստ պայմաններից քայքայվելով՝ հողաշեն տունը դարձել է չորրորդ կարգի վթարայնության շինություն: Տարբեր պատճառներով՝ նոր տուն կառուցել չի հաջողվել: Սուքիասյաններն ստիպված են եղել շարունակել ապրել այդտեղ, լուծել բազմանդամ ընտանիքի օրվա հոգսերն ու բավարարվել ժամանակ առ ժամանակ իրականացվող նորոգման աշխատանքներով:
Սուքիասյանների ընտանիքի առօրյան վերջապես փոխվել է: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, 63 տարի հողաշեն վթարայինում ապրած Գագիկն ավարտին է հասցրել տասը տարի առաջ սկսած կիսակառույցի շինարարությունը: Կենցաղավարության տարրական պայմանների բացակայությունն այլևս խնդիր չէ բազմանդամ ընտանիքի համար: Նոր տունը քարաշեն է՝ կոմունալ բոլոր հարմարություններով:
«Մեր պապական տանն ապրում էինք տասը հոգով. ես, կինս ու մեր երկու որդիներն իրենց ընտանիքներով: Հողաշեն տունը վթարայնության չորրորդ աստիճանի է: Տասը տարի առաջ, կիսակառույցի շինարարություն ձեռնարկեցինք, որի ձգձգվող ընթացքը հուշում էր, որ գուցե ևս տասը տարի պիտի պահանջվեր՝ այն ավարտին հասցնելու համար:
Բնակարանաշինության ծրագիրն ամբողջությամբ փոխեց մեր կյանքը: Ավագ որդուս ընտանիքն արդեն տեղափոխվել է բարեկարգ բնակարան, իմ հոգսն էլ կիսվել է: Հույս ունեմ, որ շուտով մյուս որդուս համար էլ կկարողանանք տան խնդիրը լուծել», -ասել է ընտանիքի պապը՝ Գագիկը:
Արդեն տասը տարի, Հայաստանի բոլոր մարզերում իրականացվող բնակարանաշինության ծրագիրն իրականացվում էանկախ մարտահրավերներից ու հանգամանքներից: Գործընկեր կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները, տեսազանգի և շրջայցերի միջոցով, պարբերաբար ծանոթանում են աշխատանքների ընթացքին:
«Արդեն տասը տարի իրականացնում ենք այս ծրագիրը: Եթե ուզում ենք երկիր շենացնել` պիտի համախմբվենք և ջանասիրաբար աշխատենք: Մեր գործընկերների հետ ձգտում ենք լինել հետևողական՝ արդյունքի հասնելու համար: Հաճախ էլ, տարբեր իրավիճակներում, անհրաժեշտ է լինում դրսևորել ճկունություն՝ մարտահրավերները հաղթահարելու համար:
Մենք ոգևորվում ենք, երբ տեսնում ենք, թե որքան ամուր է մեր հայրենակիցների՝ գյուղում ապրելու վճռականությունը: Յուրաքանչյուր ընտանիքի՝ ոտքի կանգնելու փաստը կարևոր ձեռքբերում է: Դա է ծրագրի հաջողության ամենակարևոր ցուցանիշը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Սուքիասյանները 2021 թվականի՝ բնակարանաշինության ծրագրի շրջանակում աջակցություն ստացած 87 ընտանիքներից մեկն է:
«Բնակարանաշինության ծրագիրը միտված է օգնելու բոլոր այն ընտանիքներին, որոնք ունեն տան կարիք: Տվյալ դեպքում՝ մասնակիորեն կարողացել ենք լուծել այս բազմանդամ ընտանիքի խնդիրը: Հույս ունենք՝ մոտ ապագայում կկարողանանք աջակցել նաև ընտանիքի մյուս կեսին և ավելի քան հարյուրամյա կենսագրություն ունեցող վթարային տունը կավարտի իր ոդիսականը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության համատեղ ծրագրի տասնամյա հաջողությունը խոսուն է. Հայաստանի տարբեր մարզերում աջակցություն է ստացել մոտ 400 ընտանիք: Այդ նպատակով, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է գրեթե մեկ միլիարդ ՀՀ դրամի ներդրում: