Քննչական կոմիտեն եւ Գլխավոր դատախազությունը լուրջ վեճ են ունեցել. պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանության ավտոմեքենայի հարվածի հետեւանքով գրանցված վրաերթն է, որի պատճառով երիտասարդ աղջիկ մահացավ: Բանն այն է, որ դատախազությունը ցուցում է տվել, որը, սակայն, Քննչական կոմիտեն որոշել է չկատարել:
Ինչպես հայտնի է, 2022թ. ապրիլի 29-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել երիտասարդ աղջկան վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Ա. Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ինչպես նաեւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Եվ, ահա, այս որոշումից հետո սկսվել է իրավապահ համակարգի կռիվը:
Գործը հսկող դատախազը կոմիտեի քննիչից պահանջել է վերացնել այդ որոշումները, քննել նաեւ վարորդի՝ դեպքի վայրը լքելու հանգամանքը եւ կալանավորման միջնորդության հարցը քննարկել: Այս ցուցումը կոմիտեի դուրը չի եկել, եւ թեժ քննարկման են բռնվել դատախազության հետ, առարկություններ ներկայացրել, ինչը մերժվել է դատախազության կողմից: Չի բացառվում, որ երկու ուժային կառույցների վեճը այն աստիճան թեժանա, որ որոշվի քրեական գործը ուղարկել ԱԱԾ: Ասել է թե՝ դատախազի միակ հույսը իր ցուցումները կատարելու համար մնացել է ԱԱԾ-ն, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներքին տարաձայնություններ ունեն:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է այդ թեմային, եւ հիմա էլ Քննչական կոմիտեն է սկսել դատախազության ցուցումների դեմ ընդվզել, մինչդեռ դա օրենսդրական խիստ պահանջ է:
Մանրամասները՝ տեսանյութում