Ամերիկյան կինոակադեմիան հայտնել է, որ «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը 2023 թվականին տեղի կունենա մարտի 12-ին «Դոլբի» թատրոնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Variety-ն գրում է, որ 95-րդ մրցանակաբաշխությունը կհեռարձակվի ABC-ի ուղիղ եթերում:
2022 թվականին «Օսկարի» մրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Կոդա» (CODA) կինոնկարը: Այն «Օսկարի» է արժանացել նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Սցենարի լավագույն ադապտացիա» անվանակարգերում: «Շան իշխանություն»-ը (The Power of the Dog) ֆիլմը, որը ներկայացված էր 12 անվանակարգում, ստացել է միայն մեկ մրցանակ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:
Ամենաշատը «Օսկարի» արժանացած ֆիլմը «Դյունա»-ն էր (Dune): Այն մրցանակներ է ստացել «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն հնչյունային ձևավորում», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն բեմադրող նկարչի աշխատանք», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգերում։