Այսօր «Դիմադրոթյուն» շարժումը վաղ առավոտից ավտորեթեր է իրականացրել Երեւանի տարբեր փողոցներում, որի ժամանակ ոստիկանությունը քաղաքացիների է բերման ենթարկել եւ կոշտ գործողություններ կիրառել վերջիններիս նկատմամբ հենց փողոցում:
ArmLur.am-ը ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվեց, թե քանի բերման ենթարկված քաղաքացի կա եւ քանի ավտոմեքենա է տուգանային հրապարակ տարվել:
Մեր հարցադրումներին ի պատասխան ՀՀ ԿԱ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ այս պահի դրությամբ կա 91 բերման ենթարկված, իսկ տուգանային հրապարակ տեղափոխված մեքենաների մասին այս պահին տեղեկություններ դեռեւս առկա չեն:
ArmLur.am-ը նաեւ հետաքրքրվեց, թե Հայաստանում նվազագույն արագություն օրենքով սահմանված չէ, ի՞նչն է պատճառը, որ ոստիկանները մեքենաները կանգնեցնում են եւ հրահանգում՝ արագ ընթանալ:
«Վերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր, այդ թվում՝ նաև խմբակային տեղաշարժերի միջոցով: Վարորդների մասնակցությամբ այդպիսի խմբակային տեղաշարժերը ոչ միայն խախտում են ՃԵԿ կանոնները, խանգարում երթևեկությանը, այլև ստեղծում են երթևեկության անվտանգության սպառնալիք: Այդ կարգի գործողությունները իրավախախտում են և առաջացնում են վարչական պատասխանատվություն: Կոչ ենք անում վարորդներին՝ զերծ մնալ իրավախախտումներից, երթևեկությանը խոչընդոտելու միջոցով այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը սահմանափակելու փորձերից և պահպանել համակեցության կանոններն ու փոխադարձ հարգանքը երթևեկության բոլոր մասնակիցների հանդեպ»,-նշեց մեր զրուցակիցը:
Լիդա Եղիազարյան