ռաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը պարտադիր կլինի բոլոր այն դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն:
Մայիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
«Առցանց հայտագրումը կիրականացնենք էլեկտրոնային համակարգի միջոցով և երեք փուլով, որը նորություն չէ. այն անցյալ տարի նույնպես գործարկվել է: Իրականացրել ենք նաև մի շարք փոփոխություններ և հույս ունենք, որ նախորդ տարի բարձրացված խնդիրներն այլևս չեն լինի»,- ասաց փոխնախարարը:
Նա նշեց, որ ծնողները կարող են այս ընթացքում ստուգել իրենց երեխաների տվյալները, լինեն հետևողական և ստուգումներ իրականցնեն, որովհետև լինում են դեպքեր, երբ երեխայի տվյալները թվայնացված չեն լինում և պահանջվում է որոշակի ժամանակահատված Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակի կողմից թվայնացումն իրականացնելու համար. դա հիմնականում իրականացվում է երեք օրվա ընթացքում: Այդ գործընթացը անհրաժեշտ է կատարել stugum.emis.am կայքի միջոցով:
«Այնուհետև հունիսի 21-ից արդեն կբացվի առաջին դասարանցիների հայտագրումը, որը բաց կլինի առաջնահերթություն ունեցող բոլոր քաղաքացիների համար: Առաջնահերթություն դիտարկվում է նույն դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունենալու հանգամանքը, ինչպես նաև տվյալ դպրոցում աշխատող ծնող ունենալու հանգամանքը: Այս փուլով հայտագրումը կիրականացվի 14 օրվա ընթացքում: Այնուհետև հուլիսի 6-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերեն ուսուցում իրականացնող հանրակրթական հաստատություններ դիմող բոլոր առաջին դասարանցիների համար»,-նշեց Ժաննա Անդրեասյանը:
Նա ասաց, որ հուլիսի 12-ից հայտագրման գործընթացին կկարողանան միանալ նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաները, որոնց համար ուսուցման լեզուն կարող է լինել ոչ հայերենը: Այս կարգավորումը տարածվում է նաև այն երեխաների վրա, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ ոչ:
Փոխնախարարը շեշտեց նաև, որ հայտագրման համակարգը չի փակվելու. այն գործելու է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Երեխաները ամբողջ ուսումնական տարին հնարավորություն կունենան ընդգրկվել դպրոցում: