Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների մեծամասնությունը ցանկություն չունի ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տեսնել որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրն է փոխանցում, որ Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունը համախմբվել է Երևանի՝ դեռ նախորդ տարեվերջին ընտրված քաղաքապետի՝ Հրաչյա Սարգսյանի հետ ու նրա հետ «ջան ասել, ջան լսելով» աշխատում են։
«Հրաչյա Սարգսյանը, կարելի է ասել, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հակապատկերն է։ Այն ժամանակ, երբ խմբակցության անդամները բառիս բուն իմաստով երազել են մուտք գործել Մարությանի աշխատասենյակ ու ինչ-որ թեմայով խոսել, զրուցել, քննարկում ունենալ նրա հետ, այժմ ավագանու իշխանական անդամներն անարգել են մտնում Հրաչյա Սարգսյանի աշխատասենյակ։ Կարճ ասած՝ Սարգսյանն ավելի պատրաստ է երկխոսել ու լսել բոլորի առաջարկը»,- ասաց մեր զրուցակիցն՝ ավելացնելով՝ ավելի լավ է Հրաչյա Սարգսյանը, քան թե Տիգրան Ավինյանը դառնա Երևանի քաղաքապետ։ Մեր զրուցակցի հավաստմամբ՝ ավագանու ոչ միայն ՔՊ-ական, այլ նաև ընդդիմադիր՝ «Լույս» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն են անելու հնարավորը, որ Ավինյանը քաղաքապետի մանդատին չարժանանա։
Սևակ Վարդումյան