ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերի ամենաքննարկվող ներքաղաքական հարցը ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններն են, որոնք առնվազն նախորդ մեկ տարվա ընթացքում այնքան էլ հարթ չէին: Ինչպես հիշում եք, բանն անգամ հասավ այնտեղ, որ անցած դեկտեմբերին ՀՀԿ-ի 20-ամյակին ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանը բաց տեքստով հայտարարեց, որ ինքը վերջնագրերի լեզվով չի խոսում որեւէ մեկի (տվյալ դեպքում ԲՀԿ-ի) հետ, սակայն օրինաչափ պահանջներ ունի իր գործընկերներից: Դրանից հետո ստեղծված լարվածությունն իր բարձրակետին հասավ տարեվերջին, երբ ԲՀԿ ղեկավարությունը գրեթե հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մտադրության մասին: Սակայն կարճ ժամանակ անց` 2011թ. փետրվարի 17-ին, ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, ստիպված եղավ տեղի տալ ու ստորագրել կոալիցիոն նորացված հուշագիրը` այդպիսով ստանձնելով այն միակ ու կարեւորագույն պարտավորությունը, որի շուրջ էլ գնում էր այս ամբողջ կռիվը. «Քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի»:Սակայն մենք դեռ այն ժամանակ էինք կանխատեսել, որ պետք եղած պահին ԲՀԿ-ն չի երկնչի դուրս գալ կոալիցիայից` այդպիսով չեղյալ համարելով նաեւ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին ստանձնած պարտավորությունը: Տեղի կունենա դա, թե ոչ` պարզ կլինի արդեն ամենակարճ առաջիկայում, քանզի որքան էլ Գագիկ Ծառուկյանը փորձի «այդ մասին` հաջորդ դասին» ձեւակերպմամբ խուսանավել հաջորդ նախագահական ընտրություններում ԲՀԿ թեկնածուի անունը հնչեցնելուց, ակնհայտ է, որ ԲՀԿ-ին տրված դասամիջոցն ավարտվել է, զանգը հնչել է, եւ «հաջորդ դասն» արդեն սկսվել է: Եւ դատելով Հովհաննես Սահակյանի` ՀՀԿ գործկոմի վաղվա նիստի օրակարգի անսովոր «անոնսից»` Սերժ Սարգսյանը որոշել է, որ արդեն ԲՀԿ-ի պատասխանելու ժամանակն է:Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ԲՀԿ-ն առայժմ դրան պատրաստ չէ եւ ցանկանում է ամեն գնով էլի ժամանակ ձգել: Ընդ որում, այս պահի դրությամբ ո՛չ ՀՀԿ-ում, ո՛չ էլ ԲՀԿ-ում իրավիճակի շուրջ կարծիքները միանշանակ չեն: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` վաղվա նիստից հետո Հանրապետական կուսակցությունն իր կոալիցիոն գործընկերոջն առաջարկելու է, որպեսզի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գոնե բանավոր հաստատի, որ «Բարգավաճ Հայաստան»-ը տեր է փետրվարին ստորագրված հուշագրով իր ստանձնած պարտավորությանը: Միեւնույն ժամանակ ՀՀԿ-ից ջանալու են համոզել ու երաշխավորել, որ գործող նախագահի թեկնածությունը սատարելու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարության դեպքում վարկաբեկման կամ հեղինակության անկման խնդիր չի կարող առաջանալ, քանի որ այդպիսով ԲՀԿ-ն ընդամենը «տղավարի» տեր կկանգնի փետրվարին դրված իր ստորագրությանը: Ամեն դեպքում, մինչեւ Մոսկվա մեկնելը Սերժ Սարգսյանն արդեն պետք է հստակ իմանա` ԲՀԿ-ն գործընկե՞ր է, թե՞ հակառակորդ:




Լրահոս