ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հանդես է եկել ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով: Նա առաջարկում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը: Բանն այն է, որ գործող իրավակարգավորումների համաձայն, քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ 6 ամիս է, որը կարող է մեկ անգամ` հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ 6 ամսով:

Բագրատյանը կարծում է, թե այս կանոնակարգումը խնդրահարույց է, քանի որ նախորդ փորձերը ցույց են տվել, որ  խորհրդարանի գործունեության ընթացքում նշված ժամկետների ոչ բավարար լինելու արդյունքում քննիչ հանձնաժողովները եւս 6 ամսով երկարաձգել են հանձնաժողովի լիազորությունները, ինչը նույնիսկ այդ դեպքում բավարար չի եղել:

Եվ նախագծով նա առաջարկում է քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը փոփոխել` դարձնելով 1 տարի ժամկետով, որը կարող է մեկ անգամ` հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ մեկ տարով:

Նշենք, որ խորհրդարանական քննիչ հանձնաժողովը ստեղծվում է իրավունքի ուժով` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով:

Առաջին ընթերցմամբ քննարկված նախագիծն այսօր  արժանացել է պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս