Գավառի համալսարանի ռեկտորն ու պրոռեկտորը չեն հերքում, որ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ համալսարանում միջադեպ է տեղի ունեցել: ArmLur.am-ի հետ զրույցում թե՛ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, թե՛ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը «կարծիքների արտահայտում» որակեցին Աննա Հակոբյանի ու դասախոսներից մեկի միջև ունեցած բանավեճը, որն ըստ մամուլի հրապարակման՝ ընդհատվել ու իրական սկանդալի էր վերածվել:
Վարչապետի տիկինը, ըստ լրատվականներից մեկի հրապարակման, չի համաձայնել Գավառի պետական համալսարանի երիտասարդ դասախոսի կարդացած դասախոսության բովանդակության հետ, ինչը նախ բանակռվի, ապա դասախոսի ու ուսանողների կողմից լսարանը լքելուն է վերածվել:
Համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ համալսարանը փակելու, մեկը մյուսին քաշքշելու միջադեպեր չեն եղել:
«Իսկ ի՞նչ է եղել»,- հարցրինք նրան: «Ես չգիտեմ՝ ում մտքով ինչ է անցել, որ այդպիսի սուտ է սպրդել… Եղել է հանդիպում, իսկ համալսարանում կա բազմակարծություն, ազատ միտք, մարդիկ իրենց կարծիքն են արտահայտել: Բանավեճ էլ չէի ասի, յուրքանչյուրն ասել է այն, ինչ մտածում է, ու որևէ վիրավորանք, լարվածություն ՝ կապված համալսարանի կամ դասախոսի անձի հետ, չի եղել: Որևէ մեկը որևէ մեկին կթվորուհի չի ասել: Մարդիկ ազատ շփվել են, հաղորդակցվել են, ու որևէ խնդիր չի եղել: Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք ու հաճելի օր»,- միտքն ավարտելով ու մեզ հաճելի օր մաղթելով՝ տիկին Հակոբյանն ավարտեց զրույցը:
Ի տարբերություն իր վերադասի՝ համալսարանի պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, մեզ հետ հեռախոսազրույցն ավարտեց լսափողը մեզ վրա անջատելով, առանց մեզ լսելու ու հաջողություն ասելու: Ուսումնագիտական գծով պրոռեկտորին «խիստ հարիր» քաղաքավարություն էր, ինչ խոսք:
Մինչև լսափողը մեզ վրա անջատելն ու լրագրողին «իր կյանքով ապրելու» խորհուրդ տալը, տիկին պրոռեկտորն, այնուամենայիվ, նույնպես հաստատեց՝ հանդիպման ժամանակ տարակարծություն եղել է, բայց և շտապեց ընդգծել. «Ես չեմ մասնակցել հանդիպմանը, գիտեմ, որ նորմալ էր….Չեմ մասնակցել հանդիպմանը: Ի սեր Աստծո, հանգիստ ապրեք ձեր կյանքով: Միջադեպ չի եղել, երկու մարդիկ կարծիք են փոխանակել: Չարժե դրա համար տաքանա՜լ, գրե՜լ, չգիտեմ: Միջադեպ բացարձակ չի եղել, ես այդ գնահատականը չեմ տալիս»:
Սևակ Վարդումյան