«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2018 թվականի մայիսի մեկին, երբ խորհրդարանն առաջին անգամ քննարկում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու հարցը, նա խոսում էր հասարակությանն ու մարդկանց դուրեկան մի շարք թեմաներից: Դրանցից մեկն էլ ժամկետային զինծառայողների համազգեստին ու սննդին էր վերաբերում: Վարչապետ Փաշինյանը դեռ ընդդիմադիր ժամանակներից էր բարձրաձայնում, թե զինվորների ներքնազգեստներն ու շապիկները բազմաչարչար ծնողները չպետք է հոգան, իսկ 2018-ի մայիսի 1-ին Ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարում էր.
«Առանձնահատուկ կարեւորություն եմ տալիս հայոց բանակի ժամկետային զինծառայողների ծնողների վրա հավելյալ հոգսեր բարդելու պրակտիկան շատ արագ վերացնելուն, եւ իմ առաջին հանձնարարականը պաշտպանության նախարարին լինելու է արագ եւ անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որպեսզի բացառվի բանակում ծառայող որեւէ զինվորի կարիքի բավարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրա դնելը»:
2018-ից քաղաքական վերադասավորումներից, դեռ չասած 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո զինծառայողների ծնողներն այժմ ոչ միայն իրենց զինվորների ներքնաշորերի, այլ նաեւ քաղցրի, ծխախոտի, հեռախոսի լիցքավորման, դիրքեր բարձրանալու համար անհրաժեշտ միջոցների ու այլ ծախսեր են հոգում: Հայաստանում զինվոր ունեցող գեթ մեկ ընտանիք չկա, որ ամսական կտրվածքով ֆիքսված չափի գումար չհատկացնի իր զինվոր երեխայի ծախսերը հոգալուն: Սրա մասին Նիկոլ Փաշինյանն ու պատկան գերատեսչությունը՝ Պաշտպանության նախարարությունը, վստահաբար շատ լավ գիտեն, բայց դա վերացնելու համար կա՛մ բավարար միջոցներ, կա՛մ էլ կամք չունեն:
2018-ի իշխանափոխությունից հետո Փաշինյանն ու թիմակիցները, իրար հերթ չտալով ու խանդավառված, խոսում էին զինվորին ելակ տալու մասին, այնինչ բանակին ու զինվորին նախեւառաջ հարուստ զինանոց, սպառազինություն ու կահավորված առաջնագիծ էր պետք: Փաշինյանի հերթական՝ զինվորի կարիքների բավարարման մասին ասքը խաբկանք է եղել սոսկ: Նա խաբեց բոլորին:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում