Ապրիլի 14-ին՝ ժամը 16:35-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել քաղաքացի Է. Մ.-ի կողմից բերված հանձնուքը: Արդյունքում նկատել են, որ հանձնուքում եղած թվով 5 կոնֆետների գործարանային փաթեթավորումը խախտված է, իսկ դրանցից երկուսի մեջ ակնհայտ երևում են կասկածելի զանգվածներ:
Շարունակելով ստացված օպերատիվ տվյալների իրացումը՝ նույն օրը ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի և Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնի ծառայողների կողմից զննության է ենթարկվել քաղաքացի Է. Մ.-ին հիմնարկ տեղափոխած ավտոմեքենան, որի արդյունքում հայտնաբերվել են պլաստմասե գլանակներ, կանաչավուն զանգվածով կաթոցիչ՝ պատերին առկա սևացած հետքերով, ինչպես նաև առանց հետնամասերի երկու էլեկտրական ապակյա լամպ՝ պատերին մուգ դարչնագույն հետքերով: Ըստ մայիսի 14-ին ստացված դատանյութագիտական փորձաքննության եզրակացության՝ պլաստմասե գլանակներից մեկի և լամպերի վրա առկա են եղել թմրանյութի հետքեր:
Փորձաքննության արդյունքում պարզվել է նաև, որ հանձնուքի կոնֆետներից երկուսում առկա են եղել խոշոր չափի՝ 0,189 քաշով, թմրանյութ:
Փաստի առթիվ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում հարուցվել է քրեական գործ: